ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Երեկ խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երեւանում: Ալեք Մանուկյան եւ Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում բախվել են Երեւան քաղաքի Աճառյան 12 շենքի բնակիչ, 27-ամյա Սարգիս Վելիցյանի վարած Nissan մակնիշի 34 VT 440 համարանիշի, Երեւան քաղաքի Սարյան փողոցի բնակիչ, 19-ամյա Սամվել Դումանյանի վարած Toyota մակնիշի 01 TD 010 համարանիշի եւ Երեւան քաղաքի Տիգրան Մեծի 1-ին նրբանցքի բնակիչ, 25-ամյա Հայկ Դանիելյանի վարած Lexus մակնիշի 87 ZZ 888 համարանիշի ավտոմեքենաները: Նրանք վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

 
ՀԱՐՑ. Այս տարի ՀՀ պետական բուհեր ընդունված ուսանողները զեղչային ինչպիսի՞ համակարգից կարող են օգտվել:

Մանե Կիրակոսյան (20 տարեկան, ուսանողուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ընդգծելով, որ կառավարության ծրագրով այս տարի նախատեսվում է աջակցել մինչեւ 1500 սոցիալապես անապահով ուսանողների՝ նախարարը հայտարարել է, որ բարձրագույն ուսումնական հաստատությունները մինչեւ սույն թվականի սեպտեմբերի 17-ը ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն պետք է ներկայացնեն պետության կողմից ուսանողական նպաստի ձեւով ուսման վճարի մասնակի փոխհատուցման նպատակով՝ ուսանողի միջին որակական գնահատականի նվազագույն շեմը հաղթահարած եւ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ուսանողների անվանացանկը:
Բացի այդ, համաձայն բարձրագույն եւ հետբուհական կրթության մասին օրենքում կատարված փոփոխության՝ այս ուսումնական տարվանից սկսած բարձրագույն ուսումնական հաստատությունները պարտավոր են ուսանողներից հավաքագրված վարձավճարների առնվազն 7 տոկոսը, իբրեւ սոցիալական աջակցություն վերադարձնել ուսանողներին՝ հատկացնելով համապատասխան ծավալի ուսման վարձի զեղչեր: Օրենքով նախատեսված է նաեւ, թե որ կարագավիճակում գտնվող ուսանողները կարող են ներգրավվել ուսման վարձի զեղչային համակարգում: Նախարար Ա. Աշոտյանը, դիմելով ռեկտորներին, կոչ է արել բուհական բյուջեները պլանավորելիս՝ օրենքի այս պահանջը անպայման նկատի ունենալ եւ ապահովել պետության կրթական քաղաքականության իրագործումը: Նախարարը ռեկտորների ուշադրությունը հրավիրել է նաեւ 2015 թվականին Երեւանում կայանալիք Բոլոնիայի նախարարական գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին՝ կոչ անելով բուհերին ակտիվություն ցուցաբերել:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ բուհերի հեռակա ուսուցման ծրագրերին առնչվող հարցեր:

Կրթության եւ գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մի կողմից՝ ԿԳՆ-ն որոշում է կայացնում հավաքագրված վարձավճարների 7 տոկոսը վերադարձնել ուսանողներին, մյուս կողմից՝ կրկնակի անգամ թանկացնում ուսման վարձերը: Այս դեպքում ի՞նչ զեղչային համակարգի մասին կարող է խոսք գնալ: Իսկապես՝ փոքր-ինչ խճճված մոտեցում է, որից դժվար է գլուխ հանել:

 

 

ՀԱՐՑ. 74 տարեկան եմ: Ստանում եմ 71.000 դրամ կենսաթոշակ: Մի քանի բանկերի դիմել եմ` 35.000 դոլար արժողությամբ տունս գրավ դնելու պայմանով` ընդամենը 5000 դոլար վարկ վերցնելու համար: Բոլոր բանկերում ինչ-որ պատճառներով ինձ մերժեցին: Զավակներս պարբերաբար արտասահմանից գումար են ուղարկում (անհրաժեշտության դեպքում կարող եմ կտրոնները ներկայացնել բանկին): Խնդրում եմ նշեք, որքանո՞վ է օրինական ինձ մերժելը, եւ ինչպե՞ս կարող եմ լուծել այս խնդիրը:

Սիմոնյան Ռուդոլֆ (74 տարեկան, թոշակառու)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ի պատասխան Ձեր հարցման՝ տեղեկացնում ենք, որ վարկային պայմանագիրը չի հանդիսանում հրապարակային պայմանագիր, հետեւաբար վարկատուն (բանկ, վարկային կազմակերպություն, գրավատուն) ինքն է ազատորեն որոշում՝ ում հետ կնքել վարկային պայմանագիր, ում հետ՝ ոչ: Այսինքն՝ վարկատուն, գնահատելով Ձեր վարկունակությունը՝ վարկը մարելու ունակությունը, ինքն է որոշում Ձեզ հետ կնքել վարկային պայմանագիր, թե՝ ոչ:

Ֆինանսական հաշտարարի գրասենյակ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փաստորեն, ամեն մի վարկային կազմակերպություն իր ներքին կանոնակարգով է որոշում տրամադրել տվյալ անձին վարկ, թե՝ ոչ: Իսկ թե ումի՞ց կամ ինչպե՞ս կարող են վարկ վերցնել նման իրավիճակներում հայտնված անձինք, որեւէ կերպ սահմանված չէ:

 




Լրահոս