«Վիկիլիքս»-ի կողմից բացահայտված ԱՄՆ ներքին համակարգության հերթական փաստաթուղթը հեղինակել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը: Վերջինիս զեկուցագիրը գրվել է 2008թ. փետրվարի 19-ին՝ ՀՀ նախագահի ընտրության առթիվ: Հեղինակը Պետդեպին է ներկայացնում Հայաստանում տիրող դրությունը՝ մասնավորապես նշելով Սերժ Սարգսյանի հանդեպ հասարակության ունեցած վերաբերմունքը: Փենինգտոնի զեկուցագիրը գլխավորապես միտված է ԱՄՆ պաշտոնյաներին Սերժ Սարգսյանի հնարավոր դժվարությունները մատնանշելուն: Հեղինակը պատմում է, թե ինչ կարծիք ունեն հասարակական տարբեր խավերը Սարգսյանի մասին՝ ուրվագծելով վերջինիս աքիլլեսյան գարշապարը :
Փենինգտոնը նախ եւ առաջ հարկ է համարում ընդգծել, որ Սերժ Սարգսյանին օգնող առաջին հանգամանքը ընդդիմության մասնատված լինելն է: Ըստ հեղինակի՝ տարաձայնություններով լի հայկական քաղաքական ներկապնակը լի է հին գժտություններով, խոշոր ամբիցիաներով ու սուր մրցակցությամբ: Ամերիկացու տպավորությամբ՝ քաղաքացիները անլրջությամբ են վերաբերվում իրենց առաջնորդներին, քանի որ նրանց միավորվելու անկարողությունը, շարունակական վեճերն ու սեփական հավակնությունները Հայաստանի ազգային շահերից վեր դասելը դարձել են սովորական պրակտիկա: Դիվանագետը նաեւ փաստում է, որ հասարակության զգալի հատվածի համար ընտրապայքարին մասնակցում է ընդամենը երկու թեկնածու՝ Սերժ Սարգսյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Փենինգտոնը նկատում է, որ Հայաստանում անգամ ընտրության օրը կարելի է հանդիպել բազում ընտրողների, ովքեր զարմանում են, երբ լսում են, որ բացի երկու թեկնածուներից, էլի մարդիկ կան ընտրապայքարում: Այստեղ Փենինգտոնն ուղղակիորեն հաստատել է, որ ընտրապայքարում եղած մնացած թեկնածուները հասարակության շրջանում լուրջ տպավորություն չեն թողել: Ավելին՝ հենց այդ ընտրությունների ընթացքում ապացուցվեց, որ առաջադրված թեկնածուները գլխավորապես խաղում էին իշխանության խաղը ու կատարում իրենց` «հաճախորդի» պարտականությունը:
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի խոցելի տեղերին՝ Փենինգտոնն առանձնացնում է երեք գործոն. կոռուպցիան, Ս. Սարգսյանի ղարաբաղցի լինելը եւ սպառողական ապրանքների գների շարունակական աճը: Ըստ դիվանագետի՝ կոռուպցիան Սարգսյանի ամենաբացասական կողմն է: «Կոռուպցիայի տարածվածությունը եւ անգամ շարունակական աճը վերջին տասը տարիներին շատ ընտրողների է ստիպել հիասթափվել ներկա իշխանություններից»: Ամերիկացին ավելացնում է, որ թեպետ Սերժ Սարգսյանը հայտարարել է իր պատրաստակամությունը՝ ընտրվելու դեպքում վերացնել կոռուպցիան, այդուհանդերձ, հայության մեծ մասը նրան պարզապես չի հավատում: Փենինգտոնի կարծիքով՝ հաջորդ խնդիրը կապված է Սարգսյանի ղարաբաղյան ծագման հետ: Ըստ նրա՝ Սարգսյանը, իր երիտասարդության մեծ մասն ու կարիերան անցկացրած լինելով Ղարաբաղում, շարունակում է Հայաստանի քաղաքական դաշտում համարվել օտար: Զեկուցագիրը հավաստում է, որ «Սարգսյանը Հայաստանում բարձր պաշտոններ է շնորհում ղարաբաղյան իր ընկերներին կամ կոլեգաներին՝ է՛լ ավելի ակտիվացնելով ծանոթով աշխատանքի տեղավորվելու ավանդույթը»:
Զարգացնելով տեղայնացվածության խնդրի քննարկումը՝ Փենինգտոնը նկատում է, որ ՀՀ քաղաքացիների մի մասը, որն առավելապես հայտնի է որպես «ինտելիգենցիա», հակադրվում է Սարգսյանին: Հեղինակն այս եզրույթով է բնորոշում այն քաղաքացիներին, ովքեր «սովետական շրջանի իրենց կրթական ու մասնագիտական հաջողություններով ապահովում էին հասարակական առավելությունները, ինչը խաթարվել է Հայաստանի անկախության նվաճումով»: Դիվանագետի կարծիքով՝ «նրանք ծիծաղում են այնպիսի պարզ, գյուղացի ղարաբաղցիների վրա, ինչպես, օրինակ, Սարգսյանն է, ով պիտի կառավարի իրենց երկիրը»: Փենինգտոնը հավելում է, որ այս մարդիկ փոխարենը հարգում են Տեր-Պետրոսյանին՝ որպես արեւելագիտության դոկտոր՝ արժեւորելով նրա գիտելիքները: Հեղինակն ավելացնում է, որ Ռոբերտ Քոչարյանի նման՝ Սերժ Սարգսյանը եւս նոր է սկսում սովորել հրապարակային արդյունավետ խոսքի արվեստը, ուստի «նրա նախորդ բոլոր փորձերը տապալվել են՝ երեւանցիներին մոռացնելու իր պրովինցիալ ծագումն ու ցածր կրթվածությունը»: Փենինգտոնը մասնավորեցնում է, որ սովետական շրջանում միջին կարգավիճակ ունեցող այդ մարդիկ անկախության շրջանում ստիպված են բանվորական աշխատանք կատարել օրվա ապրուստը վաստակելու համար, ուստի չեն կարողանում հասկանալ, թե ինչպես են Քոչարյանը, Սարգսյանն ու նրանց շրջապատը այդքան հեշտությամբ զգալի կարողության տեր դարձել:
Անդրադառնալով Սարգսյանի աքիլլեսյան երրորդ գարշապարին՝ հեղինակը հիշատակում է սպառողական ապրանքների գների շարունակական աճը: Նա պնդում է, որ դրամ-դոլար փոխհարաբերակցությունն ու տատանումը խիստ վնասում է այն քաղաքացիներին, ովքեր կախված են արտաքին ֆինանսական փոխանցումներից: Դիվանագետը նշում է, որ այս քաղաքացիներն անընդհատ վնասներ են կրում ու ականատեսը լինում մշտական թանկացումների: Հեղինակի համոզմամբ՝ բազում ընտրողներ զայրացած են եւ մեղադրում են իշխանություններին իրավիճակը դիտավորյալ կերպով սրելու մեջ: Փենինգտոնը մեջբերում է հասարակության շրջանում տարածված այն պնդումը, թե իշխանությունները թույլ են տալիս «իրենց օլիգարխներին» բարձրացնել ներկրվող ապրանքների գները, որպեսզի ձեռք բերած եկամուտով փոխհատուցեն Սարգսյանի քարոզարշավի համար ծախսված գումարները: Նկատենք, որ եթե Փենինգտոնը հասարակության շրջանում տարածված այս խոսակցությունները ներառում է Վաշինգտոն ուղարկվող իր զեկույցում, ուրեմն դրանցում տեսնում է ճշմարտության որոշակի հատիկ: Ի վերջո, մշտապես կրկնվող գործընթաց է, երբ ընտրությունների ավարտից հետո ապրանքների գները բարձրանում են, ինչը նպաստում է բացառապես ներկրելու մենաշնորհ ունենցող օլիգարխների հարստացմանը:
ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ