Ս. Սարգսյանը նախընտրական հանդիպումներ է ունեցել Կոտայքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր նախընտրական հանդիպումներ է ունեցել Կոտայքի մարզում: Հանրապետական կուսակցության նախագահն այցելել է մարզի Քասախ, Պռոշյան, Եղվարդ, Նոր Գեղի, Նոր Հաճըն, Գառնի համայնքներ, հանդիպել տեղի ընտրողների հետ: Առաջիկա օրերին Սերժ Սարգսյանը Կոտայքի մարզի մի շարք այլ համայնքների ընտրողների հետ ևս նախընտրական հանդիպումներ կունենա: Հանրապետական կուսակցության նախագահը, ինչպես քարոզարշավի անցած օրերին իր այցելած բոլոր բնակավայրերում, Կոտայքում ևս ընտրողներին ներկայացրել է իր գլխավորած կուսակցության դիրքորոշումներն ու ծրագրերը, անցած հինգ տարիներին այս մարզում, նրա առանձին բնակավայրերում, նաև ամբողջ հանրապետությունում իրականացված աշխատանքները՝ սկսած դպրոցաշինությունից, մշակութային օջախների և առողջապահական հաստատությունների հիմնանորոգումից, կառուցումից, վերջացրած ճանապարհաշինության, խմելու և ոռոգման ջրի խնդիրների լուծման աշխատանքներով: Այս ամենը, սակայն, Սերժ Սարգսյանի խոսքով, դեռևս բավարար չէ. ՀՀԿ-ն նախատեսում է իրականություն դարձնել համալիր փոփոխությունների իր այն ծրագիրը, որով կուսակցությունը ներկայանում է ընտրողներին՝ նպատակ ունենալով արժանապատիվ ապրելու և աշխատելու լավագույն հնարավորություններ ստեղծել Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հանրապետական կուսակցությունն անցած տարիներին իրականացրած աշխատանքների հետ միասին ստիպված է եղել հաղթահարել շատ դժվարություններ. “Այս ընթացքում մենք դիմակայել ենք բազմաթիվ փորձությունների, դիմակայել ենք համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին, որևէ սոցիալական ծրագիր չենք կրճատել, որոշ դեպքերում ավելացրել ենք թոշակ և աշխատավարձ, մենք դիմակայել ենք մեր տարածաշրջանում առաջացած անվտանգության սպառնալիքներին, փորձ ենք ձեռք բերել, դիմակայել ենք նաև մեր ներքին խնդիրներին”,-ասել է Սերժ Սարգսյանը: Հանրապետական կուսակցության “Ավելի լավ Հայաստան յուրաքանչյուրի համար” կարգախոսը, ըստ առաջատար այս քաղաքական ուժի ղեկավարի, նշանակում է ավելի բարեշեն բնակավայրեր, ավելի բարեկեցիկ ընտանիքներ, ավելի շատ վաստակող Հայաստան, որ օր-օրի պետք է ընդլայնի իր հնարավորությունները թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական ասպարեզներում: Դրա համար, Սերժ Սարգսյանի համոզմամբ, բոլորը՝ սկսած երկրի նախագահից, նախարարներից, վերջացրած տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներով ու հասարակ բանվորով և գյուղացիով, պետք է կարողանան իրենց վստահված օղակում ավելի լավ, ավելի սրտացավ ու նպատակաուղղված աշխատել և ամենակարևորը՝ հավատան իրենց ուժերին ու ավելի բարեկեցիկ և հզոր երկիր ունենալու նպատակին: Ես հավատում եմ, որ մենք լավ երկիր ենք հանձնելու այդ սերնդին: Այդ երկիրը մենք ստեղծում ենք միասին՝ ձեր բոլորի և մեզնից յուրաքանչյուրի համար: Մենք ստեղծում ենք երկիր, որպեսզի երաշխավորենք ոչ միայն մեր ընտանիքների, այլև մեր գալիք սերունդների բարեկեցությունը”,-Գառնիում ասել է ՀՀԿ նախագահը:




Լրահոս