«Ժողովուրդ»-ին դիմած քաղաքացին հայտնվել է անելանելի դրության մեջ: Մահապարտների հատուկ գնդի 82-ամյա ազատամարտիկ Զոհրապ Շահբազյանն ավելի քան երեք տարի է, ինչ պայքարում է իր իրավունքների համար: Սակայն անարդյունք:
«Ժողովուրդ»-ին դիմած քաղաքացին պնդում է, որ իրեն պատկանող ավտոտնակի ուղիղ կեսը «նենգաբար», անօրինական ճանապարհով զավթել է իր հարեւանը` Ռուբեն Մխիթարյանը: Բոլոր պետական կառույցներին քաղաքացին դիմել է, սակայն արձագանք չկա. «Ոչ մի պաշտոնյա մի օր չեկավ ու չհետաքրքրվեց, թե ինչ է կատարվում մեր բակում: Ոչ մեկ ոչինչ չցանկացավ ձեռնարկել»,- մեզ հետ զրույցում հուսահատված նշեց ծերունի ազատամարտիկը:
Նա իր հետ խմբագրություն էր բերել նաեւ անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք նրա խոսքով՝ ապացուցում են, որ ավտոտնակը` 55.2 քառ.մ, իրեն է պատկանում: Վիճելի տարածքը «զավթելու» ընթացքում, Շահբազյանի պնդմամբ՝ իրեն պատկանող որոշ իրեր գողացվել են, վնասվել, իսկ որոշներն էլ՝ կոտրվել: 82-ամյա պապիկը այդ ապրանքների ցանկն էլ է կազմել եւ Մխիթարյաններից փոխհատուցում է պահանջում: Սակայն ամենից շատ Շահբազյանը ցավ է ապրում, որ այդ ընթացքում Մխիթարյանը կտրել է իր կողմից տնկված երկու վիթխարի ծառերը: «Ոչ մի բան չթողեց, կտրեց ու դրանք բաժանեց իր հարազատներին: Բայց 36 տարի այդ ծառերը մնացին: Ես այս տարիների ընթացքում այդքան ապրանք հավաքել էի, որպեսզի մի փոքրիկ տուն կառուցեի, որդիներիցս մեկին տեղավորեի, բայց խանգարում են ինձ: Այ քեզ բան, օրը ցերեկով գան ու անօրինական ճանապարհով խլե՞ն օրենքով ինձ պատկանող տարածքը»,- վրդովվեց քաղաքացին:
Նշենք, որ Զոհրապ Շահբազյանի ընտանիքը բաղկացած է 17 հոգուց : Բացի այդ, մեր զրուցակիցը մի շարք առողջական խնդիրներ ունի եւ մշտապես գտնվում է բժիշկների հսկողության տակ: Նա 90-ականներին ՀՀ սահմանը պաշտպանելու ժամանակ կոնտուզիա է ստացել եւ 2-րդ խմբի հաշմանդամ է: Ի դեպ, Շահբազյանի հետ միասին 90-ականներին հայրենիքի համար կռվել են նաեւ իր որդին եւ թոռնիկը, ովքեր պատերազմի դաշտում ծանր վիրավորվելու հետեւանքով այսօր գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում` բուժման նպատակով: Եվ նրանց պահելու համար Շահբազյանը ստիպված վաճառում է իր տան իրերը, իսկ գումարն ուղարկում որդուն եւ թոռանը:
«Գնացինք հայրենիքի համար կռվեցինք, հաղթանակով կիսամեռ հետ վերադարձանք, բայց հիմա` մատնվել ենք անտարբերության: Եվ ցավալին գիտե՞ք, թե որն է, որ երբեւէ ոչ մի պաշտոնյա իմ տան դուռը չթակեց ու չհետաքրքրվեց, թե ինչ խնդիրներ ունեմ: Նույնիսկ չեն բարեհաճում իմ դիմումներին, նամակ-բողոքներին ըստ պատշաճի պատասխանել»,- հուսահատված նշեց 82-ամյա պապիկը:
Անելանելի դրության մեջ հայտնված քաղաքացին պնդում է, որ իր իրավունքները ոտնահարվել են. «Ես 15 տարի է, ինչ պայքարում եմ, որ այդ փոքրիկ ավտոնտնակի փոխարեն որդիներիցս մեկի համար մի փոքրիկ տուն կառուցեմ, բայց ինձ թույլտվություն չեն տալիս: Այդ ինչպե՞ս ստացվեց, որ Մխիթարյանը նախ՝ կարողացավ հեշտությամբ զավթել իմ ավտոտնակի մի հատվածից, հետո էլ անմիջապես այդ տարածքում շինարարություն անելու թույլտվություն ստացավ»:
Քաղաքացու բարձրացրած խնդրի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Աջափնյակ վարչական շրջանի թաղապետարանի աշխատակցի Հակոբ Հարությունյանի հետ, ով անմիջապես ճանաչեց Զոհրապ Շահբազյանին եւ բացականչեց. «Ինքը մեր Զոհրապ պապիկն է»:
Նա, սակայն, հայտարարեց, թե Զոհրապ Շահբազյանը ոչ մի ավտոտնակ չունի: «Թափոններով, երկաթե կտորներով հավաքած ինչ- որ մի տնակի նման բան է ստեղծել շենքի բակում: Ինքը բազմիցս այս հարցով դիմել է ե՛ւ ոստիկանություն, ե՛ւ թաղապետարան:
Մեր Զոհրապ պապիկի նկատմամբ մենք ուշադիր ենք, բայց ինքը հարեւանների հետ պարբերաբար կոնֆլիկտներ է ունենում: Սակայն ոչ մի ավտոտնակ նա չունի: Ժամանակին նա նույնիսկ տրոլեյբուսի թափքն էր բերել տեղադրել այդ տարածքում, իսկ բնակիչներն անընդհատ դժգոհում էին, որ ինքը բերում ու երկաթի մեծ կտորներով այդ բակն աղտոտում է»,- ներկայացրեց Հարությունյանը:
Նրանից տեղեկացանք, որ հարեւանը` Ռուբեն Մխիթարյանը, նույնպես դիմել է թաղապետարան եւ դժգոհել, որ Շահբազյանի պատճառով իրեն անընդհատ ոստիկանություն են կանչում:
«ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ Շահբազյանի հարեւանի՝ Ռուբեն Մխիթարյանի կնոջ՝ տիկին Անահիտի հետ, ով ասաց. «Մենք ունենք բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք ապացուցում են մեր գործողությունների օրինական լինելը: Պարզապես ինքը չի ուզում հասկանա, որ հողը պետականորեն գնված հող է եւ բոլոր պետական կառույցներում մեր այդ փաստաթղթերը կան: Այնպես չէ, որ ապօրինի զավթել ենք հողը եւ հիմա վախենում ենք: Այս խնդիրն արդեն երեք-չորս տարի է, ինչ շարունակվում է: Բայց չգիտենք, թե ինչպես վարվենք»:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ