ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԲՅՈՒՋԵԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽՆԴԻՐ ՈՒՆԻ
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտնվել է անելանելի իրավիճակում: Բանն այն է, որ նրա ղեկավարած կառավարությունը ոչ մի կերպ չի կարողանում պետական բյուջեն հավաքագրել: Մեր տեղեկություններով, այժմ Հ Աբրահամյանն ու կառավարության անդամները փորձում են բոլոր հնարավոր մեթոդները կիրառել` անհրաժեշտ հավաքագրումներն ապահովելու համար, սակայն ապարդյուն: Դրան զուգահեռ` իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի այդ խնդիրը չբարձրաձայնվի, քանի որ այդ դեպքում ստիպված են լինելու հայտարարել, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարությունը եւս ձախողվել է:
Թերեւս դա է պատճառը, որ արդեն երկու օր շարունակ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը վարկեր վերցնելու նախագծերով են հանդես գալիս: Նշենք, որ երեկ ԱԺ-ում քննարկվում էր ՀՀ եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ 2014-ի մայիսի 23-ին ստորագրված «Սոցիալական պաշտպանության վարչարարության 2-րդ ծրագրի» ֆինանսավորման համաձայնագիրը, ըստ որի՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը պատրաստվում է 13 միլիոնի վարկ վերցնել:
Երեկ այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի հետ:
-Պարոն Մինասյան, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նորաստեղծ կառավարությունը հարկերի հավաքագրման հարցում անհաջողության է մատնվել: Ինչո՞ւ չի հաջողվում «լցնել» պետական բյուջեն:
-Իսկ դուք ինչ եք հասկանում բյուջեն լցնելու հետ կապված հարցն ուղղելով, ի՞նչ խնդրի մասին է խոսքը:
-Այսինքն` ՀՀ կառավարությանը չի հաջողվում հավաքագրել հարկերն ու այն գումարները, որոնք ծախսվել են աշխատավարձերի բարձրացման եւ այլ հարցեր լուծելու համար, այդ չափով մուտքերը չի հաջողվում ապահովել, այդ մասը «բաց» է մնում:
-Ուրեմն Ձեզ ասեմ, որ մենք ունենք առաջին կիսամյակի հաշվետվությունը ու առաջին կիսամյակի համաձայն՝ հարկային պարտավորությունները 100 տոկոսով, ծրագրի համաձայն, կատարվել են:
-Կարելի է ասել, որ այդ առումով որեւէ խնդիր չկա՞:
-Ես արդեն պատասխանեցի:
-Եթե որեւէ խնդիր չկա, այդ դեպքում ինչո՞ւ են ՀՀ իշխանություններն անընդմեջ վարկեր վերցնում տարբեր նախագծերի անվան տակ:
-Անհասկանալի բան եք ասում, իսկ ո՞վ վարկ չի վերցնում:
-Վարկ վերցնում են, բայց ոչ այդքան հաճախ, որքան դա անում են ՀՀ իշխանությունները:
-Մենք իսկապես վերցնում ենք, բայց մշտապես եւ ճիշտ ժամանակին մարում ենք մեր վարկերը:
-Ընդդիմությունն իշխանություններին մեղադրում է, որ Դուք չեք անհանգստանում, թե հետագայում ինչպես են մարվելու այդ վարկերը: Ինչո՞ւ չեք անհանգստանում:
-Այդ ամենը նշված է լինում համաձայնագրի մեջ ու, սովորաբար, մենք արտոնյալ վարկեր ենք վերցնում, լինում է 20 տարվա ժամանակահատված ու մենք քիչ-քիչ մարում ենք այդ վարկերը: Լինում են նաեւ արտոնյալ ժամկետներ, լինում են սահմանված տոկոսադրույքներ ու մենք վարկերն այդ չափանիշներին համապատասխան մարում ենք: Կարծում եմ՝ այդտեղ որեւէ խնդիր չկա:
-Այսինքն, Դուք ճի՞շտ եք համարում վարկերի միջոցով երկիր «պահելու» գաղափարը:
-Դուք երբ նման հարց եք տալիս, ինձ անակնկալի եք բերում: Դուք պետք է մեր վարկերը ինչ-որ բանի հետ համեմատեք, որպեսզի նման բան ասեք: Դուք պետք է հասկանաք այդ վարկերը շատ են, թե քիչ:
-Իսկ մի՞թե Հայաստանի նման տնտեսություն ունեցող երկրի համար շատ չեն:
-Վարկերը չափելու ձեւ ունեն, ըստ դրա՝ միջազգային կառույցներն էլ որոշում են այս երկիրը վարկային ծավալի տեսակետից ռիսկային է, թե ոչ: Ու այդ չափորոշիչը հիմնականում ՀՆԱ-ի հետ հարաբերությունն է: Այդ տեսակետից մենք ունենք օրենսդրություն ու այդ օրենսդրության համաձայն 50 տոկոսից ավելն արդեն դառնում է ռիսկային՝ մերը 37 տոկոս է, 6 տարվա ընթացքում այս հարաբերակցությունը նվազել է: Մեզ մոտ ՀՆԱ-ն ավելի արագ է աճում, քան մեր վարկերը: Ուստի խնդրում եմ այդ համեմատության համատեքստում դրանք տեսեք:
«ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԹԱՇԿԻՆԱԿ ՉԷ»
ԱԺ պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ ՀՀ-ում տիրող այսօրվա իրավիճակի «մեղավորը» ՀՀ Սահմանադրությունը չէ, ուստի այն փոխելու կարիք չկա:
-Պարոն Քոքոբելյան, տեղեկություններ կան, որ Դուք ՀՅԴ-ից հետո երկրորդ ոչ իշխանական քաղաքական ուժն եք, որը համաձայն է Սահմանադրական բարեփոխումներին: Ըստ Ձեզ, գործող Սահմանադրության ո՞ր կետերը փոփոխման կարիք ունեն:
-Նախ՝ առաջին անգամ եմ նման տեղեկություն լսում ձեզանից, ինչպես նաեւ մամուլում են նման տեղեկություններ հրապարակվում: Սահմանադրականության փոփոխությունների հետ կապված մոտեցումները կամայականությունների արդյունքում չեն կարող ձեւավորվել, դրանք իրավաբանական եւ մասնագիտական շատ խորը վերլուծությունների կարիք ունեն: ՀՀ-ում շատ խնդիրներ կան, որ լուծումներ չունեն, բայց դրանց պատճառը Սահմանադրությունը չէ: Այն, որ այսօր ՀՀ-ում օրենքը գերակա չէ, որ մարդու իրավունքը, մրցակցային պայմանները ապահովված չեն, դրա պատճառը հաստատ Սահմանադրությունը չէ: Սահմանադրության նախորդ փոփոխություններին եւս մենք դեմ ենք եղել, դրանք տեղի ունեցան նախորդ իշխանությունների օրոք, որոնց ես այսօրվա իշխանությունների շարունակությունն եմ համարում: Նշեմ նաեւ, որ մենք խոսում ենք մի բանից, որից տեղյակ չենք:
-Չե՞ք հետեւել, թե այս ամիսների ընթացքում ինչ էր քննարկվում ու ՀՀ իշխանությունները ինչն են ցանկանում փոխել ՀՀ Սահմանադրությունում:
-Տեղյակ եմ այնքանով, որքանով որ մամուլում եղել է, եթե խոսքը գնում է միայն կառավարման ձեւի փոփոխության մասին, դա քիչ է, բավարար չէ: Ու դա չի նշանակում, որ այսօր ՀՀ-ի միակ խնդիրը Սահմանադրության փոփոխությունն է: Այո, ես գտնում եմ, որ մեր Սահմանադրությունում կան լուրջ բացթողումներ: Մասնավորապես ես կնշեի մի կետ, որ մենք կառաջարկենք ընդգրկված լինի. որեւիցե նախագահ, որեւիցե առաջին դեմք երկու անգամ ընտրվելուց հետո իրավունք չունենա առաջադրվել: Ես նորից եմ կրկնում՝ մեր խնդիրների լուծումները չեն գտնվում ՀՀ Սահմանադրության փոփոխությունների մեջ, ՀՀ խնդիրները գտնվում են կոռումպացված իշխանության մեջ:
-Մեր տեղեկություններով՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն այսօր նիստ է հրավիրելու Սահմանադրական բարեփոխումների հարցում Ձեր դիրքորոշումը հստակեցնելու համար:
-Այո, նիստի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, քննարկվելու է նաեւ Սահմանադրական փոփոխությունների հարցը: Մեզ համար ընդունելի չէ, որ հասարակության համար անծանոթ փաստաթղթի շուրջ են քննարկումներ ընթանում: Մեկը ես չգիտեմ ու համոզված եմ, որ հանրության շրջանակներում էլ չգիտեն, թե ինչ քաղաքական խնդիր է լուծվում այդ փաստաթղթով: Սահմանադրությունը թաշկինակ չէ, որ հերթով ամեն եկող իշխանություն վերցնի փոխի: Սահմանադրական բարեփոխումները բառացիորեն պետք է լինեն բարեփոխումներ:
Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ԼՈՒՐԵՐ
ՀԱՄԱԼԻՐԻ ԽՐԱԽՃԱՆՔԸ
Երեկ «Ժողովուրդ»-ի թղթակիցը նկատել է, որ Ազգային ժողովի պատգամավորներին ծրարներ են բաժանվում: Բայց ո՛չ, մի շտապեք եզրակացնել, թե հերթական էլիտար հարսանիքի հրավեր էր: Այս անգամ պետական հրավեր էր՝ ՀՀ անկախության տոնի առթիվ: Պարզվում է՝ սեպտեմբերի 21-ին կայանալիք պաշտոնական միջոցառումը լինելու է Մուրադյան եղբայրներից խլված Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Բնականաբար, միջոցառմանը ներկա է լինելու նաեւ Սերժ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ համալիրը 7 անգամ աճուրդի հանվեց, իսկ օգոստոսի 21-ին ՀՀ կառավարության որոշմամբ, պարտքի դիմաց տրվեց ՀՀ պաշտպանության նախարարությանը:
ՎԵՐԱԴԱՐՁՐԵԼ ԵՆ
Երեկ Լեռնային Ղարաբաղի իշխանություններն ադրբեջանական կողմին են հանձնել սեպտեմբերի 5-ին Ղարաբաղի սահմանը Մարտակերտի շրջանում ինքնուրույն հատած եւ ԼՂ համապատասխան ծառայությունների կողմից ձերբակալված 15-ամյա Ջավիդ Սամիր օղլու Մուզաֆարզադեին:
ԾԵԾԿՌՏՈՒՔ ԳԵՏՆԱՆՑՈՒՄՈՒՄ
Երեկ լուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել Մաշտոցի պողոտայի եւ Գրիգոր Լուսավորիչ խաչմերուկի գետնանցումի մոտ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երեկոյան ուշ ժամին երկու տղամարդ՝ Ավետիք եւ Գրիգոր անուններով, լուրջ վիճաբանել են, իսկ ավելի ուշ սկսել են դաժանաբար ծեծել միմյանց: Նշված տարածքով անցնող մարդիկ ոչ մի կերպ չեն կարողացել կարգի հրավիրել տղամարդկանց: Ավելի ուշ, մեզ հայտնի դարձավ, որ դաժանաբար ծեծի ենթարկվածը 48-ամյա Ավետիքն է, ով այժմ բազմաթիվ կոտրվածքներով գտնվում է թիվ երկու բուժմիավորումում: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից էլ հայտնեցին, որ Գրիգորը բերման է ենթարկվել ոստիկանություն:
ՀԱՆԴԻՊԵԼ Է
Մոտ օրերս հուսահատված մի խումբ կոնդեցիներ ՀՀ նախագահի առանձնատան դիմաց հանդիպեցին Սերժ Սարգսյանի հետ, ով մարդկանց ուղարկեց քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի մոտ՝ խնդիրը լսելու եւ կարգավորելու համար:
Երեկ «Ժողովուրդ»-ը քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանից հետաքրքրվեց հանդիպե՞լ է նա կոնդեցիների հետ, թե՞ ոչ. «Ես հանդիպել եմ նրանց հետ եւ մեկ շաբաթ անց նորից պետք է հանդիպեմ: Բայց այս ուղղությամբ հիմա հստակ աշխատանքներ են տարվում: Մենք չենք կարող բնակիչներին այդ վիճակում թողնել: Անպայման պետք է այս խնդիրը լուծել: Ուղղակի ինձ ժամանակ է պետք այդ խնդիրների մեջ խորանալ, ուսումնասիրել եւ այն քննարկել վարչապետի հետ: Պետք է հասկանանք, թե ինչպես եւ ինչ ժամկետներում կարող ենք այս հարցը կարգավորել»: