Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանին առաջինը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը:
Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի Սերժ Ազատի,
Ընդունեք սրտանց շնորհավորանքներ Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:
Բարեկամության, փոխադարձ հարգանքի և մշակութային նմանությունների բազմադարյա ավանդույթների վրա հիմնված ռուս-հայկական հարաբերությունները հաջողությամբ զարգանում են դաշնակցային գործընկերության ոգով: Փոխշահավետ համագործակցությունը քաղաքական, առևտրատնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար ոլորտներում որակական նոր մակարդակի է բարձրանում եվրասիական ինտեգրացիոն նախագծում Ձեր երկրի ներգրավվման լույսի ներքո:
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կապահովենք երկկողմ կապերի ողջ համալիրի հետագա զարգացումը, տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի լուծման գործում ջանքերի արդյունավետ կոորդինացիան: Դա, անկասկած, համապատասխանում է Ռուսաստանի և Հայաստանի եղբայրական ժողովուրդների արմատական շահերին:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և նոր հաջողություններ, իսկ Ձեր բոլոր հայրենակիցներին՝ բարօրություն և բարգավաճում»,-ասված է ՌԴ Նախագահի շնորհավորական ուղերձում: