361 ՀԿ-ներ սատարում են ՀՀԿ-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի Հանրապետական կուսակցությանը աջակցելու և առաջիկա խորհրդարանական ընտրություններում սատարելու մասին հայտարարությամբ են հանդես եկել 361 հասարակական կազմակերպություններ, որոնք տարբեր ժամանակահատվածներում պարբերաբար համագործակցել են ՀՀԿ-ի հետ: Վերջիններս ներկայացնում են հաշմանդամների, կրթամշակութային, սպորտի, սոցիալական, ազգային փոքրամասնությունների, գյուղատնտեսական, ռազմահայրենասիրական, փախստականների  և այլ ոլորտների բազմահազար շահառուների հետաքրքրություններն ու նրանց կողմից բարձրացված հիմնախնդիրները: ՀՀԿ-ին իրենց վստահությունը հայտնելու նպատակով հրավիրված համաժողովում՝ գրանցված հասարակական կազմակերպությունները նախ ներկայացրել են իրենց գործունեության նպատակները, անցած ուղին ու ծրագրերը, որոնցում վերհանված խնդիրների լուծումը տեսնում են ինչպես ՀՀԿ-ի 20-ամյա գործունեությունում, այնպես էլ նախընտրական ծրագրում: ՀՀԿ-ին աջակցություն հայտնող և տարբեր ոլորտներում խնդիրների լուծումներ առաջադրող հասարակական կազմակերպությունների ղեկավարները ընդգծել են ներկայացված ոլորտներում վերջին տարիների աստիճանական ակնհայտ աճը և շեշտել, որ շարունակական զարգացման համար գնահատում են Հանրապետականների գործունեության կայունությունն ու հաստատուն ընթացքը: 
ՀՀԿ փոխնախագահ, կենտրոնական ընտրական շտաբի պետ   Հ. Աբրահամյանն իր խոսքում կարևորելով հասարակական կազմակերպությունների առաքելությունը, նշել է , որ ՀՀԿ-ն հաջորդ խորհրդարանում ունենալով մեծամասնություն կշարունակի իր ակտիվ համագործակցությունը հասարակական սեկտորի հետ և իր գործունեության ծրագրերում անպայման կներառի այն հիմնախնդիրները, որոնք բարձրացվել են համաժողովի կողմից: Համաժողովի մասնակից 361 հասարակական կազմակերպությունները կոչ են արել ընտրություններին մասնակից բոլոր քաղաքական և հասարակական ուժերին՝ միավորել ջանքերը երկրում արդար և ժողովրդավարության միջազգային չափանիշներին համապատասխանող ընտրությունների անցկացման գործում: Միաժամանկ հայտարարության մեջ կոչ է արվել նաև Հանրապետական կուսակցությանը առաջիկայում էլ ավելի մեծ ուշադրություն դարձնել քաղաքացիական հասարակության զարգացման խնդիրներին` բարձրացնելով  հասարակական կազմակերպությունների դերն ու նշանակությունը մեր երկրի զարգացման համար:armlur.am-ին տեղեկացնում են ՀՀԿ մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից




Լրահոս