ՊԱՏԻԺՆԵՐ, ՈՐՈՆՑԻՑ ԽՈՒՍԱՓԵԼ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԻ ԼԻՆԻ
Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության նկատմամբ այսօրվանից կսկսեն կիրառվել նոր եվրապատժամիջոցները: Բնականաբար, դրանք իրենց ազդեցությունը կունենան նաեւ Հայաստանի վրա, որի առաջին «ծաղիկներն» արդեն երեկ երեւացին:
Տեղեկացնենք, որ Եվրամիության պաշտոնյաները երեկ «Ազատություն» ռադիոկայանին հայտնել են, թե ուկրաինական զարգացումներում դերակատարության համար Ռուսաստանի նկատմամբ սահմանվող նոր պատժամիջոցներն այսօր ուժի մեջ կմտնեն: Ըստ այդմ, «Ռոսնեֆտ», «Տրանսնեֆտ» եւ «Գազպրոմնեֆտ» ընկերությունները կզրկվեն ֆինանսական աջակցությունից եւ վարկավորման արգելք կունենան: Մասնավորապես նրանց կարգելվի Եվրամիության անդամ երկրներից վարկեր վերցնել 30 օրից ավելի ժամկետով: Բացի այդ, Եվրամիությունում վարկեր ստանալը կարգելվի նաեւ «Ուրալվագոնզավոդին», «Օբոռոնպռոմին» եւ Միացյալ ավիաշինական կորպորացիային:
Նշենք, որ պատժամիջոցների փաթեթը համաձայնեցվել է սեպտեմբերի 5-ին Ուելսում՝ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներից դուրս գումարված հանդիպման ընթացքում եւ հաստատվել է Բրյուսելում` սեպտեմբերի 8-ին: Առայժմ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ են սահմանել ԱՄՆ-ը, Եվրամիությունը, Ճապոնիան, Կանադան, Ավստրալիան եւ Շվեյցարիան:
Այսպիսով, թվարկված երկրների եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ «սառը պատերազմ» է սկսվում, որից կարող են տուժել նրանց հետ համագործակցության որեւէ օղակում հայտնված երկրներից յուրաքանչյուրը: Բայց ուշագրավն այն է, որ բեւեռացման ու կոշտ ռասիզմի դրսեւորումներ են նկատվում նաեւ հումանիստական գաղափարները գերակա համարող եվրոպական երկրներում:
Օրինակ՝ երեկ համացանցում մի լուսանկար էր շրջանառվում, որտեղ երեւում էր Լեհաստանում գործող ռեստորաններից մեկի դռան վրա փակցված գրություն, թե «ռուսներին չենք սպասարկում»: Իհարկե, նման վերաբերմունք եղել է անհիշելի ժամանակներում, օրինակ՝ ԱՄՆ-ում՝ սեւամորթների նկատմամբ, բայց այնքան վաղուց, որ հասցրել էինք մոռանալ: Պարզվում է՝ ժամանակները հետ են վերադառնում:
Ու բնական է, որ պատժամիջոցներին Ռուսաստանի Դաշնությունն էլ իր հերթին պետք է պատասխանի կոշտ քայլերով: ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն ասել էր, թե նոր պատժամիջոցներին կհետեւի Մոսկվայի արձագանքը. Ռուսաստանի օդային տարածքը կփակվի արեւմտյան ավիաընկերությունների համար:
Բացի այդ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մի հրաման էր ստորագրել՝ համաձայն որի՝ «Ազգային շահերի պաշտպանության նպատակով» կարգելվի կամ կսահմանափակվի Ռուսաստան գյուղմթերքի, հումքի եւ պարենամթերքի առանձին տեսակների ներմուծումը պետություններից, որոնք տնտեսական պատժամիջոցներ են սահմանել ՌԴ իրավաբանական եւ (կամ) ֆիզիկական անձանց նկատմամբ կամ միացել են այդպիսի որոշմանը: Այս սահմանափակումները գործելու են մեկ տարվա ընթացքում: Թե կոնկրետ որ ապրանքների վրա է տարածվելու արգելքը, որոշելու է ՌԴ կառավարությունը:
Անկախության օրով
Երեկ հայտնի դարձավ, որ Վլադիմիր Պուտինի քմահաճույքների ու կալվածատիրական հակումների պատճառով գործի դրված պատժամիջոցներն ուղղակի վնասեցին մեր երկրի միակ հայկական ավիափոխադրող ընկերությանը: Կեսօրին տեղեկություն տարածվեց, որ Ռուսաստանը սեպտեմբերի 21-ից կդադարեցնի իր օդային տարածքում «Էյր Արմենիա» ավիաընկերության սպասարկումը պարտքերի պատճառով: Ասել է թե՝ Հայաստանի անկախության օրը մենք ստիպված կլինենք նշել «բաց երկնքի քաղաքականության» խոչընդոտների դրսեւորումներով:
Ըստ ռուսական կողմի՝ «Էյր Արմենիա» ավիաընկերության պարտքն ընդհանուր առմամբ կազմում է մոտ 1,1 միլիոն դոլար: «Թեեւ «Էյր Արմենիա»-ին տրվել էր բոլոր հնարավորությունները առկա պարտքերը մարելու համար, սակայն ավիաընկերության ղեկավարությունը միջոցներ չի ձեռնարկել, որպեսզի նվազեցնի պարտքերը»,-հայտնել են ռուսները՝ վստահեցնելով, որ սպասարկումը կվերականգնվի, երբ ավիաընկերությունն ամբողջությամբ կմարի պարտքերը եւ կերաշխավորի, որ մարելու է ընթացիկ պարտքերը:
Իհարկե, առաջին տպավորությամբ, «Էյր Արմենիա»-ն իրեն պահել է «Արմավիա» ընկերության պես անպատասխանատու եւ անհարմարություն պատճառել ինչպես գործընկերներին, այնպես էլ ընկերության ծառայությունից օգտվող քաղաքացիներին, սակայն ավելի ուշ պարզվեց, որ եվրոպական պատժամիջոցները մեզ էլ հասան: «Էյր Արմենիա» ընկերությունը պարզաբանում տարածեց. «Մեր կողմից իրականացված վճարումները չեն հասել հասցեատիրոջը, քանի որ Եվրոպայի եւ ԱՄՆ-ի կողմից կիրառվել են պատժամիջոցներ «ՍՆՊ» ռուսական բանկի նկատմամբ, որտեղ եւ գտնվում են «Օդային երթեւեկության կառավարման պետական կորպորացիա պետական վարչական ունիտար կազմակերպության» հաշիվները: Տվյալ տեխնիկական խնդիրները քննարկելուց հետո եկել ենք համաձայնության, որ գումարները փոխանցվեն այլ արժույթով՝ ռուբլիով: Իրականացվել են 200 հազար դոլարին համարժեք փոխանցումներ ռուբլիով, որոնք հասել են հասցեատիրոջը: Սակայն հերթական 108 հազար դոլարին համարժեք ռուբլու փոխանցման ժամանակ «Ամերիա» բանկը գրավոր տեղեկացրեց մեզ, որ վերոհիշյալ սանկցիաների պատճառով տվյալ փոխանցումը հնարավոր չէ իրականացնել: Որից հետո «Էյր Արմենիա» ընկերությունը Մոսկվայի ներկայացուցչության վարած բանակցությունների արդյունքում եկավ պայմանավորվածության, որ կազմակերպությունը մինչեւ սեպտեմբերի 21-ը կներկայացնի այլ բանկային տվյալներ ( բանկ, որը չի գտնվում պատժամիջոցների ազդեցության տակ) փոխանցումները իրականացնելու համար: Համապատասխան նոր հաշիվներ ստանալուց հետո բոլոր գումարները ժամանակին կվճարվեն : «Էյր Արմենիա»-ն տեղեկացնում է բոլոր ուղեւորներին, որ ավիաընկերությունը իրականացնում եւ իրականացնելու է իր չվերթերը՝ ըստ չվացուցակի»:
Մնում է սպասել, թե ինչ ազդեցություն կթողնի Հայաստանի վրա եվրապատժամիջոցների նոր փուլը:
ԱԼԲԵՐՏ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
ՆԻՍՏ ԿԱՆԵՆ
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այսօր խորհրդարանի ոչ իշխանական ուժերը կրկին նիստ են հրավիրել: Այս անգամ «հրաշալի քառյակ»-ը հանդիպելու է ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունում: Նրանք մտադիր են, ի վերջո, հստակեցնել, թե երբ պետք է հանրահավաք անել: Բանն այն է, որ Քառյակում չեն կարողանում հանրահավաքի կոնկրետ օր նշանակել այն պատճառով, որ ամեն մեկն իր համար ցանկալի օր է նշում՝ չհարմարվելով մյուսի առաջարկի հետ: Այժմ քննարկվում է երկու օր. հոկտեմբերի 17-ին, կամ էլ՝ 20-ին: Թե կոնկրետ ինչ կորոշեն, պարզ կդառնա այսօրվա նիստի ժամանակ:
ՕԵԿ-Ի ԱՐՏԱՀԵՐԹԸ
Երեկ ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամները ոտք ու ձեռք ընկած փորձում էին ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու համար ստորագրություններ հավաքել պատգամավորներից: ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց, որ արտահերթ նիստն առաջարկվում է գումարել սեպտեմբերի 29-ին՝ 18:00-ին՝ Ագզային ժողովի նիստի օրը, քանի որ անհրաժեշտ է երկրորդ ընթերցմամբ դատական ակտերի հարկադիր կատարման մասին օրենքում լրացուցիչ փոփոխություններ մտցնելու օրինագծը հնարավորինս արագ քվեարկել: Սակայն մինչեւ օրվա վերջ այդպես էլ անհայտ մնաց, թե քանի պատգամավոր է միացել ՕԵԿ առաջարկին:
ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ՎԻՐԱՎՈՐԵԼ ԵՆ
Երեկ «Ժողովուրդ»-ի խմբագրություն զանգահարեց Աշոտ Սահակյան անունով մի քաղաքացի եւ վրդովված պատմեց, որ Գյումրիի գարեջրի գործարանի աշխատակիցներից մեկն իրեն խիստ վիրավորել է: «Մի քանի օր առաջ հյուրեր ունեի եւ որոշեցի իրենց տանել Գյումրիի «Պոլոզ Մուկուչ» ռեստորան: Հյուրերին տեղավորելուց հետո ռեստորանից դուրս եկա, որպեսզի մեքենաս էլ կայանեմ: Ինձ մոտեցավ մի երիտասարդ եւ շատ կոպիտ ու հրամայական տոնով ասաց, թե ՝ էստեղից գնա էն կողմ: Ես էլ ասեցի՝ տղա ջան, նշան չկա, գիծ նույնպես, չեմ գնալու: Նա էլ թե՝ զոռով ավտոն կհանենք, չգիտե՞ս, թե սա ում տարածքն ա: Ասեցի՝ ինձ բացարձակ չի հետաքրքրում, սա քաղաքացիների փողոցն է: Հետո էլ վրաս մուննաթ եկավ՝ ասելով, թե մեզ հրահանգավորված է, որ այստեղից մեքենան հանենք: Ես էլ ասեցի՝ հարյուր տարի մնա իմ մեքենան չեմ հանելու: Պարզվեց, որ «Գյումրի» գարեջրի գործարանի շշալցման տեղն է, որն էլ պատկանում է քաղաքապետ Սամվել Բալասանյանին»,-զայրացած պատմեց քաղաքացին:
Ու քանի որ նա համառորեն չի կատարել Բալասանյանի «նազիր-վեզիրների» հրահանգը, ստիպված է եղել «գործին խառնվել» ռեստորանի տնօրենը՝ առաջարկելով քաղաքացուն մեքենան կայանել իր ավտոտնակում:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
800 ՄԼՆ-Ը ՉՕԳՆԵՑ, 15 ՄԼՆ-Ը ԿՕԳՆԻ՞
Երեկ ԱԺ-ում «Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը գլխավոր զեկուցող, կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանից հետաքրքրվել է, թե ինչու «Դվին» հյուրանոցի վերականգնման համար ներդրված 800 միլիոն դոլարը ոչ մի արդյունք չի տվել եւ հյուրանոցը չի վերականգնվել: Սահակյանն ասել է, որ այդ գումարը ներդրվել է 2013 թվականին. «Հիմա նոր պայմանագիր ունենք, որով պետք է 15 միլիոն դրամ հատկացվի հյուրանոցի վերականգնման համար, եւ արդեն պարզորոշ է, որ 2015-2016 թվականներին հյուրանոցը կվերականգնվի»,- հավաստիացրել է Սահակյանը, այդուհանդերձ ընդգծելով, որ եթե այդ գումարի ներդրման դեպքում էլ հյուրանոցը չվերականգնվի, ապա, լիկվիդացիոն գները հաշվի առնելով, այն կվաճառվի նոր բաժնետիրոջ. «Ես հուսով եմ, որ 2016 թվականին կունենանք վերականգնված հյուրանոց»,- եզրափակել է նա:
ԹՈՔՄԱՋՅԱՆԸ ՉԻ՞ ԳՐԵԼ
Սեպտեմբերի 10-ին Հատկապես կարեւոր գործերի քննության վարչությունում հարուցվել է քրեական գործ` «www.facebook.com» սոցիալական ցանցի՝ ՀՊՃՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանին պատկանող անձնական էջին ապօրինի տիրանալու դեպքի առթիվ: 2014 թվականի սեպտեմբերի 05-ին ՀՊՃՀ Տեղեկատվական եւ Հաղորդակցման տեխնոլոգիաների վարչության պետ Վլադիմիր Խոեցյանը ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը, անհայտ անձը, անհայտ եղանակով տիրացել է «www.facebook.com» սոցիալական կայքի՝ ՀՊՃՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանին պատկանող անձնական էջին եւ նշված էջում որպես ընկերներ գրանցված օգտատերերին տարածել վերջինիս վերաբերյալ վարկաբեկիչ տեղեկություններ: Նախապատրաստված նյութերը սեպտեմբերի 10-ին ստացվել են Հատկապես կարեւոր գործերի քննության վարչությունում եւ նույն օրը հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասով, կատարվում է նախաքննություն:
ՕՐԵՆՔԸ ՇՏԿԵՑԻՆ
Երեկ Աժ-ն ընդունել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որով նախատեսվում է կարգավորել պարտապանի եւ վարկային կազմակերպությունների իրավահարաբերությունները: Նախագծին կողմ է քվեարկել 114 հոգի, դեմ` 0: Օրինագծի հեղինակների առաջարկով՝ նախագծով սահմանվում է, որ բանկը կամ վարկային այլ կազմակերպություն պարտապանի ունեցվածքի վրա արգելանք կարող է սահմանել միայն նրա պարտքի չափով: Ներկայում պարտապանի պարտքի դիմաց արգելանք է դրվում նրա ողջ ունեցվածքի վրա, ինչն օրենքի խախտում է եւ առաջացնում է քաղաքացիների դժգոհությունը: