ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՈՎ ՊԻՏԻ ՇԱՀԵՐ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԴԵՊՔՈՒՄ

ԱՄՆ գաղտնի դիվանագիտական արխիվի՝ «Վիկիլիքս»-ի կողմից հանրայնացված հերթական նմուշը հեղինակել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը: Դիվանագետի այս զեկուցագիրը թվագրվում է 2008թ. փետրվարի 19-ով, որի շրջանակներում հեղինակը քննարկում է Սերժ Սարգսյանի հաղթանակում շահագրգռված ներհայաստանյան շրջանակներին: Փենինգտոնը ներկայացնում է այն հասարակական խավերին, որոնք, իր կարծիքով, կանգնելու են Սերժ Սարգսյանի կողքին եւ նրա պարտության պարագայում կարող են մեծ կորուստներ ունենալ: Ամերիկացու համոզմամբ՝ Սարգսյանի հաղթանակն առաջին հերթին ձեռնտու է լինելու տեղական օլիգարխներին ու մոնոպոլիստներին, որոնք ձգտելու են պահպանել սեփական արտոնություններն ու տարբեր ոլորտներում ունեցած ազդեցությունները:

Այսպես. ամերիկացի դիվանագետը նախ եւ առաջ նկատում է, որ Սերժ Սարգսյանի նախագահության հասնելու հարցում մեծապես հետաքրքրված է օլիգարխիան ու տնտեսական վերնախավը: Վերջինիս մեջ դիվանագետը տեղավորում է խոշոր գործարարներին, նրանց ընտանիքներին, ընկերներին, մտերիմներին ու ծառայողներին: Դիվանագետի համոզմամբ՝ այս խավը ձգտում է երաշխավորել իր հավերժական արտոնությունները հասարակության մեջ: Նա արձանագրում է, որ այս մարդկանցից շատերն անգամ քաղաքական հետաքրքրություններ ունեն ու միմյանց հետ են կապված հարազատական բազմաթիվ կապերով: Հեղինակի կարծիքով՝ այս մարդիկ են լինելու առաջին կորցնողները, եթե հանկարծ Սերժ Սարգսյանը պարտվի նախագահական ընտրություններում: Դիվանագետը վստահ է, որ այս շերտի համար ռեժիմի իշխանավարության շարունակականությունը սեփական նեղ անձնական շահերի պահպանման միակ երաշխիքն է: Նա նաեւ շեշտում է, որ Սարգսյանի հաղթանակը նրանց է՛լ ավելի մեծ հնարավորություններ կընձեռի սեփական դիրքերն ամրապնդելու, դրանք պաշտպանելու ու հարստությունը ընդարձակելու հարցերում: Անշուշտ, այստեղ մենք տեսանք քաղաքագիտության կանոններից հերթականի գործարկումը, երբ իշխանությունը ձեւավորվեց փոքրամասնության կողմից՝ արհամարհելով մեծամասնության կարծիքը, ինչի տրամաբանական հետեւանքը եղավ այն, որ հասարակության մեջ շերտային բաժանումն է՛լ ավելի խորացավ: Օրինաչափ միտումների արդյունքում՝ հարուստ խավն է՛լ ավելի հարստացավ՝ ընդլայնելով գործունեության տիրույթը, մինչդեռ միջին ու աղքատ խավերը մտան շարունակական անկման հոսանքի մեջ՝ հաճախ արտագաղթի մեջ տեսնելով սեփական ապագան: Հիրավիր, խոշոր մոնոպոլիստների ու բացառապես սեփական հարստության մասին մտածող մարդկանց միջոցով, որոնց անգամ Սերժ Սարգսյանի փեսան էր մասնավոր զրույցներում անվանում «թալանչի բարոններ», իշխանությանը տիրացած Սարգսյանը պետք է որ այսօր էլ չմտահոգվի արտագաղթով:
Ինչեւէ, Փենինգտոնը, շարունակելով օլիգարխների թեման, նկատում է, որ նրանցից ոմանք հույս ունեն, թե Տեր-Պետրոսյանի հաղթանակի դեպքում նրա հետ բանակցությունների արդյունքում կկարողանան պահպանել սեփական արտոնությունները, մինչդեռ այս խավի մեծամասնությունը բավականին խորը հակասությունների մեջ է առաջին նախագահի շրջապատի հետ: Անդրադառնալով գործարարության մանր ու միջին շերտերին՝ Փենինգտոնը կարծում է, որ նրանք եւս քվեարկելու են Սերժ Սրագսյանի օգտին՝ մտածելով, որ նա կերաշխավորի իրենց բիզնեսի՝ վերջին տարիների զարգացման տեմպերը: Ըստ դիվանագետի՝ այս խավը առաջինն է բախվում կաշառակերության ու մեքենայությունների դժվարություններին, թեպետ «օրվա վերջում շահած է դուրս գալիս Քոչարյան-Սարգսյան դարաշրջանում»: Հեղինակը նկատում է, որ քաղաքական վերնախավի հնարավոր փոփոխությունը կարող է առաջ բերել անորոշություն ու ռիսկ իրենց փոքր ու հաստատուն բիզնեսին: Հավելենք, որ Փենինգտոնի կարծիքն այնքան էլ հեռու չէ իրականությունից, քանզի նշյալ ժամանակափուլում եղան մանր ու միջին գործարարությամբ զբաղվող բազում քաղաքացիներ, ովքեր աջակցեցին Սերժ Սարգսյանին, անգամ չխորշեցին կեղծիքների իրականացմանը մասնակից դառնալուց, սակայն արդեն «իրենց նախագահի» կառավարման ժամանակաշրջանում փակեցին սեփական բիզնեսն ու փութալով լքեցին Հայաստանը:
ԱՄՆ գործերի նախկին ժամանակավոր հավատարմատարն արձանագրում է, որ Սերժ Սարգսյանը, որպես կառավարության ու իշխող քաղաքական ուժի ղեկավար, օգտագործելու է վարչական ռեսուրսն իր հաղթանակի համար: Հեղինակն այս հանգամանքը լիովին իրական է համարում՝ հաշվի առնելով այն փաստը, որ Սարգսյանի շտաբը ղեկավարում է տվյալ ժամանակահատվածում ՀՀ Տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը, ով ուժեղ վերահսկողություն ունի մարզային ու տեղական իշխանությունների վրա: Դիվանագետը հավելում է, որ պետական բազմաթիվ ծառայողներ Սերժ Սարգսյանի կերպարում կտեսնեն իրենց աշխատանքը պահպանելու, կարիերայի առաջընթաց ունենալու հնարավորության երաշխավորի ու կքվեարկեն նրա օգտին: Փենինգտոնը կարծում է, որ 200 հազարի հասնող պետական ծառայողները կարող են մեծ ներդրում ունենալ Սարգսյանի հաղթանակի գործում:
Սերժ Սարգսյանի օգտին խոսող գործոնների շարքում Փենինգտոնը հիշատակում է նաեւ ՀՀ իրավապահ մարմիններին՝ ԱԱԾ, Ոստիկանություն, Զինված ուժեր: Հեղինակը վստահ է, որ հայկական 60.000-ոց ուժեղ բանակը կարող է Սերժ Սարգսյանի ձայների համար պարարտ հող հանդիսանալ: Ըստ դիվանագետի՝ ՀՀ պաշտպանության նախարար (այժմ արդեն նախկին- հեղ.) Միքայել Հարությունյանը Սերժ Սարգսյանի մտերիմն է, ով արդեն հայտարարել է Սարգսյանին աջակցելու մասին: Փենինգտոնի համոզմամբ՝ իրավապահ համակարգը կարող է մեծանշանակ լինել ոչ միայն քվեարկության ժամանակ, այլեւ հետընտրական իրադարձություններում: Հատկանշական է, որ քվեարկության օրը չկարողանալով վերջնականորեն արձանագրել հաղթանակը՝ Սարգսյանը հենց իրավապահների միջոցով կարգվեց նախագահ՝ ՀՀ Սահմանադրության խախտման գնով բանակը ներքաշելով ներքաղաքական հարաբերությունների մեջ:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

ԳՅՈՒՄՐԻՆ ԴԵՌ ԿՐԻՄԻՆԱԼ Է

2014 թվականի առաջին երկու եռամսյակի կտրվածքով Շիրակի մարզում գրանցվել է 492 հանցագործության դեպք, որից միայն 313-ը բաժին է ընկել Գյումրի քաղաքին: Բացահայտումների թիվը կազմել է 415: Եթե համեմատություն անցկացնենք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, ապա կտեսնենք, որ Գյումրիում սպանությունների եւ մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքերն ավելացել են:

Միայն այս տարվա առաջին կիսամյակում Գյումրիում սպանվել է 2, մարմնական վնասվածք ստացել՝ 14 մարդ: Գյումրեցիները դեռ հիշում են՝ ամիսներ առաջ իրենց քաղաքում երկու սիրիահայ տղաների դանակահարեցին, նրանք ծանր վիճակում հայտնվեցին հիվանդանոցում: Երբ փորձեցինք զրուցել նրանց հետ հասկացանք, որ մինչ օրս տղաները պատահածի հետ կապված բացատրություն չունեն: Նրանց խոսքով` իրենք Գյումրիում ոչ թշնամի, ոչ ծանոթ, ոչ էլ վիճաբանության առիթ չեն ունեցել:
Հաջորդ աղմկահարույց դեպքը, որից 1 ամիս էլ չի անցել, մանկավարժական ինստիտուտի ռեկտորի եղբոր՝ Հարություն Գրիգորյանի սպանությունն է: Նրա դին գտել էին Գետք համայնքից Երասխավորս տանող ճանապարհի մոտակա փոսերից մեկում: Դիակի վրա առկա էին հրազենային կրակոցներ: Հիշեցնենք, որ դեպքից օրեր անց ձերբակալվեց Շիրակի քրեական հետախուզության բաժնի պետ Արման Կատունյանը: «Ժողովուրդ»-ը Գյումրու ոստիկանությունից տեղեկացավ, որ գործն իրենց մոտից տեղափոխվել է եւ քննվում է Պաշտպանության նախարարության քննչական վարչությունում:
Դեպքերի նմանատիպ զարգացումներից հետո շատերը Գյումրին համարեցին վտանգավոր եւ կրիմինալ քաղաք: Իսկ ահա իրենք՝ գյումրեցիները, համամիտ չեն նման գնահատականի հետ: Մեզ հետ զրույցում նրանք նշեցին, որ, ի վերջո, նմանատիպ հանցագործություններ լինում են ե՛ւ Երեւանում, ե՛ւ Վանաձորում, ե՛ւ հանրապետության այլ քաղաքներում: Գյումրեցիների գնահատմամբ՝ Գյումրին եղել եւ մնում է արհեստների եւ արվեստների քաղաք:
Ի դեպ հիշեցնենք, որ հարուստ մշակութային նկարագրի շնորհիվ 2013թ. Գյումրին հռչակվեց ԱՊՀ մշակութային մայրաքաղաք:

ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 
ԼՈՒՐԵՐ

ՀՈՒՅՍ ՉՈՒՆԵՆ
Երեկ ՀՀ կառավարության շենքի առջեւ բողոքի ակցիա անցկացրեցին «Հաշմանդամ օդաչուների միություն» հկ-ի անդամները, ովքեր մշտապես հավաքվում են այնտեղ ոչ միայն հինգշաբթի, այլեւ չորեքշաբթի օրը: Նրանք հույս ունեն, որ մի օր կհանդիպեն ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին:
Երեկ «Ժողովուրդ»-ը օդաչուների հարազատներից տեղեկացավ, որ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նախորդ երկուշաբթի անձամբ հանդիպել է իրենց հետ եւ խոստացել ուսումնասիրել բարձրացված խնդիրը: Օդաչուների հարազատներից մեկը՝ Ջեմմա Հովհաննիսյանը, «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ Հարությունյանն իր խոսքի տերն է եղել. նա գնացել եւ ուսումնասիրել է Սեւանում գտնվող եւ օդաչուներին պատկանող հողատարածքները, որոնք այսօր աճուրդի են հանված: Իսկ ահա նախօրեին, երբ հերթական անգամ օդաչուներն իրենց բողոքի ակցիան են անցկացրել Կառավարության շենքի առջեւ, նրանց է մոտեցել ՀՀ կառավարության աշխատակազմի քաղաքացիների ընդունելության դիմում-բողոքների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը եւ հայտարարել, որ վարչապետը տասնօրյա ժամկետում կընդունի իրենց: Թեեւ տասնօրյա ժամկետը չի լրացել, սակայն օդաչուները հույս չունեն, որ վարչապետն իրենց կընդունի:

 

ԻՆՖԵԿՑԻԱ ՋՐԻ՞Ց
Քաջարանում աղիքային ինֆեկցիոն հիվանդության պատճառով հոսպիտալացված քաղաքացիներից մի քանիսն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ Սյունիքի մարզպետարանի առողջության բաժնի պետ Նունե Գեւորգյանից. «Իսկ մյուսների առողջական վիճակը լավանում է»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Քաջարանում աղիքային ինֆեկցիոն հիվանդության պատճառով 14 քաղաքացի հոսպիտալացվել էր: Նրանց թվում կային նաեւ դպրոցահասակ երեխաներ: «Ժողովուրդ»-ը ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքէջից տեղեկացավ, որ Քաջարանի ստացիոնար նմուշառման կետերից մանրէաբանական հետազոտության համար կատարվել է խմելու ջրի 12 նմուշառում եւ առաջնային ցանցում մնացորդային քլորի որոշում: Հետազոտության պահին ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել, սակայն դեպքերի՝ քաղաքում տարածվածությունը, տարբեր տարիքային խմբերում եւ միաժամանակյա ի հայտ գալը, նախանշում են, որ հիվանդությունների առաջացման հավանական գործոն կարող են հանդիսանալ միամոմենտ աղտոտված խմելու ջուրը կամ սննդային գործոնը: Հետազոտությունները եւ հակահամաճարակային ու կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 




Լրահոս