Ծեծկռտուքի պատճառով Ծովակի բնակիչները փակել են Վարդենիս մտնող ճանապարհը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կեսօրից Վարդենիս մտնող ավտոճանապարհը Ծովակ գյուղի հատվածից փակ էր: Armlur.am-ը տեղեկացավ, որ իրենք դժգոհում են երկու օր առաջ տեղի ունեցած միջադեպի հետևանքներից. մի խումբ վարդենիսցիներ ծեծի են ենթարկել Ծովակի երկու բնակչի, որից մեկը ծանր վնասվածքներ է ունի:

Ոստիկանությունից Armlur.am-ին հայտնեցին, որ սեպտեմբերի 20-ին 18:30-ին 1995թ. ծնված Մանուկը, վարելով BMW մակնիշի ավտոմեքենա, Վարդենիս-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ հանդիպել է դիմացից երթևեկող Վազ-21/150 մակնիշի մեքենային: Ճանապարհ չզիջելու պատճառով Հրավարդ Սարգսյանը (Գագիկ) և նրա որդին՝ Մանուկ Սարգսյանը մյուս մեքենայից իջած երկու անծանոթ անձանց հետ վեճի են բռնվել, որի ժամանակ վերջիններս ծեծել են Մանուկին և նրա հորը: Մեզ տեղեկություններ են հասել, որ անծանոթները դաժան ծեծի են ենթարկել Գագիկին և նրա որդուն, որի արդյունքում Գագիկը հայտնվել է հիվանդանոցում: Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ նրա մոտ ախտորոշվել է գանգուղեղային տրավմա:

Ոստիկանությունից Armlur.am-ին հայտնեցին, որ ծեծողներն արդեն հայտնի են. նրանք են 38 տարեկան Մարտին Հակոբյանը, 27 տարեկան Զոհրաբ Կարապետյանը և 27 տարեկան Հրանտ Շաբոյան: Armlur.am-ը տեղեկացավ, որ նրանք և իրենց բարեկամները փակել են Վարդենիսի իրենց բնակարաններն ու փախուստի դիմել: Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ՝  նշված անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

Նրանց փախուստի դիմելու փաստը խիստ զայրացրել է Ծովակի բնակիչներին, որոնք այսօր կեսօրին մի քանի ժամով փակել են Վարդենիս մտնող ճանապարհը: «Էս որ թիվն է, որ մարդուն մեռնելու աստիճան ծեծեն: Գագոն նորմալ տղա էր, էդ խուլիգանները բռնել, էնքան են ծեծել, որ դժվար էլ ապրի: Բժիշկները հույս չեն տալիս ու նույնիսկ լուրեր կան, թե արդեն մահացել է: Մենք պահանջում ենք, որ լակոտներին գտնեն, բերեն. նրանք պիտի պատասխան տան: Վերջ պիտի տանք բեսպրեդելին», – armlur.am-ի հետ հեռախոսազրույցում նշեց հավաքված բնակիչներից մեկը:

Armlur.am-ը փորձեց ծեծի ենթարկված Գագիկի առողջական վիճակի մասին տեղեկանալ, սակայն Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից հրաժարվեցին որևէ բան հայտնել:

Լուսանկարը՝ Shamshyan.com-ի




Լրահոս