Ի՞նչ կլիներ, եթե զինվորները հրաժարվեին կենդանիների համար նախատեսված միսն ուտել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, որ Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի Կապանի նստավայրում հրապարակվեց հայտնի «գոմեշի մսի» գործով դատավճիռը, ամեն ինչ չէ, որ իր տեղն է գցում:

Դատարանի վճռով՝ Կապանի մսի գործարանի նախկին տնօրեն Ալբերտ Օհանջանյանը դատապարտվեց 4 տարվա պայմանական ազատազրկման, բայց սա չի ապացուցում այն հանգամանքը, որ գործով որպես մեղադրյալ պետք է ներգրավվեր միայն Օհանջանյանը:

Ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ դեռևս գործի նախաքննության ընթացքում կասկածյալի կարգավիճակում էր ՊՆ 4 ծառայող ևս, այդ թվում` ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանը, ում դուրս պրծնելը բազմիցս տարբեր առիթներով քննարկման առիթ է տվել:

Ի դեպ, նշենք, որ այդ օրերին Փայտյանն աճուրդի էր հանել «Հաղթանակ» զբոսայգու դիմաց գտնվող իր առանձնատունը: Հավանաբար, նրան ստիպել էին փոխհատուցել պետությանը պատճառած վնասները: Թե նրա կողմից որքան վնաս էր հասցվել, այդպես էլ անհայտ մնաց: Ավելի քան 2 տարի ընթացող քննությունը փորձում էր հաշվարկել, թե որքան է եղել պետությանը պատճառած վնասի չափը` 126 մլն դրամ վերջնահաշվարկով:

Գոմեշի մսի գործով նախորդ տարվա մարտի 26-ին փոխգնդապետ էր ձերբակալվել: ՀՀ ԶՈւ` գոմեշի մսի մատակարարման փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցված քրգործով կատարված նախաքննության ընթացքում ՀՀ քրօրի 376-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով (ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքը, որը առաջացրել է ծանր հետևանքներ), ձերբակալվել է N զորամիավորման պարենային ծառայության պետը: 

Ավելի ուշ` փետրվարի 20-ին, ձերբակալվել են ևս երկուսը՝ N զորամասի հրամանատարի նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալը և նույն զորամասի պարենային պահեստարանի պետը: Վերջիններիս մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրօրի 376-րդ հոդվածով (անփույթ վերաբերմունք ծառայության նկատմամբ):

Թեպետ քննության ընթացքում Օհանջանյանն ազատ էր արձակվել ծանր հիվանդության պատճառաբանությամբ, ու նրա մոտ ախտորոշվել էր «շաքարային դիաբետ, արյան շրջանառության սուր անբավարարություն, զարկերակային հիպերտենզիա», իսկ խափանման միջոց կալանավորումն էլ փոխվել էր ստորագրությամբ չհեռանալով, քանի որ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում հնարավոր չէր ապահովել Օհանջանյանի մշտական հետազոտումը և բուժումը, այդուհանդերձ, գործի ողջ պատասխանատվությունը կրեց Օհանջանյանը, ով, կարծում ենք, միայնակ այդչափ խախտումներ անել ի վիճակի չէր լինի:

Փաստորեն, նրանք, ովքեր, մեղմ ասած, ծառայողական անփութություն դրսևորելով՝ զինվորներին տևական ժամանակ գործածության համար ոչ պիտանի, հնդկական գոմեշի միս էին մատակարարում, որը արտադրվում է կենդանիներին ու գազաններին կերակրելու համար, անպատիժ մնացին: Իսկ հավանականությունը, որ նման դեպքերը կարող են կրկնվել մոտ ապագայում և, ցավոք, կրկին անպատիժ մնալ, շատ մեծ են:




Լրահոս