ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ՀԵՏ ՀԱՍԱԿԱԿԻՑ ԼԻՆԵԼՆ ԷԼ Է ՊԱՏՃԱՌ ՀԱՆԴԻՍԱՑԵԼ
Օրերս Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակվել են ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի տեղակալները։ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակվել Արամ Թամազյանը, ով մեկ այլ հրամանագրով, իր դիմումի համաձայն, ազատվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից: Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության պետ է նշանակվել Վահագն Հարությունյանը, իսկ մյուս տեղակալն ու զինվորական քննչական գլխավոր վարչության պետը Արմեն Հարությունյանն է, ով մեկ այլ հրամանագրով ազատվել է ՀՀ ՊՆ քննչական ծառայության պետի պաշտոնից։ Քննչական կոմիտեի ղեկավարի տեղակալ է նշանակվել իրավաբանական գիտությունների դոկտոր Արթուր Ղամբարյանը։

Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցեց քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արամ Թամազյանի հետ, ով հայտարարեց, որ իրենք այսօրվանից արդեն սկսելու են իրենց բնականոն աշխատանքը:
-Պարոն Թամազյան, մշտապես հայտարարել եք, որ Դուք մնալու եւ աշխատելու եք ՀՀ գլխավոր դատախազությունում: Ինչո՞ւ որոշեցիք գնալ ՀՀ Քննչական կոմիտե։
-Ընդամենը մի քանի օր առաջ է ինձ Քննչական կոմիտեում աշխատելու առաջարկություն եղել, ես էլ ընդունել եմ այդ առաջարկությունը: Ես ասել եմ` հանրապետության նախագահը որտեղ կառաջարկի ինձ աշխատել, ես այնտեղ էլ կհամաձայնեմ աշխատել:
-Իսկ ի՞նչն էր պատճառը, որ այսքան տարի դատախազությունում աշխատելուց հետո, որոշել եք տեղափոխվել քննչական ոլորտ:
-Ես մինչ այս՝ 9 տարի աշխատել եմ այլ համակարգում՝ ոստիկանությունում, 16 տարի աշխատել եմ քննիչ, որից 12 տարին աշխատել եմ՝ որպես կարեւոր գործերով քննիչ: Այնպես որ, քննչական համակարգում աշխատելու երկար փորձ ունեմ: Այսինքն՝ սա այն բաղնիսն է, որի վրա կառուցվում է վերնաշենքը, իսկ բաղնիսը պետք է ամուր լինի, որ վերեւի շենքն էլ կայուն լինի: Այդտեղ քննության լրիվության, բազմակողմանիության, օբյեկտիվության, լիքը խնդիրներ կան, որոնց դեռեւս չեմ ցանկանում անդրադառնալ:
-Կարելի՞ է ասել, որ Դուք նախընտրում եք աշխատել Աղվան Հովսեփյանի հետ, քանի որ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հետ դժվար է աշխատելը։ Համենայն դեպս` այդպես են ասում նրա հետ աշխատողները:
-Այդպիսի խնդիր չի եղել: Աշխատանքային հարաբերությունները լրիվ նորմալ են, չնայած գիտեք՝ տարիքային տարբերությունը մեծ է, Հովսեփյանի հետ մենք հասակակիցներ ենք, իսկ Կոստանյանի հետ զգալի տարիքային տարբերություն կա: Այս տարիքային տարբերությունն ինչ-որ տեղ չգիտեմ դուք ինչպես կգնահատեք, բայց աշխատանքային որեւէ լուրջ խնդիր չի եղել, մեր աշխատանքային հարաբերությունները եղել են բավականին առողջ եւ արդյունավետ: Ես այնտեղ սպասարկել եմ մեղադրանքի պաշտպանության ոլորտը ու այդ ոլորտում արդեն զգալի դրական տեղաշարժեր նկատվել են, այս մեկ տարվա ընթացքում: Չհաշված այլ ոլորտները՝ պետական շահերի պաշտպանություն ու այլն:
-Դատախազությունն արդեն կայացած համակարգ է, իսկ Քննչական կոմիտեն նորաստեղծ մի մարմին է, եւ դեռեւս հստակ չէ, թե այն ինչ գործունեություն է ծավալելու: Կարելի է ասել` Դուք կայացած կառույցից գնում եք անորոշ մի տեղ:
-Ես ձեզ մի բան ասեմ. առաջին հայացքից է թվում, թե շատ նոր կառույց է, որովհետեւ նորը հարաբերական է, այնքանով, որքանով այդ մարմինները ձեւավորվել են Պաշտպանության նախարարության եւ ոստիկանության քննչական ապարատի հենքի վրա: Ճիշտ է, նոր կառույց է, սակայն հենքը բավականին հին է, այնպես որ կազմակերպչական բնույթի զգալի անելիքներ կան:
-Պարոն Թամազյան, կառույցը նոր է կազմավորվում, սակայն հին «դեմքերն» են հիմնականում կոմիտեում աշխատելու: Որքանո՞վ եք դա ճիշտ համարում:
-Ես ավելի համամիտ եմ նրա հետ, որ պրոֆեսիոնալ կադրերը կարող են իրենց զբաղեցրած պաշտոնում երկար տարիներ աշխատել, հիմա, ասենք, եթե քննիչը 20 կամ 30 տարվա քննիչ է, այդտեղ ի՞նչ վատ բան կա, եթե բժիշկը 20 տարվա բժիշկ է, ապա այդտեղ ի՞նչ կա, ինչի՞ համար ենք մենք միայն վատը տեսնում, ինչո՞ւ ենք մենք այդ մարդու ստաժը համարում բացասական հանգամանք, ես համաձայն չեմ դրա հետ: Իհարկե նոր դեմքեր կան այդտեղ, գիտեք նաեւ, որ մի նոր տեղակալ է նշանակված՝ Ղամբարյան, ով իրավաբանական գիտությունների դոկտոր է, 31 տարեկան երիտասարդ է, փայլուն գիտելիքներով, քրեական դատավարության, սահմանադրական իրավունքի փայլուն մասնագետ:
-Բայց այդ նույն մարդիկ, ովքեր անընդհատ պաշտոնից պաշտոնի են «տեղափոխվում», հասարակության մոտ վստահություն չունեն: Անգամ նշվեց, որ Մարտի 1-ը չբացահայտած խումբն այժմ էլ այլ կառույց է ձեւավորել, որը աշխատելու է նույն կերպ, ինչպես նախկինում: Նման մտավախություն չունե՞ք:
-Սխալ տեղեկություններ են տարածում, եթե դուք նկատի ունեք այդ խումբը ղեկավարողին, ապա նա այնտեղ գլխավոր վարչության պետ էր: Նույնը վերաբերում է մյուս տեղակալին, ով երկար տարիներ Պաշտպանության նախարարության քննչական վարչության պետն էր։ Կարծում եմ՝ որեւէ խնդիր չկա:

 

 

«ԱՅՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՀԱՍՑՐԵՑԻՆ, ՈՐ ԵՍ ԵՐԿԻՐԸ ԼՔԵԼ ԵՄ»

Մարտի 1-ին սպանված Տիգրան Խաչատրյանի մայրը` Ալլա Հովհաննիսյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ ինքն արդեն 1 տարի է` ապրում է Ֆրանսիայում: Նա նաեւ նշեց, որ ինքը հանձնել է իր անձնագիրն ու հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից: Մեր զրուցակցի խոսքով` եթե ՀՀ-ում իշխանափոխություն տեղի չունենա, ապա ինքը երբեք ՀՀ չի վերադառնա:

-Տիկին Ալլա, այժմ ակտիվացել են Ռոբերտ Քոչարյանի` իշխանության վերադառնալու մասին խոսակցությունները: Ինչպե՞ս եք վերաբերվում նման հավանականությանը:
-Ես չեմ հավատում, որ Ռոբերտ Քոչարյանը կվերադառնա, ես չեմ հավատում, որ նրան կարող է ժողովուրդը ընտրել, ես չեմ կարծում, որ կգտնվի մի քաղաքական ուժ, որը կգնա ու կկանգնի Ռոբերտ Քոչարյանի կողքին: Ես կարծում եմ, որ այդ տեղեկությունները Սերժ Սարգսյանն է տարածում՝ մարդկանց վախեցնելու համար, փորձելով ահաբեկել, թե ինձնից վատ մարդ կարող է գալ: Ես այդպես եմ մտածում: Համոզված եմ, որ Ռոբերտ Քոչարյանը հետ չի գալու:
-Բայց Ռոբերտ Քոչարյանը չի բացառում իր վերադարձի հնարավորությունը:
-Ես գիտեմ, որ ինքը նման բան հայտարարել է, բայց իր մտածելը շատ քիչ է, մտածում է, որ ինքը նորմալ մարդ է, բայց ինքը արնախում է, մարդասպան է։ Ինքը շատ մեծ կարծիքի է, բայց սխալ է մտածում: Քոչարյանն այժմ քաղաքականություն վերադառնալու փորձեր է անում, բայց ես կարծում եմ, որ դրանք ապարդյուն փորձեր են:
-Իսկ եթե Ռոբերտ Քոչարյանը պաշտոնապես հայտարարի իր վերադարձի մասին, Դուք անձամբ վերադառնալո՞ւ եք ՀՀ, որպեսզի պայքարեք նրա իշխանության դեմ:
-Ոչ, որովհետեւ ինձ համար Սերժը Քոչարյանից ոչ մի բանով լավը չի, ինչի պետք է պայքարեմ Քոչարյանի դեմ, եթե Սերժն ինձ համար նույն Քոչարյանն է ու հակառակը: Ես կարողացա՞ Սերժի դեմ 5 տարի պայքարել, չկարողացա, չէ՞, հիմա եթե Քոչարյանը գա, էլի պետք է նույնը լինի: Իսկ եթե կամ Սերժ Սարգսյանը պետք է լինի, կամ Ռոբերտ Քոչարյանը, եթե մենք Հայաստանում այլ թեկնածու չունենք, այդ երկու արնախումները պետք է լինեն, ապա ինձ համար նրանցից որ մեկն էլ լինի՝ միեւնույն է: 6 տարի Սերժ Սարգսյանը մեզ մատերի վրա խաղացրել է:
-ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը հայտարարել է, որ Մարտի 1-ին սպանվածների գործը…
-Այնքան անամոթ են, ցինիկ են, լկտի են, որ Աղվան Հովսեփյանը վեր է կենում ու հայտարարում, թե սպանությունները բացահայտված են… բայց 10 սպանությունից 1-ը չի բացահայտվել: Մեզ դատարաններում այն աստիճանի հասցրեցին, որ մենք դիմեցինք Եվրադատարան, այն աստիճանի հասցրեցին, որ ես երկիրը լքել եմ, աշխատանքից զրկվել եմ, անընդհատ հետապնդվել ու հալածվել եմ: Չնայած դրան ես ապրում եմ Հայաստանով, Սբխեչի օրն էր ու ես այդպես էլ չկարողացա իմ որդու գերեզմանին գնամ, ինձ համար այնքան ծանր օր է, շատ վատ վիճակում եմ գտնվում, երբ որ իմ էրեխու գերեզմանը այդտեղ է, իսկ ես ուրիշ երկրում: Ես շատ- շատ եմ ցանկանում վերադառնալ, բայց ինչպե՞ս:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 
ԼՈՒՐԵՐ

ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ՀԱՇՎԻՆ
Թեեւ Հայաստանի քաղաքական դաշտի շատ ներկայացուցիչներ քննադատեցին ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը մասնակցելու քայլը, այնուամենայնիվ, նա անդրդվելի մնաց եւ գնաց Թուրքիա: Եվ պարզվում է` ԱԳ նախարարի եռօրյա այդ այցը դեպի մեր հարեւան երկիր, բավականին թանկ է նստել ՀՀ պետբյուջեի վրա: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Նալբանդյանի այցի համար ՀՀ պետբյուջեից 3 մլն 667 հազար ՀՀ դրամ է ծախսվել: Այդ գումարով գնվել են Նալբանդյանի՝ Երեւան-Մոսկվա, Մյունխեն-Անկարա եւ Անկարա-Մյունխեն-Մոսկվա-Երեւան ավիատոմսերը, ինչպես նաեւ վճարվել Անկարայում եւ Մոսկվայում մնալու նրա օրապահիկները ու գիշերավարձերը:
Ի դեպ, պետբյուջեին այդքան վնաս հասցնելով արտաքին գործերի նախարարը մասնակցել է այն նախագահի երդմնակալության արարողությանը, ով դրանից օրեր առաջ՝ իր հերթական քարոզարշավի ընթացքում հայտարարել էր. «Ինձ վրացի են անվանել: Ներողություն եմ խնդրում, սակայն, ավելի վատ՝ ինձ նույնիսկ հայ են անվանել: Սակայն ես թուրք եմ»:

 

ՉԵՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ
ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի բնակիչները հայտնվել են անելանելի իրավիճակում: Ճամբարակի քաղաքապետ Յուրիկ Ավալյանի խոսքով՝ թեեւ 819 բնակարանի տանիք եւ ավելի քան 150 մեքենա է վնասվել սեպտեմբերի 4-ին տեղի ունեցած կարկուտի հետեւանքով, սակայն, մինչ օրս որեւէ փոխհատուցում չեն ստացել մարդիկ: Այն վարորդները, որոնց մեքենաների դիմապակիների վրա մեծ անցքեր են գոյացել, իսկ թափքի վրա կրակոցների հետքեր հիշեցնող փոսիկներ են առաջացել, դիմել են ապահովագրական ընկերություններ եւ օգնություն խնդրել: Սակայն ընկերությունները նրանց մերժել են՝ պատճառաբանելով, որ բնական աղետներից տուժելու դեպքում համապատասխան փոխհատուցում իրենք չեն կարող տրամադրել: Դե, իհարկե, նրանց առաջարկած պայմանագրերը ձեռնտու են միայն իրենց, ոչ թե բնակիչներին:
«Մեքենաների փոխհատուցում, իհարկե, կառավարությունից չենք պահանջում, բայց տանիքների մասով հույսեր ունենք: Վարորդները ստիպված են լինելու մեծ գումարներ ծախսել, դրանք վերացնելու ուղղությամբ: Կարկուտի հետեւանքով բնակիչներին հասցված վնասի վերջնական չափը ներկայացրել ենք ՀՀ կառավարություն: Հիմա այն քննարկման մեջ է»,- «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց քաղաքապետը:

 

ԽՈՍՏԱՑԵԼ Է
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Կոնդի բնակիչներից մի քանիսը վաղը հանդիպելու են ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի հետ: Թեեւ յոթ տարի է, ինչ կոնդեցիները պայքարում են իրենց բնակարանների համար, սակայն դեռ չեն կորցնում իրենց հույսը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կոնդեցիներից մի քանիսը նշեցին, որ վերջին հանդիպմանը Նարեկ Սարգսյանն իրեն անհարմար է զգացել, որ բնակիչների հետ նման բան է կատարվում եւ խոստացել է ամեն ինչ անել` օգնելու համար:

 

 




Լրահոս