ԻՆՉՈՒ ՉԻ ՍՏԱՑՎՈՒՄ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼ
Հայաստանում ստեղծված այսօրվա իրավիճակը ժամանակին շատ դիպուկ բնութագրել է Իվան Կռիլովն իր՝ «Կարապը, խեցգետինը եւ գայլաձուկը» առակով: Մեր երկրի քաղաքական դաշտում եղած գրեթե բոլոր ուժերը ցանկանում են իշխանափոխություն իրականացնել, սակայն ոչինչ չի ստացվում:
Խորհրդարանական 4 ուժերը դեռ գարնանից խոստացան «թեժ աշուն», սակայն աշնան շունչը զգացվում է, իսկ թեժության նշույլներն անգամ չկան: Նրանք միայն հավաքվում են, քննարկում են, սակայն նույնիսկ հանրահավաք անելու օրը չեն կարողանում որոշել: Ընդդիմադիր դարձած ՕԵԿ-ի խոստացած հուժկու պայքարը եւս դեռ տեսանելի չէ:
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն էլ «սոված օր էր անցկացնում»՝ պահանջելով Սերժ Սարգսյանի հրաժարականը: Սակայն ՀՀԿ ղեկավարն այդպես էլ չվերցրեց A4 ֆորմատի մի թուղթ՝ հրաժարականի բովանդակությամբ տեքստ գրելու համար: Հայրիկյանը ստիպված եղավ սնվել. հո քաղցած չէ՞ր մնալու:
Եվ այս մակարդակի պայքարով վերջին 6 տարիների ընթացքում Հայաստանի ընդդիմադիր կոչվող դաշտում տարբեր մարդիկ են հայտնվում ու պայքարի շղարշ ստեղծում՝ սպառնալով տապալել Սերժ Սարգսյանին, սակայն իրականում ոչինչ չանելով պարզապես ավելացնում են ՀՀ քաղաքացիների հիասթափության չափաբաժինը: Պատճառն այն է, որ մինչ օրս իրականացված հակաիշխանական պայքարն իրականում թույլ է եղել:
Բայց «ընդդիմադիր աշխատելու» ցանկությունը որեւէ կերպ հանգիստ չի տալիս քաղաքական գործընթացների լուսանցքում հայտնվածներին: Նրանք շարունակում են իշխանափոխության անհրաժեշտության գաղափարով կերակրել հասարակության լայն շերտերին, եւ ուշագրավ է, որ երեկ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը սկսեց խոսել իշխանափոխության մասին: Մարդ, ով իսկապես լուրջ քաղաքական գործիչ է եւ տեղյակ՝ երկրում տեղի ունեցող խորքային շատ երեւույթների նրբություններից: Նա լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ հաջորդ շաբաթ իշխանությունից դժգոհ ազատամարտիկները սկսելու են ժողովրդական շարժում, որը կարող է բերել ընդդիմադիր կուսակցությունների միավորմանը: Վերլուծական կարողությամբ օժտված այդ գործիչը հայտարարել է, որ Հայաստանի ներքաղաքական իրադարձությունների զարգացման երկու ճանապարհ կա՝ «կամ գոյություն ունեցող աշխարհի տրամաբանությամբ մի խմբակը փորձելու է մյուսի ձեռքից ինչ-որ բան խլել եւ տանել իր գիծը, կամ կլինի որակյալ ուրիշ բան»:
Այս իմաստով Աշոտ Մանուչարյանը հույսը դրել է ազատամարտիկների վրա. «Նրանք էլ են ապրում այս աշխարհում, նրանք էլ են սոված, ինչպես շատ-շատերը, եւ նրանց էլ են փորձում գնել, բայց քանի որ նրանք նաեւ պաշտպանել են երկրի սահմանները, կորցրել են ընկերներ եւ գիտեն` դա ինչ է, նրանց մեջ այդ երկրորդը միշտ գործում է: Ուրեմն նրանք կարող են ինչ-որ խմոր լինել: Եթե դրան միանա ադեկվատ մտավորականությունը, եւ այդպիսի ժողովրդական շարժում առաջանա, իսկ իմ տվյալներով` այս շաբաթվա ընթացքում այդ շարժումն առաջանալու է, ապա այդ կուսակցական ընդվզումներն էլ կսկսեն տեղավորվել այդ նոր տրամաբանության մեջ: Հին տրամաբանության մեջ նրանք չեն կարող բերել որեւէ էական փոփոխության»:
Իհարկե, ազատամարտիկներն ավելի կամային են, քան քաղաքական դաշտն իրենց ներկայությամբ հագեցրած գործիչները: Սակայն «Ժողովուրդ»-ի հետ զրույցում «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը հավաստիացրեց, որ դեռեւս որեւէ բան հստակ չէ իրենց անելիքների մասով: «Քանի դեռ մեր միասնական դաշինքը չի ձեւավորվել, ես չեմ կարող որեւէ բան ասել: Սեպտեմբերի 23-ից հետո մենք համաժողով կհրավիրենք եւ կլուծենք դաշինքի ձեւավորման հետ կապված բոլոր խնդիրները»:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Աշոտ Մանուչարյանը մշտապես ներկա է լինում պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանի, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանի եւ Մանվել Եղիազարյանի ու մյուսների մասնակցությամբ կայացած հանդիպումներին: Ու չի բացառվում, որ հենց նրանց նկատի ուներ Մանուչարյանը՝ ներկայացնելով որպես կուսակցական ընդվզումների «կայծ»:
Ի դեպ, լուրեր են պտտվում, որ ազատամարտիկների այս խմբին, ինչպես նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի կողմից ձեւավորվող «Երդվյալ ազատամարտի նվիրյալներ»-ին ֆինանսավորում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Սակայն «Արաբո»-ի հրամանատարն ասաց, թե իրենք առանձնապես ծախսեր չեն անում եւ դեռ կարողանում են սեփական միջոցներով հոգալ խնդիրները:
Ինչեւէ, եթե քաղաքական դաշտի ներկայացուցիչներն իսկապես ցանկանում են հասնել իշխանափոխության, ապա առաջին հերթին պետք է միասնական լինեն, այլ ոչ թե առաջնորդվեն Իվան Կռիլովի նկարագրած սկզբունքներով, որտեղ այդ չարաբաստիկ սայլը «կարապը վեր է թեւում, խեցգետինը քաշում է հետ, գայլաձուկն էլ՝ հո դեպի գետ…»: Դրա համար էլ՝ «Մինչեւ այսօր թե՛ սայլ, թե՛ բեռ նույն տեղն են դեռ…»:
ԱԼԲԵՐՏ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
ՆՈՐ ՄԵՂԱԴՐԱՆՔ
Մոսկվայում ձերբակալված գործարար Լեւոն Հայրապետյանի նկատմամբ երկրորդ մեղադրանքն է առաջադրվել՝ մեքենայության հոդվածով: Սակայն գործարարը կտրականապես հերքում է մեղադրանքը: «Գործը հորինված է, քննիչն էլ՝ ստախոս»,-հայտարարել է նա:
ՀԱՅՏՆԻ ԴԵՄՔԵՐՈՎ
ՀՀ նախագահը երեկ հրամանագրեր է ստորագրել ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալներ նշանակել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանին եւ Արթուր Ղամբարյանին: ՀՀ ՊՆ քննչական ծառայության պետ Արմեն Հարությունյանն էլ նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ: Աղվան Հովսեփյանի տեղակալ է նշանակվել նաեւ Մարտի 1-ի գործով նախաքննական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը՝ հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության պետի կարգավիճակով: Այսպիսով, Աղվան Հովսեփյանն իր թիմին հավաքեց ՔԿ-ում՝ ըստ երեւույթին շարունակելու հիմնած ավանդույթները:
ՄԱՀՎԱՆԻՑ ՀԵՏՈ
Սեպտեմբերի 11-ին, Ոստիկանության Երեւանի Նոր Նորքի բաժնի ծառայողը ներխուժել է շուրջ երկու շաբաթ առաջ՝ օգոստոսի 30-ին ծանր հիվանդությունից մահացած ազատամարտիկ Գառնիկ Խչեյանի (Վարդենիսցի Հեբոյի)՝ այդ թաղամասում գտնվող վարձու բնակարան՝ նրան բերման ենթարկելու նպատակով: Բնակարանում եղել է միայն Գառնիկ Խչեյանի ուսանող դուստրը: Հիշեցնենք, որ Խչեյանի նկատմամբ ոստիկանական հետապնդումը սկսվել էր այն բանից հետո, երբ նա պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի դատավարության ժամանակ հակադարձել էր իր եւ դատարանում գտնվող այլ ազատամարտիկների արժանապատվությունը վիրավորած դատավորին:
ՍՐՎԵԼ ԵՆ
Եղանակային կտրուկ փոփոխությունների, ինչպես նաեւ գարնան եւ աշնան մթնոլորտային բուռն տատանումների շրջանում հատկապես սրվում են հիպերտոնիկ ու սրտանոթային հիվանդությունները:
Այս ժամանակահատվածում, վիրաբուժական կլինիկաներում ավելանում է սրտանոթային մասնագետներին դիմող հիվանդների թիվը: «Ժողովուրդ»-ն այս թեմայի շուրջ զրուցեց Երեւանի գլխավոր թերապեւտ Կարինե Հովհաննիսյանի հետ՝ հետաքրքրվելով, թե հիմնականում ո՞ր շրջանում են այս հիվանդությունները սրվում: «Ջերմային տատանումների հետ կապված սրտանոթային տեսակի հիվանդություններն աճ են ապրում հատկապես ձմռանը, աշնանը եւ գարնանը: Եվ այս օրերին արեւի վրա ջերմային ինքնաբուխ պայթեցումներ են լինում, ինչի արդյունքում քրոնիկական հիվանդություններն աճում են»,- ասաց մասնագետը: Նրա խոսքով՝ եղանակային այս պայմաններին չպետք է մոռանալ երիտասարդներին, ովքեր դրսում աշխատում են արեւի ճառագայթների ներքո: Այս շրջանում նրանք մշտապես պետք է լինեն բժշկի հսկողության տակ եւ իրենց դեղորայքը ճիշտ ժամանակին ընդունեն:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ԱՆՇԱՀԱՎԵՏ ԴԻՐՔՈՒՄ
«Բաց երկնքի» քաղաքականությունը խնդիրներ է առաջացնում հայկական ավիափոխադրողի համար, իսկ օտարերկրյա փոխադրողների համար այն բավականին շահավետ է: Այս մասին երեկ հայտարարել է «Էյր Արմենիա» ավիաընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանը: Ըստ նրա, օրինակ՝ Երեւան-Մոսկվա երթուղու վրա հայկական կողմը ռուսական օդանավակայանին վճարում է 8.40 դոլար տուրք գնացող-եկող մեկ ուղեւորի համար, գումարած նաեւ` 6.50 դոլար` միայն եկողի համար: Մինչդեռ նույն օդանավակայանից ռուսական ավիաընկերությունները 8.40 դոլարի փոխարեն վճարում են դրա մոտ 20%-ը. «Այսինքն` ի սկզբանե հայկական կամ այլ երկրի փոխադրողի ինքնարժեքը 20 դոլարով բարձր է ռուսականից»,- արձանագրել է նա:
ՄԵԿՆԵԼ Է ԹՈՒՐՔԻԱ
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին երեկ երկօրյա այցով մեկնել է Անկարա: Թուրքիայի արտգործնախարարի, վարչապետի եւ նախագահի հետ նախատեսված հանդիպումների ընթացքում կողմերը քննարկելու են համագործակցության ընդլայնման հնարավորություններն ու տարածաշրջանային հարցերը:
ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ ԴԱՐՁԱՎ
Տաշքենդում ավարտվել է ըմբշամարտի հունահռոմեական ոճի աշխարհի առաջնությունը։ 75 կգ քաշային կարգի մրցումների եզրափակիչ գոտեմարտում Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Ջուլֆալակյանը 4:0 հաշվով հաղթել է խորվաթ ըմբիշ Նեւեն Զուգաժին: Իսկ մինչ այդ նա արդեն հաղթել էր ադրբեջանցի Էլվին Մուրսալիեւին (9:0), ավստրիացի Ֆլորիան Մաչլային (12:1), մեքսիկացի Լեւին Էսկոբարին (11:2) եւ վրացի Զուրաբ Դաթունաշվիլիին (1:0): Այսպիսով` Ջուլֆալակյանն առաջին անգամ նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը:
ՓԱՍՏԱԲԱՆԸ ԺՊՏԱՑԵ՞Լ Է
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարի գործով դատական նիստի ընթացքում երեկ տուժող Արթուր Հակոբյանը վրդովվել է Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի՝ «Նիվա» մակնիշի ավտոմեքենայում տեղադրված գազի բալոնի վերաբերյալ հարցից եւ փաստաբանի ժպիտից: «Խնդրում եմ, էլի, թող էդ ժպիտը վերջացնի: Վարդա՛ն, դու ասա՛, ասա՝ թող էդ ժպիտը…»,-բղավել է տուժողը: Դատավոր Վաղինակ Մկրտչյանը որոշել է դատական սանկցիա կիրառել տուժող Արթուր Հակոբյանի նկատմամբ եւ նրանց հեռացնել դատական նիստերի դահլիճից: Դատավորն ասել է, որ դատարանը փաստաբանի ժպտալը չի նկատել:
ԿՓՈԽԵՆ
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սեպտեմբերի 17-ին ԱՄՆ Սենատի արտաքին կապերի հանձնաժողովում լսումներ կանցկացվեն Հայաստանում, Ադրբեջանում, Մակեդոնիայում ու Մոնտենեգրոյում ԱՄՆ-ի դեսպանների առաջադրված թեկնածությունների շուրջ: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում առաջադրել է էներգետիկ հարցերով պետքարտուղարի փոխօգնական Ֆրենսիս Ջեկուտային, ով ավելի վաղ աշխատել է Տոկիոյում ու Բեռլինում ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելություններում: