ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՌԵՎԱ՞ՆՇ, ԹԵ՞ ԱԶՆԻՎ ՄՂՈՒՄՆԵՐ

1997 թվականի մարտի 20-ից, երբ ՀՀ վարչապետ նշանակվեց Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ քաղաքական դաշտում հնչում ու մշտապես անպատասխան է մնում մեկ հարց. Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան զույգը կարո՞ղ է իրական հակասություն ունենալ, թե՞ ոչ: Հիմա, երբ նրանք ակնհայտորեն կիսելու շատ բան ունեն, այդ հարցն առավել արդիական է:

Ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանը մշտապես եղել է Ռոբերտ Քոչարյանի ամենաամուր հենարանը, իշխանության «գորշ կարդինալը», այդ պատճառով էլ պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո նա անվարան իր իշխանությունը անգամ արյան գնով հանձնեց Սարգսյանին ու հեռացավ: Սակայն Սարգսյանի երիտասարդ թիմակիցները, օգտագործելով ընտանեկան կապերը, փորձեցին նրան կտրել բոլորից՝ նոր իմիջ կերտելու անհագուրդ ցանկությամբ: Անգամ պետական լրջագույն միջոցներ ծախսվեցին այդ առնչությամբ, սակայն ոչինչ չստացվեց: Ս. Սարգսյանը մնաց իր կերպարի մեջ եւ նախընտրեց պահպանել ավանդական կապերը:
Եվ հենց այդտեղ է, որ առաջ է գալիս քաղաքական ամենակարեւոր ու հետաքրքիր հարցը՝ Քոչարյանն ու Սարգսյանը իրար հե՞տ են, թե՞ միմյանց դեմ են աշխատում: Փորձենք պատասխանել երկու տեսանկյունից. տասնյակ տարիներ շարունակ նույն շահը հետապնդած ու միասին բազում արարքներ գործած պետական բարձրաստիճան պաշտոնյաները չեն կարող միմյանց դեմ գնալ, քանի որ մյուս կողմից ուժգին հարված ստանալու վտանգն առավել ցավոտ հետեւանքներ կարող է ունենալ: Բայց մյուս կողմից էլ՝ իշխանությունը քաղցր բան է եւ որեւէ մեկը չի ցանկանա հենց այնպես այն հանձնել: Հետեւաբար՝ պետք է արձանագրել, որ ե՛ւ Սարգսյանը, ե՛ւ Քոչարյանը ցանկանում են իշխանատեր լինել: Դրա համար նրանք ունեն երկու տարբերակ՝ անցնցում փոխանցել իշխանությունը, որն այսօր դեռ քիչ հավանական է թվում, կամ՝ խժդժություններ կազմակերպել, որպեսզի իշխանությանը տիրանալն ավելի հեշտ լինի:
Սերժ Սարգսյանը ցանկանում է ՀՀ Սահմանադրությունը փոխելով պահպանել իր իշխանությունը: Այսինքն՝ երբ երկիրը ընդունի խորհրդարանական կառավարման մոդելը, Սերժ Սարգսյանը կկարողանա հեշտությամբ նշանակվել, օրինակ, ԱԺ նախագահ՝ անժամկետ կառավարելով երկիրը:
Իսկ ՀՀ նախագահի աթոռը 10 տարի զբաղեցրած Ռոբերտ Քոչարյանը իշխանության վերադառնալու այլ պատկերացումներ ունի: Նա թեեւ այդ մասին ուղիղ չի արտահայտվում, այնուամենայնիվ, ստվերային գործընթացներ են գնում, որոնք միտված են Քոչարյանի վերադարձն ապահովելուն:
Ինչպես հայտնի է, Քոչարյանը խառը եւ անկառավարելի թվացող իրավիճակներում ավելի արագ է կողմնորոշվում, քան՝ Սերժ Սարգսյանը: Նրա մոտ արագ որոշում կայացնելը շատ դժվար է ստացվում: Ու եթե Սարգսյանը իշխանությունն անցնցում չհանձնի Քոչարյանին, կարծես թե վերջինս մտադիր է դա անել «զոռբայությամբ»:
Հենց այդ պատճառով էլ վերջին շրջանում Հայաստանի քաղաքական դաշտում գտնվող ամենատարբեր գործիչների զանգահարում եւ հանդիպում են այնպիսի անսպասելի դեմքեր, ովքեր առաջին հայացքից անկախ կամ խիստ ընդդիմադիր իմիջ ունեն, սակայն իրականում կառավարվում են հենց Ռոբերտ Քոչարյանի կողմից: Բանագնացները դաշտում եղած քիչ թե շատ ակտիվ մարդկանց պատրաստակամություն են հայտնում անգամ ֆինանսապես օգնել, որպեսզի «ոտքի կանգնեն ու երկիրն այս վիճակից դուրս բերեն»:
Երբ խորհրդարանական ոչ իշխանական 4 ուժերի գործողություններն ու քաղաքական դաշտի տարբեր ներկայացուցիչներից «Ժողովուրդ»-ի ստացած տեղեկությունները համադրում ենք, ստացվում է, որ Քոչարյանը մտադիր է քաղաքական դաշտը տարբեր կողմերից այն աստիճան ապակայունացնել, որ Սերժ Սարգսյանը չկարողանա հասկանալ, թե քամին որ կողմից է փչում: Ու հենց այդ խառը իրավիճակում էլ կարող է հայտնվել Քոչարյանը, բռունցքը սեղանին հարվածել ու դառնալ դրության տերը: Մի բան, որը նրա մոտ լավ է ստացվում:
Թերեւս այդ պատճառով էլ Սերժ Սարգսյանն իր միակ եւ հիմնական հենարանի՝ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի միջոցով հետաքրքիր ուղերձ ուղղեց: «Թեժ աշնան համար կան սառը ցնցուղներ, իսկ երբ ցնցուղը չի օգնում, շատ ավելի թեժ աշուն կարող ենք կազմակերպել: Ուզում է թեժ լինի, ուզում է սառը լինի՝ պետք է ամեն ինչ լինի տրամաբանության մեջ, օրենքի սահմաններում: Եթե թեժ աշունները օրենքի խախտումներով են լինում, ես, որպես ոստիկանապետ, դա չեմ հանդուրժելու, – «Արզնի» օդանավակայանի տարածքում ոստիկանության զորքերի զորավարժությունից հետո՝ շաբաթ օրը, լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ընթացքում ասաց Վլ. Գասպարյանը՝ շարունակելով,- որովհետեւ ես գիտեմ, ինչ է նշանակում խժդժություններ, ես գիտեմ, ինչ է նշանակում պատերազմներ, ես գիտեմ, ինչ է նշանակում կորուստներ պատերազմի ժամանակ ու ես միանշանակ գիտեմ, որ ներքին ստաբիլ վիճակի խախտումն ուղղակի կապված է մեր սահմանի հետ: Ես դա գիտեմ, ես բանակից եմ, ես գիտեմ ամբողջ տեխնոլոգիաները եւ ես երբեք չեմ հանդուրժի… խոնարհությամբ ծառայելով իմ ժողովրդին՝ ես չեմ հանդուրժի, որ իմ երկրի մեջ իրար կոտորեն, իրար սպանեն, հակառակորդն էլ օգտվի դրանից: Բայց, չտա Աստված, որ որեւիցե մեկը ուզենա երկրի ճակատագրի հետ խաղալ իր սեփական փառասիրության կամ հարստության, ես չգիտեմ ինչ անուն տալ՝ ռեւանշիզմի եւ այլնի համար: Ամեն ինչի համար կան օրինական ճանապարհներ»:
Այսպիսով, ռեւանշի մարտահրավերն ընդունված է Սարգսյանի իշխանության կողմից, սպասենք զարգացումներին:

ԱԼԲԵՐՏ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ

 

 

ԼՈՒՐԵՐ

ՄԻՊ-Ը ԱՅՑԵԼԵԼ Է ԿՈՇ
Օգոստոսի 15-ին «Կոշ» Քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներից մեկը` Մկրտիչ Տոնոյանը, պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հանձնաժողովի կողմից մերժվել է: Նա դիմել էր, որպեսզի օրենքով սահմանված կարգով ազատ աձակեին իրեն, սակայն հանձնաժողովը չի բավարարել նրա խնդրանքը, ինչից հետո Մկրտիչը հացադուլ եւ ջրադուլ է հայտարարել` անգամ կարելով բերանը:
«Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով, Մկրտիչը հայտարարել է, որ իր շատ մտերիմ հարազատներից մեկը ծանր հիվանդ է եւ նա չի կարող երկար դատապարտված մնալ բանտախցում, պետք է դուրս գա, որ նրա կողքին գտնվի: Ավելի ուշ իրավիճակը փրկելու համար ՔԿՀ են այցելել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից եւ խոստացել, որ կմիջնորդեն, որպեսզի դատապարտյալին թույլ տան գոնե մի քանի օրով այցելել իր հիվանդ հարազատին:
Ի դեպ, մի ուշագրավ տեղեկություն եւս. Մկրտիչ Տոնոյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հանձնաժողովը մերժել է, քանի որ հագուստի կարգուկանոնը չպահելու համար տույժի է ենթարկվել ազատազրկման օրերին:

 

ԻՆՔՆԱԳԼՈՒԽ
Ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնիե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը, Hollywood Reporter-ին տված հարցազրույցում, խոսելով իր դիվանագիտական գործունեության մասին, ասել է, թե աշխատում է ինքնուրույն՝ առանց նախագահին հարցնելու, թե ինչ պետք է անել, բայց հետո հայտնում է իր կատարած քայլերի մասին:
Օրինակ, ես շուտով տեսակցելու եմ Թուրքիայի դեսպանի հետ, դա հազվագյուտ բան է, բայց ես նախապես չեմ տեղեկացրել այդ մասին, քանի որ կարող են ինձ ասել, թե չպետք է դա անեմ, մինչդեռ ես ուզում եմ ազատ լինել իմ քայլերում», – Armenews.com կայքի փոխանցմամբ՝ նշել է Ազնավուրը:Նա նաեւ ընդգծել է, թե ինքը ոչինչ չունի այսօրվա թուրքերի դեմ, քանի որ ցեղասպանությունը կատարել են նրանց պապերը:

 

ՄԵԾ ՑՆՑՈՒՄ
Երեկ գրանցվել է ռուսական ռուբլու ռեկորդային ցածր փոխարժեք դոլարի նկատմամբ՝ 38.04 ռուբլի՝ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքը ռուբլու նկատմամբ նույնպես աճել է՝ հասնելով 49.25 ռուբլու՝ մեկ եվրոյի դիմաց:
Ռուսաստանի ֆինանսական շուկայում նման իրավիճակը հետեւանք է երկրի նկատմամբ Արեւմուտքի պատժամիջոցների:

 

ՑԱՎԱԿՑՈՒՄ ԵՆՔ
«Ժողովուրդ» օրաթերթի աշխատակազմը ցավակցում է իր աշխատակցուհուն՝ Անուշ Խաչատրյանին եւ նրա հարազատներին` պապիկի մահվան կապակցությամբ:

 

 

ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՄԻՋՆՈՐԴԵԼ Է
«Վերնիսաժ»-ում մայիսի 17-ին հնչած կրակոցների կապակցությամբ հարուցված քրգործի շրջանակներում կալանավորված, այնուհետեւ ազատ արձակված ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսայի՝ Գոռ Առաքելյանի փաստաբանը՝ Երեմ Սարգսյանը, միջնորդությամբ դիմել է նախաքննական մարմնին: Նա NEWS.am-ին հայտնել է, որ դիմել են նախաքննական մարմնին, որպեսզի վերացնեն սպանության փորձի մեղադրանքը:

 

ԽԱԽՏՈՒՄ Է
2014թ. սեպտեմբերի 10-ին Ադրբեջանում գերության ընթացքում սպանված Կարեն Պետրոսյանի ընտանիքը ներկայացնող աշխատանքային խումբը դիմել է Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարան (ՄԻԵԴ)` դատարանի կանոնագրքի 39-րդ կանոնի հիմքով խնդրելով ՄԻԵԴ միջամտությունը Կ. Պետրոսյանի դին անհապաղ եւ անվնաս վիճակում ընտանիքին վերադարձնելու նպատակով: «Հանգուցյալի դին առանց նախապայմանի վերադարձնելը Միջազգային իրավունքի հրամայական է»,- ասել է «Ընդդեմ իրավական կամայականության» (ԸԻԿ) ՀԿ գործադիր տնօրեն, աշխատանքային խմբի անդամ Լարիսա Ալավերդյանը։ -Այս անօրինական ձգձգումն ավելի է խորացնում տառապանքը, որին արդեն իսկ ենթարկվում է անմեղ քաղաքացու ընտանիքը»: Աշխատանքային խմբում ներգրավվել են նաեւ մարդու իրավունքների միջազգային իրավունքի ոլորտի փորձագետներ:

 

ԸՆԴԴԵՄ ԼՐԱԳՐՈՂԻ
Վարդան Պետրոսյանի վթարի գործով տուժող կողմի ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Բալոյանը դիմել է դատարան` լրատվամիջոցին ու լրագրողին մեղադրելով իր պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավն արատավորելու եւ զրպարտելու մեջ: Այս մասին նա հայտնել է «Փաստինֆո»-ին՝ հավելելով, որ դատարանը ոչ միայն գործը վարույթ է ընդունել, այլեւ արդեն իսկ դատական նիստ նշանակել: Խոսքը լրագրող Ժաննա Ալեքսանյանի՝ forrights.am կայքում հրապարակված «Արա, ես քեզ հետ տղայականով եմ խոսում, ոչ թե որպես փաստաբան» վերնագրով հոդվածի մասին է, որը հրապարակվել էր հուլիսի18-ի դատական նիստից հետո տեղի ունեցած միջադեպից հետո:

 

ԴՐԱԿԱՆ Է ԳՆԱՀԱՏԵԼ
ԵԱՀԿ-ն հույս ունի, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը կմասնակցեն ինտենսիվ բանակցություններին: Նման կոչով հանդես է եկել ԵԱՀԿ գործող նախագահ Դիդյե Բուրկհալտերը, իր՝ վերջերս տարածաշրջան կատարած այցի ժամանակ: Նա նաեւ դրական է գնահատել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումները Սոչիում ու Ուելսում եւ հույս հայտնել, որ այդ երկխոսությունը կշարունակվի նաեւ Ֆրանսիայի նախագահի հրավերով հանդիպման ժամանակ:

 




Լրահոս