Կարմրաքարում ջրի խնդիրը շարունակում է օդում կախված մնալ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի մարզի Կարմրաքար գյուղը մարզի ամենաաղքատ համայնքներից մեկն է: Գյուղում ապրում է ընդամենը 14 ընտանիք՝ 62 բնակչով: Այն փաստի հետ, որ գյուղը չունի դպրոց, քանի որ երկրաշարժից հետո ավերված կրթօջախը պետությունը հարմար չգտավ վերանորոգել, կարմրաքարցիները մի կերպ համակերպվում են, սակայն տարիներ շարունակ չլուծվող խմելու ջրի խնդիրն արդեն հուսահատեցրել է գյուղացիներին:

Նրանք ստիպված են ամեն օր կիլոմետրեր կտրել, որպեսզի հասնեն գյուղից դուրս գտնվող միակ` Կարմիր աղբյուրին: Գյուղացիները երկար ռետինե խողովակ են անցկացրել աղբյուրին, որպեսզի ջուրը հնարավորինս մոտեցնեն բնակելի տներին: Սակայն դա էլ հարցի լուծում չէ, քանի որ ջրի հոսքն այնքան դանդաղ է, որ ժամեր է պահանջվում դատարկ տարաները լցնելու համար: Աղբյուրի մոտ գոյացած անսպառ հերթը հոգնեցնում է գյուղացիներին: Ի դեպ նշենք, որ համապատասխան մարմինների ստուգումների արդյունքում պարզվել է , որ այդ ջուրն անգամ խմելու համար պիտանի չէ, սակայն բնակիչներն այլընտրանք չունենալու պատճառով ստիպված են խմել անորակ ջուրը:

Գյուղի տարեցները մեզ հետ զրույցում առանց քաշվելու խոստովանեցին, որ ջրի բացակայության պատճառով ամիսներով չեն լողանում: Երիտասարդ հարսերն էլ սրտնեղեցին. ջուրը խնայելու նպատակով ջրիկ ճաշ չեն պատրաստում: Նաեւ նշեցին, որ անասնապահությունն էլ է տուժում. քանի որ անասունը ծարավ է մնում, կաթնատվությունը նվազում է:

Ձմռան ամիսներին խնդիրն առավել քան սրվում է: Աղբյուրը սառչում է եւ գյուղացին ստիպված է սարեր բարձրանալ՝ ջուր բերելու համար:

Կարմրաքարի համայնքապետից տեղեկացանք, որ խնդիրը լուծելու համար ընդամենը 500մ խողովակաշար է պահանջվում: Համապատասխան մարմինները խնդրին տեղյակ են, խոստացել են հարցը լուծել, բայց ոչ այս տարի, իսկ թե երբ, հայտնի չէ: Առայժմ հայտնի է միայն, որ անգամ աշխատանքների իրականացման նախագիծ չկա:

6-i syun 2

6-i syun 3

6-i syun

Արեւիկ Հակոբյան




Լրահոս