ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲԱՄՕ-Ն «ԱՐՏԱԳԱՂԹԵԼ» Է ԳԵՐՄԱՆԻԱ՞

Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանում ծնված Մուրադյան եղբայրներին պատկանող ԲԱՄՕ ընկերությունը, ինչպես հայտնի է, ֆինանսական ճգնաժամի մեջ է: Ռուսաստանի Դաշնությունում նրանց ունեցած գրեթե բոլոր բիզնեսները տապալվել են: Ու երբ 2013 թվականի դեկտեմբերին Մոսկվայի կենտրոնում դանակի բազմաթիվ հարվածներից մահացավ եղբայրներից Հովիկ Մուրադյանը, նրանց գործերն առավել խճճվեցին: Այս տարվա օգոստոսի 21-ին էլ վարկը չմարելու պատճառով ՀՀ կառավարությունը ԲԱՄՕ-ից վերցրեց Հայաստանում մնացած գրեթե միակ խոշոր ունեցվածքը՝ Մարզահամերգային համալիրը: Եվ ահա տեսնելով, որ Ռուսաստանում եւ Հայաստանում օղակը սեղմվում է Մուրադյանների շուրջ, նրանք որոշել են այլ երկրում հաստատվել: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Իրաքի նախկին դեսպան Մուրադ Մուրադյանն այժմ էլ տեղափոխվել է Եվրոպա՝ ավելի կոնկրետ՝ Գերմանիա: Նույն աղբյուրների հաղորդմամբ՝ ԲԱՄՕ-ի սեփականատերն այժմ էլ նպատակ ունի բիզնես գործունեություն սկսել Գերմանիայում: Եվ այդ հարցում նրան օգնում են դեսպան եղած ժամանակ ձեռք բերած կապերը:

 

 
Ու որքան էլ ՀՀ իշխանությունները փորձեն ԵԿՄ-ին տրված պետական տարբեր կարգավիճակների շռայլությամբ ճնշել մյուս կառույցների զարգացումը, այնուամենայնիվ, ազատամարտիկների հույզերի վրա կառուցվող քաղաքական ծրագրերը կարծես թե միս ու արյուն են ստանում: Ավելին՝ նախկին «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը երեկ արդեն հայտարարել է, որ իշխանությունից դժգոհ ազատամարտիկները մյուս շաբաթ սկսելու են ժողովրդական շարժում, որը կարող է բերել ընդդիմադիր կուսակցությունների միավորմանը: Հաշվի առնելով Մանուչարյանի կերպարի լրջությունը, դժվար չէ կռալել, թե ինչ է սպասվում: Հատկապես որ ազատամարտիկներն ունեն բավականին շահագրգիռ հովանավոր: «Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն է ֆինանսավորում այդ միավորումներին՝ առաջիկայում սպասվող «թեժ զարգացումներին» պատրաստվելու համար: Սակայն «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանն ասաց, թե «մենք այդպես ծախսեր էլ չենք անում, մեր միջոցներով հավաքվում ենք: Դաշինքը դեռ պիտի ձեւավորվի»:

 

 
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Սյունիքի մարզում ստորագրահավաք է սկսվել, ի պաշտպանություն Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի: Ակցիան սկսվել է Գորիսի 6-րդ դպրոցից, որը նախաձեռնել է Սուրեն Խաչատրյանի հորեղբորորդին՝ Սասուն Խաչատրյանը: Պարզվում է՝ Ս. Խաչատրյանի կինը 6-րդ դպրոցի տնօրենն է, ինչի համար էլ ստորագրահավաքը սկսվել է հենց այդտեղից: Պարզեցինք, որ հավաքված ստորագրությունները սյունեցիները ցանկանում են ուղարկել Սերժ Սարգսյանին ու խնդրել, որպեսզի նա կրկին Սյունիքի մարզպետ նշանակի Սուրեն Խաչատրյանին: «Ժողովուրդ»-ը զրուցել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ՝ պարզելու, թե ինչու են նրա հարազատները այդ քայլին դիմել ու ի՞նչ ակնկալիքներ ունի ինըք՝ Սուրեն Խաչատրյանը, մարզպետ նշանակվելու մասով: Մեր զրուցակիցն ասաց, որ այդ տեղեկությունները հերյուրանքներ են. «Հիմա Սասուն Խաչատրյանը կողքս նստած է ու չեմ կարծում, որ առանձ ինձ տեղյակ պահելու նման բան աներ: Չկա նման բան, մարդիկ ուղղակի խոսում են»:

 

 

Զզվելու աստիճան անիմաստ է դարձել ՀՀ-ում դատական ճանապարհով արդարություն որոնելը: Այս համոզմանը եկանք «Ժողովուրդ» օրաթերթի նկատմամբ կայացված վերջին դատավճռից: 2012 թվականի դեկտեմբերին հրապարակված լուրը, որ գործարար Խաչիկ Խաչատրյանին պատկանող «Երեւանի թռչնաֆաբրիկան» ժամկետանց ձու է վաճառել եւ տուգանվել, 2 տարի դատական ատյաններում պտտվելուց հետո (մեկ հաղթեցինք, մեկ պարտվեցինք), ի վերջո ապացուցեց այն իրողությունը, որ Հայաստանի դատարաններում փաստերով կռիվ տալն անիմաստ է, եթե դիմացդ կանգնած է իշխանությանը տարբեր ծառայություններ մատուցող որեւէ գործարար: Վերաքննիչ քաղ.դատարանի դատավորներ Կարեն Չիլինգարյանի, Աստղիկ Խառատյանի եւ Ամրահի Պետրոսյանի համար անգամ պաշտոնական հաղորդագրությունը ոչինչ չարժեցավ (որի հիման վրա գրվել էր վիճահարույց հոդվածը): Նրանք տուրք տվեցին օլիգարխիային՝ եւս մեկ անգամ խայտառակելով նախ՝ ՀՀ դատական համակարգը, իրենց, ապա՝ ձվերի Խաչիկին՝ նրա արժանապատվության համար օրաթերթից պահանջելով բռնագանձել 10 հազար դրամ:

 

 
ՈՉ ՀԱՎԱՍԱՐԱԿՇԻՌ

Երեկ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահագն Մախսուդյանը խիստ նկատողություն է ստացել կուսակցության կողմից: Պատճառն այն է, որ նա «Հայկական ժամանակ» օրաթերթին տված հարցազրույցում հայտարարել է, թե «Քոչարյանն իր թիմով իր անելիքն արել, հեռացել է», իսկ «Լեւոն Տեր-Պետրոսյանը քանդեց էս երկիրը»: Պատգամավորի այս ձեւակերպումները ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը որակել է իբրեւ «ոչ հավասարակշիռ»:
Անկեղծ ասած` կոնկրետ Լեւոն Տեր-Պետրոսյանի գործունեությանը տրված այս «ոչ հավասարակշիռ» գնահատականն ընդամենը մի քանի տարի առաջ կհամարվեր առավելագույնս հավասարակշիռ ` ի համեմատ այն գնահատականների, որոնք ԲՀԿ-ի անդամների կողմից տրվում էին առաջին նախագահի եւ նրա թիմի գործունեությանը: Բայց այստեղ դա չէ էականը, ի վերջո` Տեր-Պետրոսյանն էլ էր ժամանակին ԲՀԿ առաջնորդին դիմում հայտնի ձեւակերպումներով, իսկ այսօր արդեն անձամբ է այցելում նրա գրասենյակ` կոնսուլտացիաների: Այստեղ էականն այն է, որ կուսակցության անդամին, Աժ պատգամավորին կարող են նկատողություն, այն էլ` խիստ, տալ իր կարծիքն արտահայտելու համար: Եվ սա այն դեպքում, երբ դրանից ընդամենը մեկ օր առաջ այդ կուսակցության ղեկավարը հավաստիացնում էր.«Մեր կուսակցության մեջ տիրում է խնդիրները քննարկելու ազատ մթնոլորտ»:
Նման «ազատ մթնոլորտ» այսօր տիրում է ոչ միայն ԲՀԿ-ում, այլեւ մնացած գրեթե բոլոր կուսակցություններում, եւ առաջին հերթին` ՀՀԿ-ում, որի ղեկավարի արտահայտած ցանկացած միտք ընդունվում է որպես վերին ճշմարտություն, անկախ այն բանից, որ նա ժամանակին ասել էր, թե իրենց կուսակցությունը ոհմակ չէ: Եվ եթե Վահագն Մախսուդյանի դեպքում նկատողությունը տրվել է երբեմնի հակառակորդի, իսկ ներկայում դաշնակցի` առաջին նախագահի հասցեին բացասական կարծիք հայտնելու համար, ապա ժամանակին Վարդան Այվազյանին խիստ նկատողություն տրվեց նախկին գործընկերոջ, սակայն ներկայիս մրցակցի` ԲՀԿ-ի առաջնորդի հասցեին դրական կարծիք հնչեցնելու համար: Սա, կարծում ենք, կարեւոր եւ բնութագրիչ նյուանս է:
Վերհիշելով պատգամավորներին նկատողություն տալու խորհրդարանական կուսակցությունների նախապատմությունը` նկատենք, որ ոչ ԲՀԿ-ում, ոչ էլ` առավելեւս` ՀՀԿ-ում, երբեւէ նկատողություն չեն տվել իրենց այն անդամներին, որոնք պարբերաբար «ոչ հավասարակշիռ» պահվածք են դրսեւորում լրագրողների նկատմամբ կամ էլ հայտնվում են տարատեսակ կրիմինալ պատմություններում:

 

 




Լրահոս