ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԱԽՈՂՈՒՄՆ Ի ՍԿԶԲԱՆԵ ՀԱՅՏՆԻ ԷՐ
«Վիկիլիքս»-ի կողմից հրապարակված փաստաթղթերի շարքում բացի դասական դիվանագիտական զեկուցագրերից, տեղ են գտել նաեւ, այսպես կոչված, GIF փաստաթղթերը: Վերջիններս պատկանել են ԱՄՆ Թեքսաս նահանգում գործող Startfor վերլուծական կենտրոնին: Այս կենտրոնը հանդես է գալիս համաշխարհային նշանակության իրադարձությունների մանրազնին ուսումնասիրությամբ եւ դրանց համապարփակ վերլուծությամբ: «Վիկիլիքս»-ը ծանուցում է, որ Startfor-ը հավաստի աղբյուրներ ունի աշխարհի գրեթե բոլոր անկյուններում, որոնք մատակարարում են բազմակողմանի տեղեկություններ: Ավելին՝ Startfor-ը վերլուծություններ է կատարում ինչպես մասնավոր կազմակերպությունների, այնպես էլ ԱՄՆ Ազգային անվտանգության դեպարտամենտի, ԱՄՆ Ծովային ու Պաշտպանության վերլուծական կենտրոնների համար:
Startfor-ի անանուն վերլուծականներից մեկը պատմում է 2009թ. հոկտեմբերին տեղի ունեցած իրադարձությունների մասին: Քննելով հայ-թուրքական հարաբերությունների զարգացման հնարավորությունը՝ հեղինակը դրանք շաղկապում է Լեռնային Ղարաբաղի հարցի ուղղությամբ տարվող բանակցությունների հետ: Ըստ փաստաթղթի՝ այն նույն պահին, երբ նախապատրաստվում էր հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը, ղարաբաղյան հարցում ընթանում էին ինտենսիվ բանակցություններ, որոնք, սակայն, վերջին պահին ուղղակիորեն տապալվեցին: Արդ, Startfor-ի վերլուծաբանը փորձում է հասկանալ, թե ԼՂ բանակցությունների տապալումն ինչ ազդեցություն է ունենալու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վրա եւ, ի վերջո, ով է իրականում պատասխանատու Ղարաբաղի հարցում այդքան նշանակալի փուլի ձախողման համար:
Startfor-ը փաստում է, որ բանակցային գործընթացի ճանապարհային քարտեզը պետք է ենթադրի, թե ինչպիսի ճակատագիր է ունենալու «վիճելի տարածք ԼՂ-ն»: Ըստ հեղինակի՝ բանակցությունների արդյունքը պիտի լինի այն, որ ՀՀ-ն դադարեցնի քաղաքական ու ռազմական աջակցությունը ԼՂ-ին, իսկ Ադրբեջանը հատուկ կարգավիճակ շնորհի իր սահմաններում եւ ճանապարհային միջանցք ապահովի ՀՀ-ի ու ԼՂ-ի միջեւ: Վերլուծությունից պարզվում է, որ բանակցությունների տապալման պատճառը հրապարակայնորեն համարվել է ԼՂ-ի անհամաձայնությունը. իբր վերջինիս ղեկավար շրջանակները համաձայն չեն եղել մի շարք դրույթների հետ եւ բանակցային սեղանի շուրջ տեղ ունենալու ցանկություն են հայտնել:
Հեղինակը, սակայն, իրականում չի հավատում նշյալ պատճառաբանությանը, այլ շեշտում է, որ բանակցությունների տապալման պատճառն ավելի խորն է ու ինչ-որ տեղ կապված է հայ-թուրքական հարաբերությունների հետ: Startfor-ը հիմնականում մատնանշում է երկու իրական հանգամանք, որոնք կարող են ազդեցություն ունեցած լինել ԼՂ բանակցությունների տապալման գործում: Առաջին պարագան պայմանավորելով թուրքական գործոնով՝ հեղինակը արձանագրում է, որ Թուրքիան փակել է Հայաստանի հետ սահմանները Ղարաբաղյան պատերազմից հետո՝ ի նշան Ադրբեջանի հետ համերաշխության: Թուրքերը վերջին շրջանում բանակցությունների մեջ են եղել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար, ինչը, սակայն, խիստ անհանգստացրել է Ադրբեջանին: Հեղինակը հավելում է, որ պաշտոնական Անկարան փորձել է հանգստացնել Բաքվին՝ վստահեցնելով, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն օգտագործվելու է վերջինիս սեղմելու համար: Թուրքիան հայտնել է, որ Հայաստանը պետք է լուծի ԼՂ հիմնախնդիրը շուտափույթ կերպով, մինչեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը: Հեղինակը նկատում է, որ, հաշվի առնելով Բաքվի անհանգստությունը եւ այդ գործոնի նշանակությունը Թուրքիայի համար, հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը ԼՂ բանակցությունների տապալման ֆոնին մշուշոտ է:
Այսուհանդերձ, Startfor-ի վերլուծաբանը, վկայակոչելով Բաքվի իրենց աղբյուրներին, հայտնում է, որ Թուրքիան կարող է չնախաստորագրել արձանագրությունները: Դրա փոխարեն Ցյուրիխում կստորագրվի անհստակ ու անորոշ մի փաստաթուղթ, որով կազդարարվի հարաբերությունների կարգավորման լոկ սկիզբը: Հեղինակը հայտնում է, որ ոչ մի գործնական ու իրական մոտեցում չի լինելու, թե ինչպես է ընթանալու հարաբերությունների կարգավորումը: Սա նշանակում է, որ բանակցությունների շարունակումը անխուսափելի է լինելու: Startfor-ը եզրակացնում է, որ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ կնքվելիք փաստաթուղթն իրականում ունենալու է զուտ խորհրդանշական դերակատարություն՝ զուրկ որեւէ գործնական ու առարկայական նշանակությունից:
Հարկ ենք համարում ընթերցողի ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ սույն վերլուծությունը կատարվել է Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրումից առաջ: Դրանով փաստվում է, որ միջազգային հարթակում արդեն իսկ կար այն ընկալումը, որ հայ-թուրքական արձանագրություններն ամենեւին էլ խոստումնալից հանգրվան չեն եւ հարաբերությունների կարգավորման ոչ մի իրական հնարավորություն չեն ստեղծում: Եթե Հայաստանի իշխանությունները գործընթացը սկսելուց առաջ կամ դրա ընթացքում չեն ստացել նման տեղեկություններ, ապա ակնհայտ է, որ Հայաստանի հետախուզությունն ու արտաքին հարաբերությունների համար պատասխանատու կառույցը, մեղմ ասած, իրենց գործը չեն կատարել: Եթե, այդուհանդերձ, նման տեղեկություններ եղել են, բայց իշխանությունները մասնակցել են թուրքական բեմադրությանը, ապա սա էլ խոսում է իշխանությունների քաղաքական սնանկության մասին: Ի վերջո, ինչպե՞ս կարելի էր ցեղասպանության փաստը կասկածի տակ դնելու գնով մասնակցել թուրքական աճպարարությանը՝ առանց որեւէ իրական երաշխիքի, որ հարաբերությունների կարգավորումն ու սահմանների բացումը տեղի են ունենալու անմիջապես: Ինչեւէ, Startfor-ի վերլուծականը քննարկում է նաեւ բանակցությունների տապալման մեջ մեծ նշանակություն ունեցած երկրորդ գործոնը, որի մասին կխոսենք հաջորդիվ:
ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Շարունակելի
ԱՄՆ-Ն ՈՒ ԵՎՐՈՊԱՆ ՊԱՏԺՈՒՄ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ
Եվրամիությունը հրապարակել է Ռուսաստանի Դաշնության նկատմամբ նոր պատժամիջոցների ցանկը, որոնք երեկվանից ուժի մեջ են մտել: Բացի այս, երեկվանից Հայաստանի ռազմավարական դաշնակից ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները խստացրել է նաեւ ԱՄՆ-ն: Այս մասին հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Այս պատժամիջոցները վերաբերում են պաշտպանության, էներգետիկայի եւ ֆինանսական ոլորտներին:
Այսպիսով, ԵՄ-ն արգելել է վարկեր տրամադրել ռուսական վառելիքաէներգետիկ երեք՝ «Ռոսնեֆտ», «Տրանսնեֆտ» եւ «Գազպրոմնեֆտ» ընկերություններին: Ի դեպ, այս ընկերությունների անունները հրապարակվել են Եվրամիության պաշտոնական տեղեկագրում: Այս տեղեկագրում տեղ են գտել նաեւ պաշտպանական երեք խոշորագույն կոնցեռնները՝ «Ուրալվագոնզավոդ»-ը, «Օբոռոնպռոմ»-ը եւ «Ավիաշինական միացյալ կորպորացիա»-ն: Բացի այդ, ԵՄ-ը պատժամիջոցներ կկիրառի նաեւ պաշտպանական մի շարք ձեռնարկությունների հանդեպ, ինչպիսիք են «Սիրիուս»-ը, «Ալմազ-Անթեյ»-ը, «Կալաշնիկով»-ը եւ այլն: Այդ ընկերություններին արգելվել է երկակի նշանակության եվրոպական տեխնոլոգիաների մատակարարումը: Պատժամիջոցներից չեն խուսափել նաեւ ֆինանսական կառույցները: Այսինքն՝ սահմանափակումներ են մտցվել ռուսական հինգ բանկի՝ «Սբերբանկ», «ՎՏԲ», «Գազպրոմբանկ», «ՎԷԲ», «Ռոսսելխոզբանկ», նկատմամբ՝ կապված փոխառություն տրամադրելու ու ներդրումային ծառայություններ ցուցաբերելու հետ:
Նշենք, որ ԵՄ-ի նոր պատժամիջոցներից անմասն չեն մնացել ԴԺՀ-ի վաչապետ Ալեքսանդր Զախարչենկոն, ռուս պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին, «Ռոստեխ» պետական կորպորացիայի ղեկավար Սերգեյ Չեմեզովը եւ այլոք: Այսպիսով, ԵՄ-ի «սեւ ցուցակ»-ում ընդգրկվածների թիվը հասել է 119-ի:
Ռուսական «Ռիա նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԵՄ-ի կողմից Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հետ կապված հայտարարել է, որ այն կարող է ձախողել Ուկրաինայի ճգնաժամի խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերը:
Իսկ ահա «ZN.UA»-ի փոխանցմամբ՝ Կիեւում Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը հայտարարել է, որ ԵՄ-ը Ուկրաինային կհատկացնի 8 միլիարդ եվրո՝ բարեփոխումներ իրականացնելու համար:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՑ ՀԵՌԱՆՈՒՄ ԵՆ
Դեռ նախորդ տարվա աշնանը Գյումրու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանին հրաժարականի դիմումներ էին ներկայացրել քաղաքապետարանի արտաքին կապերի, տուրիզմի եւ արարողակարգի բաժնի պետ Վիլենա Եղիազարյանը եւ կրթության բաժնի պետ Արմեն Նախշքարյանը: Եթե արտաքին կապերի, տուրիզմի եւ արարողակարգի բաժնի պետի ազատման պատճառն անհայտ մնաց, ապա Արմեն Նախշքարյանի դեպքում խոսակցությունները բազմազան էին:
Քաղաքում շրջանառվող լուրերի համաձայն՝ Ս. Բալասանյանը Ա.Նախշքարյանին հանձնարարել է աշխատանքից ազատել նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի բարեկամուհիներից մեկին, ով աշխատում է համայնքային նախադպրոցական հաստատություններից մեկում: Ինչին, սակայն, դեմ է եղել Ա.Նախշքարյանը՝ նշելով, որ նման բան չի կարող անել, որովհետեւ Վ. Ղուկասյանի բարեկամուհին լավ է աշխատում: Շրջանառվող մեկ այլ վարկածի համաձայն՝ վերջին շրջանում Ա.Նախշքարյանի եւ քաղաքապետի միջեւ որոշ անհամաձայնություններ են առաջացել: Քաղաքապետը գումար չի հատկացրել մանկապարտեզների տանիքների վերանորոգման եւ այլ խնդիրների համար: Այս պարագայում Ա.Նախշքարյանը նպատակահարմար է գտել ազատման դիմում գրել: Սրանք շրջանառվող խոսակցություններն են, որոնց իսկությունը քաղաքապետարանից հերքեցին, իսկ կրթության բաժնի նախկին պետն էլ բացատրություններից զերծ մնաց:
Ինչպես երեւում է՝ նոր քաղաքապետի օրոք բաժնի պետերի աշխատանքից հեռանալը ավանդույթի վերածվեց: Ընդամենը մի քանի օր առաջ՝ սեպտեմբերի ութին, աշխատանքից ազատման դիմում ներկայացրին Գյումրու քաղաքապետարանի մշակույթի եւ երիտասարդության հարցերով բաժնի պետ Արտաշես Կարապետյանը եւ իրավագիտության բաժնի պետ Արտակ Ղազարյանը: Վերջինս իր աշխատանքից հեռանալը բացատրում է մեկ այլ՝ առավել հարմար աշխատանքի անցնելու հանգամանքով: Իսկ ահա Ա. Կարապետյանը՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանի հայրը, բոլորովին այլ բացատրությամբ հանդես եկավ:
«Մարտի 6-ից աշխատանքի եմ եկել. հենց այդ օրը քաղաքապետն առանձին իր մոտ կանչեց բաժնի ամբողջ աշխատակազմին եւ հրամայեց, որ ինձ հետ ոչ մի շփում չունենան: Մի կերպ 20 օր այդ պայմաններին դիմանալուց հետո 6 ամսով չվճարվող արձակուրդի գնացի: Վերադառնալուց հետո ազատման դիմում գրեցի: Փորձեցի անձամբ դիմումս ներկայացնել քաղաքապետին, որպեսզի հարցնեի, թե որն է իմ հեռանալու պատճառը, գուցե մեծ հանցանք եմ գործել, որին տեղյակ չեմ, եթե այդպես էր՝ ես հպարտ չեմ, պատրաստ էի ներողություն խնդրելու: Քարտուղարուհին մտավ մոտը, դուրս եկավ, ասաց՝ չի կարող ձեզ ընդունել, ասացի՝ զոռով կմտնեմ, ասաց՝ չես գտնի իրեն, հանգստի սենյակ է գնացել, ու այդպես էլ թաքնվեց, չհանդիպեց ինձ»,-«Ժողովուրդ»-ին պատմեց նախկին բաժնի պետը: Վերջում հավելեց, որ ինքն արդեն նոր աշխատանք ունի, միայն նախորդ աշխատանքից ազատվելու իրական պատճառն իսկապես կուզեր իմանալ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել նաեւ Ս. Բալասանյանի մամուլի քարտուղար Զոհրապ Եգանյանը:
ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ