ԶԻՆՎԱԾ ՄՏԵԼ ԵՆ ԲՀԿ ԱՌԱՋՆՈՐԴԻ ԽԱՂԱՏՈՒՆ
Օրերս արտառոց դեպք է տեղի ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող հայտնի «Շանգրիլա» խաղատանը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ խաղատան հաճախորդներից մեկի ահազանգի հետքերով մի խումբ զինված մարդիկ հավաքվել են խաղատան դիմաց՝ «ռազբորկա»-ի:
Մեզ հասած տեղեկություններով՝ խաղատան հաճախորդներից մեկին խիստ զայրացրել է այն փաստը, որ խաղատան սարքը ժամեր շարունակ խաբել է իրեն: Ըստ երեւույթին, նա պրոֆեսիոնալ խաղացող է եղել եւ մի քանի ժամ սարքի կամ սարքերի վրա խաղալուց հետո տնօրինությանը դժգոհել է, որ թեեւ ինքն իր քայլերը ճիշտ է կատարում, սակայն սարքի հետ մի բան այն չէ եւ ինքն անընդմեջ կորցնում է իր կատարած խաղադրույքները: Խաղատան աշխատակիցները վստահ հայտարարել են, թե սարքը չի կարող խաբել եւ ամեն ինչ ճիշտ է: Սակայն աշխատակիցների հավաստիացումները չեն հանգստացրել իրեն խաբված համարող քաղաքացուն եւ վերջինս փորձել է այլ կերպ իր հաշիվները մաքրել խաղատան տնօրինության հետ՝ իր գումարները վերադարձնելու համար:
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ խաղատան հաճախորդը զանգահարել է եւ կատարվածի մասին վրդովված պատմել իր համարձակ ընկերներին: Ավելի ուշ, խաղատան դիմաց հայտնվել են մի խումբ զինված մարդիկ եւ սկսել աշխատակիցների հետ «հաշիվներ մաքրել»՝ «լավ ախպոր»-ը խաբելու համար: Ու երբ «հյուրերի» եւ «Շանգրիլա»-ի աշխատակիցների խոսակցություններն սկսել են թեժանալ, անվտանգության աշխատակիցները ստիպված են եղել զանգահարել իրենց փրկչին՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անվտանգության պետ Էդուարդ Բաբայանին՝ Էդոյին, որպեսզի վերջինս հանդարտեցնի լարվածությունը: Սովորաբար Էդոն կարողանում է նման իրավիճակները խաղաղությամբ հարթել:
Իսկ թե կոնկրետ ինչ է ասել նրանց եւ ինչպե՞ս են տաքարյուն հաճախորդները հեռացել «Շանգրիլա»-ից, «Ժողովուրդ»-ին չհաջողվեց պարզել, քանի որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանն ասաց , որ ինքը նման տեղեկություն չունի, եւ քանի որ Գագիկ Ծառուկյանը հանրապետությունում չէ, ինքը չի կարող տեղեկությունը ճշտել:
Սակայն դատելով զինված տղաների խմբի՝ սուսուփուս հեռանալու փաստից, ըստ երեւույթին, Գագիկ Ծառուկյանի անվտանգության պետի հորդորով տնօրինությունը հետ է վերադարձրել հաճախորդի գումարները եւ խնդիրը լուծվել է խաղաղությամբ: Արյունահեղությունն էլ կանխվել է:
Չի բացառվում նաեւ, որ սարքն ամենեւին էլ անսարք չի եղել, սակայն Էդոն կատարել է զինված ամբոխի պահանջները մեկ նպատակով՝ ԲՀԿ առաջնորդի անվան շուրջ աղմուկ չբարձրանալու պատճառով:
Այս իրավիճակը հետաքրքիր է այն առումով, որ դեռեւս 2009թ. խաղատների գործունեության մասով աղմկալի բացահայտում էր իրականացրել ՀՀ Վերահսկիչ պալատը՝ արձանագրելով, որ Հայաստանում խաղատների սարքերը մարդկանց մոլորության մեջ են գցում: Ստուգման արդյունքում Վերահսկիչ պալատը պարզել էր, որ շահումով խաղերի համար նախատեսված ավտոմատ սարքերն արտադրվում են Հայաստանում: Այսինքն՝ կմախքը հավաքվում է այստեղ, իսկ «ուղեղը» բերում են դրսից, սակայն ներկայացնում են՝ որպես արտերկրի արտադրանք: Բայց Հայաստանի եւ արտերկրի՝ շահումով խաղերի սարքերի մեջ հսկայական տարբերություններ կան:
Պարզվում է՝ դրսում արտադրված եւ գործարկվող սարքերը ստեղծվում են այնպես, որ սարքը խաղացողին վերադարձնի դրված գումարի 86%-ը: Իսկ Հայաստանում այդ նույն «ուղեղով»սարքերն այնպես են հավաքում, ծրագրավորում, որ սարքը խաղացողին վերադարձնում է գումարի ընդամենը 5-6%-ը: Ու հենց այս մթնոլորտն էլ պատճառ է դառնում, որպեսզի մարդիկ զենքի միջոցով իրենց գումարները հետ վերադարձնելու փորձեր անեն, իսկ մի մասն էլ «մեջք» ու համարձակություն չունենալով, հաշտվում է պարտության հետ` կորցնելով գումարը կամ ողջ ունեցվածքը:
Ասել է թե՝ 2009 թվականին դեռեւս բացահայտվեցին շահումով խաղերի եւ խաղատների գործունեության անբարեխղճության դրսեւորումները, սակայն այդ ժամանակ որեւէ մեկը չպատժվեց: Ու ինչպես ավանդաբար, անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություն: Եվ եթե Էդուարդ Բաբայանը խաղաղությամբ չկարգավորեր խնդիրը, հնարավոր էր՝ հնչեին կրակոցներ:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՆ ՎԱԽԵՑՆՈՒՄ ԵՆ ՏՈՒԳԱՆՔՆԵՐՈ՞Վ
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանի գլխին կուտակված «սեւ ամպերը» չեն ցրվում: Պատգամավորին պատկանող «Կիլիկիա» գարեջուր արտադրող «Երեւանի գարեջուր» ՓԲԸ-ն հերթական անգամ տուգանվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
Եվ այսպես, «Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2014թ. օգոստոսի 19-ին «Երեւանի գարեջուր» ՓԲԸ-ի անունով արտահանում մաքսային ռեժիմով հայտարարագրվել է 50800 շիշ գարեջուր, որի մասին հայտարարագիրը սահմանված ժամկետում չի ներկայացվել մաքսային մարմին: Արդյունքում՝ ՓԲԸ-ի տնօրեն Աշոտ Բաղդասարյանը տուգանվել է 100.000 դրամի չափով: Ի դեպ, գործարանը պատկանում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանին ու ԱԺ նախկին պատգամավոր Աշոտ Բաղդասարյանին։
Նկատենք, որ օրեր առաջ գործարանի սեփականատերերը դիմել էին դատարան՝ վիճարկելով Ֆինանսների նախարարության հարկային ծառայության կողմից գրված 1,5 մլն դրամի ակտը: Պատճառը եղել էր այն, որ սեպտեմբերի առաջին տասնօրյակում տեղի ունեցած 12 հարկային ստուգումների արդյունքում բացահայտվել էին բյուջեի հանդեպ 731 միլիոն դրամի պարտավորություններ, որտեղ առյուծի բաժինն ընկել էր «Երեւանի գարեջուր» ՓԲԸ-ին:
Այս իրողությունները հետաքրքիր էին այն առումով, որ «Կիլիկիա»-ի նկատմամբ ճնշումները սկսվել էին նախկին վարչապետի օրոք, բայց պարզվում է՝ հիմա էլ նրանց գործերն առանձնապես լավ չեն:
Հիշեցնենք, որ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը հետաքրքրություն ուներ «Երեւանի գարեջուր» ՓԲԸ-ի նկատմամբ: Վերջինս իր պաշտոնավարման ընթացքում «Կիլիկիա»-ին տիրանալու փորձեր էր արել, բայց դա նրան չէր հաջողվել: Մասնավորապես 2013թ. «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել էր «Կիլիկիա» գարեջրի գործարան՝ ծանոթանալու աշխատանքին ու այնտեղ առկա խնդիրներին: Արդյունքում՝ գործարանի սեփականատերերից Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանն ու Աշոտ Բաղդասարյանը ներկայացրել են գործարանում առկա բազում խնդիրները: Նախկին վարչապետն այսպիսի հարց էր տվել. «Եթե չլուծվեն դրանք, կվաճառե՞ք, կհեռանա՞ք»։ Պատասխանը գրեթե դրական էր եղել:
Սարգսյանը հետաքրքրվել է, թե սեփականատերերն ինչքան կգնահատեն գործարանի կապիտալը՝ կիսակատակ առաջարկելով կես գնով վաճառելու դեպքում խոստանալ, որ առաջինն իրեն կտեղեկացնեն: Չնայած պատգամավորը հաստատել էր վարչապետի այցը գործարան, սակայն հերքել էր վաճառքի մասին խոսակցությունը: Դատելով ստեղծված իրավիճակից ՀՀ ֆինանսների նախարարությունը տուգանքների միջոցով է փորձում անհանգստություն պատճառել սեփականատերերին, որ նրանք էլ մյուս գործարարների նման կամ փակեն գործարանի դռները, կամ վաճառեն այն: Ասել է թե՝ Տիգրան Սարգսյանի վաղեմի երազանքն այդքան էլ սարերի հետեւում չէ:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԲԼԹ
«Կցանկանայի հատկապես ընդգծել Ձեր անձնական ներդրումը հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության ամրապնդման գործում` հիմնված մեր երկրների բարեկամության վրա»:
Սերժ Սարգսյան 168.am
Սերժ Սարգսյանի այս խոսքերն ուղղված են ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին` վերջինիս ծննդյան օրվա առթիվ: Ուղղակի հետաքրքիր կլիներ իմանալը, թե որն է Դմիտրի Մեդվեդեւի անձնական ներդրումը, որն այդպես ամրապնդում է բազմադարյա մեր բարեկամությունը: Որքան հիշում ենք՝ վերջին շրջանում մեր բարեկամությունն ամրապնդելու ուղղությամբ միայն զենք է վաճառվել Ադրբեջանին, մինչ այդ էլ գազը թանկացավ… Գուցե մենք ինչ-որ բան լավ չե՞նք հիշում, իսկ Սերժ Սարգսյանն ավելի լա՞վ է հիշում: Համենայն դեպս, բարեկամության ավելի լավ ձեւեր կան, քան թշնամուդ հետ բիզնես անելը:
«Որտե՞ղ է գրված, որ 8 կամ 6 ժամ պետք է նստի դահլիճում»:
Վահրամ Բաղդասարյան 168.am
Փաստորեն, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարն անվերապահորեն չի ուզում ընդունել իր կուսակցության առաջնորդի խոսքերը եւ փորձում է դրանք յուրովի մեկնաբանել: Չէ՞ որ Սերժ Սարգսյանը պարզ ասել էր, որ ԱԺ նիստերից բացակայությունը կհամարի «խրամատ լքելու» փորձ: Նա դահլիճի-խրամատի համեմատությամբ ընդգծում էր նիստերի մասնակցելու կարեւորությունը: Իսկ հիմա Վահրամ Բաղդասարյանն ինչ-որ ժամեր է սահմանում, գտնում, որ 6 կամ 8 ժամ պարտադիր չէ նստել: Բայց չէ՞ որ դա խրամատ է, իսկ խրամատը լքել ոչ մի դեպքում չի կարելի եւ ժամեր սահմանելն էլ առնվազն գեղեցիկ չէ:
«Խնդիրն այն է, որ ֆիլմերում հանդիպող շեղումների դեպքում օրենսդրական առումով ոչինչ չենք կարող անել, որովհետեւ անկատար է Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքը»:
Սերգո Երիցյան «Առավոտ»
Շատ հեշտ ու հարմար ձեւ է գտել Լեզվի պետական տեսչության պետը՝ օրենքն անկատար է, իրենք ոչինչ անել չեն կարող… Իսկ վերջին տարիների ընթացքում որեւէ քայլ արվե՞լ է այդ անկատար օրենքը կատարյալ դարձնելու ուղղությամբ, թե՞ Սերգո Երիցյանի՝ մայրենի լեզվի աղավաղումն այնքան էլ չի հետաքրքրում, կամ այնքան էլ մտահոգիչ չէ, որ ամեն օր տեղական հեռուստաալիքներով ցուցադրվող հայկական սերիալների միջոցով մարդկանց մատուցվում է նաեւ գռեհիկ, սխալ խոսք` համեմված` «ազիզ ջան», «ախպերս», «հորս արեւ», հաճախ էլ նույնիսկ՝ ոչ հայկական ծագում ունեցող հայհոյախառն արտահայտություններով:
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ