“Հայ ազգային կոնգրես” ընդդիմադիր դաշինքի մաս կազմող Հայոց համազգային շարժման վարչության նախագահ, թիվ 4 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված Արամ Մանուկյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, թե նկատել է, որ Ժողովուրդը կարողանում է հաղթահարել նախընտրական քարոզարշավի փուլում ստեղծված վախի մթնոլորտը:
“Տպավորիչ էր երեկ Վանաձորի հանրահավաքը, որը հիշեցնում էր 1988-ի հանրահավաքները: Ակտիվացում է նկատվում և ես դրա մեջ եմ տեսնում կեղծիքները բացառելու հիմնական երաշխիքը”,- ասաց նա և հիշեցրեց, որ ՀԱԿ վերջին հանրահավաքը տեղի կունենա մայիսի 3-ին Երևանում:
Անդրադառնալով նախընտրական քարոզարշավի ընթացքում հանդիպած խոչընդոտներին՝ նա ասաց, որ Սպիտակ գնալու ճանապարհին որոշ գյուղերի ճանապարհներ փակ էին, սակայն դա այնքան էլ մեծ ազդեցություն չի ունեցել իրենց գործունեության վրա: Արամ Մանուկյանը նաև նշեց, որ այսօրվա խորհրդարանում ութսունից ավել միլիոնատեր կա, և նույնքան մարդ, որոնք տարիներ շարունակ մի բառ չեն արտասանել և չգիտեն ինչ է պառլամենտարիզմը:
“Դա մեր ժողովրդի դժբախտությունն է: Խորհրդարանը լցված է մարդկանցով, որոնց կանչում են քվեարկելու այս կամ այն հարցի համար քվեարկելու: Եթե ժողովուրդը չկարողանա ուղարկել խորհրդարան մարդկանց ովքեր գրագետ են, ուրեմն վայն եկել է մեզ տարել”,-ասաց նա ավելացնելով որ եթե քաղաքական ուժերը և ժողովուրդը խոհեմ լինեն և նորմալ մարդկանց ուղարկեն խորհրդարան, ապա կշահի Հայաստանը:
Ժողովուրդը կարողանում է հաղթահարել վախի մթնոլորտը. Ա. Մանուկյան
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ