ՉԻ ԿՐԿՆՎԻ ԱՅՆ, ԻՆՉ ԵՂԱՎ ՓԵՏՐՎԱՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թիվ 25 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով իր թեկնածությունն առաջադրած նախկին քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ Կոտայքի մարզում ինքն է հիմնել Հանրապետական կուսակցությունը, իսկ երբ հասկացել է, որ կուսակցությունը դարձել է «հանրասեփական», դուրս է եկել:
-Պարո՛ն Միքայելյան, այսօր հասարակության տրամադրությունը շոշափելիս շատ քաղաքական ուժեր հայտարարում են, որ հասարակության կողմից բոլոր քաղաքական ուժերի նկատմամբ անվստահություն կա: Դուք դա նկատե՞լ եք Կոնգրեսի նկատմամբ:
-Հասարակությունն իր գնահատականը կտա ընտրությունների օրը: Բայց այս ընթացքում հասարակությանն ապակողմնորոշել են: Իսկ ինչ վերաբերում է Հայ ազգային կոնգրեսին, ապա Կոնգրեսն իր պայքարը տարել է, տանում է ու կտանի: Հասարակությունն ինքը պետք է գիտակցի` ով է Հայ ազգային կոնգրեսը: Եթե մենք վերցնենք ընդհանուր դաշտը, այսօրվա մեղավորը կոալիցիան է, կոալիցիայի անդամ բոլոր կուսակցություններն իրենց մեղքի բաժինն ունեն երկրի այս վիճակի համար: Հիմա հասարակությունը պետք է կողմնորոշվի: ՀԱԿ-ը միակ այլընտրանքն է, որը մի բան կփոխի այս երկրում, եւ եթե նորմալ ներկայացվածություն ունենա ԱԺ-ում, օրենսդիր, գործադիր մարմինները հակակշիռ կլինեն իրար:
-Տարածված տեղեկությունների համաձայն` Կոնգրեսին ընդամենը 10 մանդատ են հատկացնելու, հնարավո՞ր է այդ մի քանի մանդատով որեւէ բան փոխել երկրում:
-Ես չգիտեմ` դա որտեղից եք վերցրել: Իշխանական թեւն արդեն որոշե՞լ է: ՀԱԿ-ն այսօր պայքարում է, որ մարդիկ հնարավորություն ունենան գնալ ազատ, արդար ընտրության, այլ ոչ թե ընտրակաշառքներով, ճնշման ներքո: Մենք պայքարում ենք այդ թվանկարչության դեմ (այսինքն` ժողովուրդը պետք է որոշի ընտրությունների ելքը):
-Հրազդանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ Դուք բավական կուռ թիմով պայքարեցիք, եւ արդյունքում 1500 ձայնի տարբերությամբ իշխանությունը գրեց, որ քաղաքապետ ընտրվեց Արամ Դանիելյանը: Հիմա` այս ընտրություններում, այդ մեխանիզմների դեմ հակաքայլեր մշակե՞լ եք:
-Անցած ընտրություններում ամբողջ հանրապետությունն իր բոլոր լծակները կենտրոնացրել էր Հրազդանում եւ էլի արդյունքի չհասավ: Ես միշտ ասել եմ, որ ես հաղթել եմ, Արամին նշանակել են քաղաքապետ: Հիմա կարող եմ հայտարարել, որ այն բոլոր մեխանիզմները, որ գործի դրվեցին, չեն կարող կիրառվել այս ընտրությանը:
-Ձեզ հետ պայքարող թիմը նախկին ընտրություններից հետո չի՞ հիասթափվել:
-Մեր թիմն ավելի ոգեւորված է ու ավելի է ընդլայնվել. մենք միշտ մարտական ենք տրամադրված:
-Ձեր ընտրատարածքում բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել. ՀՀԿ-ն չունի իր թեկնածուն, հիմա սատարում է ԲՀԿ-ի թեկնածուին, ինչքանո՞վ են ռեալ Ձեր մրցակցի շանսերը:
-Իմ մրցակից ասելով` Դուք ո՞ւմ նկատի ունեք:
-ԲՀԿ-ի թեկնածու Դավիթ Քոչարյանին:
-Ես երեք մրցակից ունեմ եւ ոչ մեկին իրարից չեմ տարբերում, այսինքն` երեքն էլ դրված են իմ դեմ:
-Բոլոր ընտրությունների ժամանակ Ձեր կարգախոսը չեք փոխում. «Խելացի ու ճիշտ քաղաքականություն վարելու համար բավական չէ մարդկանց իմանալ, պետք է սիրել նրանց…»: Երկրում տարիներ շարունակ որեւէ բան չի՞ փոխվել, որ Ձեր կարգախոսը միշտ կենսունակ է մնում:
-Մեր կարգի պետության մեջ չի կարելի չոր քաղաքականությամբ զբաղվել, պետք է մի քիչ ոգի դրվի: Եւ եթե ժողովրդին չես սիրում, էլ ի՞նչ քաղաքականությամբ ես զբաղվում:
-Միշտ ասել եք, որ Սերժ Սարգսյանը Ձեր ընկերն է, այս ամենից հետո՞ էլ եք նույնը պնդում: Նա անընդհատ Ձեր դեմ է աշխատում:
-Սերժ Սարգսյանն իմ մարտական ընկերն է, դա չի փոխվում: Ուղղակի մեր քաղաքական հայացքները չեն համընկնում. ի՞նչ կա դրա մեջ, որ այս տարիների ընթացքում անընդհատ սարքել եք լոզունգ: Հա՛, իմ մարտական ընկերն է, ո՞վ է խուսափում:
-Դուք եղել եք Հանրապետական կուսակցության անդամ, բայց հիմա, երբ կողքից եք նայում Ձեր երբեմնի կուսակիցներին, Ձեր որոշումը վերանայելու անհրաժեշտություն չե՞ք զգում:
-Բոլորին է հայտնի, թե ինչ վիճակում էր Հանրապետական կուսակցությունը Աշոտ Նավասարդյանից հետո` մինչեւ Վազգեն Սարգսյանի գալը: Կոտայքի մարզում Հանրապետական կուսակցությունն անձամբ ես եմ ձեւավորել: Այսօրվա մարզային գրեթե բոլոր ՀՀԿ-ականներին ես եմ ընդունել կուսակցություն: Եւ երբ Հանրապետական կուսակցությունը դարձավ հանրասեփական, ես դուրս եկա:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս