ՀՀ ոստիկանության հայտարարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
2012 թ. ապրիլի 16-ին Վանաձոր քաղաքում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի և այդ ընթացքում արձանագրված միջադեպի կապակցությամբ ՀՀ ոստիկանությունը լիազորված է հայտնել, որ ադրբեջանական ֆիլմերի փառատոն անցկացնելու համար որպես տարածք Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը տրամադրելու դեմ նախաձեռնվել է բողոքի հավաք, որի մասնակիցները պահանջել են Վանաձոր քաղաքում նման փառատոն չանցկացնել, ինչպես և կոչ է արվել անշարժ գույքի սեփականատերերին կամ այլ օրինական տիրապետողներին նման միջոցառման իրականացման համար տարածքներ չտրամադրել:
Սակայն հավաքի առանձին մասնակիցներ, չարաշահելով հավաք անցկացնելու կամ դրան մասնակցելու իրենց իրավունքը, փորձել են սեփական ուժերով իրացնել իրենց ենթադրյալ իրավունքները կամ հասնել ներկայացված պահանջների հարկադրաբար կենսագործմանը, այդ թվում՝ կատարել են այլ անձանց կամ նրանց պատկանող գույքի հանդեպ այնպիսի հարկադրական գործողություններ, որոնք առերևույթ պարունակում են վարչական կամ քրեական իրավախախտման հատկանիշներ:
Դրա հետ մեկտեղ արձանագրվել է, որ հավաքի անցկացման վայրում եղել են ոստիկանության սակավաթիվ ուժեր, որոնք չեն միջամտել կատարվող ոչ իրավաչափ գործողություններին և չեն կարողացել կանխել դրանք:
Վերոշարադրյալ փաստերի կապակցությամբ և համապատասխան անձանց գործողություններին (անգործությանը) իրավական գնահատական տալու նպատակով ՀՀ ոստիկանության կողմից ՀՀ քրեադատավարական օրենսդրության շրջանակներում նախաձեռնվել է վարույթ, ինչպես և նշանակվել է ծառայողական քննություն:
Մասնավորապես, քրեական վարույթի ընթացքում վերցվել են բացատրություններ, նշանակվել է փորձաքննություն և կատարվել են այլ ստուգողական գործողություններ, որոնց արդյունքում պարզվել է, որ Վանաձոր քաղաքի բնակիչ Մարգարիտա Խաչատրյանի անօրինական գործողություններով դիտավորությամբ վնասվել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի գույքը, որն առաջացրել է մանր չափերի վնաս:
Հավաքի մասնակիցների կամ այլ անձանց կողմից քրեական կամ վարչական իրավախախտման հատկանիշներ պարունակող այլ գործողություններ չեն կատարվել:
Վերոգրյալի հիման վրա որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին, իսկ հավաքված նյութերը փոխանցվել են իրավասու մարմնին՝ համապատասխան անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար: 
Վարչական վարույթի արդյունքում Մարգարիտա Խաչատրյանի նկատմամբ նշանակվել է տուգանք՝ քառասուն հազար դրամի չափով:
Ծառայողական քննության ընթացքում պարզվել է, որ հավաքի խաղաղ բնույթն ապահովելու, հավաքին բռնի կերպով խանգարելու փորձերին պատշաճ կերպով արձագանքելու, ինչպես և հասարակական կարգը և հասարակական անվտանգությունն ապահովելու նպատակով ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության համապատասխան պաշտոնյաների կողմից չեն տրամադրվել բավարար ոստիկականական ուժեր: Մասնավորապես, կիրառվելիք միջոցների մասին որոշում կայացնելիս հաշվի չեն առնվել հավաքի մասնակիցների ակնկալվող թվաքանակը, հավաքի վայրի առանձնահատկությունները, ինչպես և միջոցառման բնույթն ու պատճառը: Արդյունքում՝ հավաքի վայրում ոստիկանության արդյունավետ գործողությունների կատարման համար անհրաժեշտ նախապայմաններ չեն ապահովվել, ինչի համար էլ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի հրամանով կարգապահական պատասխանատվության են ենթարկվել ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձորի բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Միքայել Չոբանյանը և  ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայության բաժանմունքի պետ Ալեքսանդր Արզումանյանը:
Ինչ վերաբերում է հավաքի անցկացման վայրում գտնվող ոստիկանության փոքրաթիվ անձնակազմի առերևույթ անգործությանը, ապա վերը նկարագրված իրավիճակին բնորոշ պայմաններում այն գնահատվել է որպես իրավաչափ, քանզի տակտիկական նպատակահարմարությունից ելնելով, ըստ էության, ուղղված է եղել հնարավոր լարվածության և առճակատման, ինչպես և բռնության կիրառման վտանգների նվազեցմանը:
ՀՀ ոստիկանությունն իր երախտագիտությունն է հայտնում վերը նշված իրավական գործընթացների իրականացմանն օժանդակություն ցուցաբերած բոլոր անձանց ու կազմակերպություններին, և հավատարիմ մնալով իր որդեգրած գործելակերպին՝ կրկին հաստատում է, որ այսուհետ ևս շարունակելու է միասնական չափանիշների կիրառմամբ ապահովել հավաքների մասնակիցների և այլոց իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությունը՝ չգնահատելով (մերժելու կամ ընդունելու ձևով) համապատասխան պահանջների հեղինակների կամ դրանց հասցեատերերի դիրքորոշումների իրավաչափությունը:
 




Լրահոս