Թուրքիան պետք է հանդես գա դատապարտող հայտարարությամբ. Վիգեն Սարգսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն անդրադարձել է Դեր Զորում Սրբոց Նահատակաց եկեղեցու դեմ իրականացված ահաբեկչությանն ու նշել, որ, եթե Թուրքիան կապ չունի այդ ամենի հետ, ապա պետք է հանդես գա դատապարտող հայտարարությամբ: Սարգսյանի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

 «Հայաստանի անկախության օրը ISIS-ի գրոհայիններն ականապատել և պայթեցրել են Սիրիայի Դեր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին: Դեր Զորն անապատ է, որը դարձել է մահվան ճանապարհ մեկուկես միլիոն հայերի համար, ովքեր զոհվել են Օսմանյան կայսրության կողմից պլանավորված և իրականացված 1915 թվականի Հայոց ցեղասպանության հետևանքով: Դա ևս մեկ ապացույց է, որ ցեղասպանության հանցագործությունը կշարունակվի այնքան, քանի դեռ այն չի ճանաչվել և չի պատժվել ամբողջությամբ: Եթե Թուրքիան կապ չունի Դեր Զորում Սրբոց Նահատակաց եկեղեցու դեմ իրականացված ահաբեկչական գործողության հետ, այն պետք է անմիջապես հանդես գա համապատասխան դատապարտող հայտարարությամբ»:

Հիշեցնենք, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ականապատել և պայթեցրել է Դեր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին:




Լրահոս