ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊՏՂԱՏՈՒ ԱՅԳԻՆԵՐԸ՝ ՉՈՐԱՑՄԱՆ ՎՏԱՆԳԻ ԱՌԱՋ

Վերջին շրջանում համատարած են դարձել ոռոգման ջրի պակասից բողոքող ները: Օրերս «Ժողովուրդ»-ն անդրադարձավ Արմավիրի եւ Արարատի մարզերում ջրի սակավության հետեւանքով ստեղծված պատկերին: Այս անգամ մեզ են դիմել «Դողագործ կահույք» այգեգործական ընկերության անդամները: Նրանց պտղատու այգիները գտնվում են Նոր Խարբերդի այգեգործական տարածքում: «Ժողովուրդ»-ին դիմած այգեգործների պնդմամբ՝ 2014 թվականից սկսած իրենք ոռոգման ջուրը ստանում են շաբաթվա մեջ ընդամենը երկու օր՝ շաբաթ եւ կիրակի օրերին: Այն էլ՝ կիսատ: Արդյունքում իրենց պտղատու այգիները կանգնած են չորանալու վտանգի առաջ:

1970-ականներից այգեգործական ընկերության անդամների ներկայացմամբ՝ նախկինում իրենց ոռոգման ջուրը մատակարարվել է շաբաթական երեք օր՝ ուրբաթ, շաբաթ եւ կիրակի օրերին: Սակայն 2014 թվականից սկսած այգեգործներին ոռոգման ջուրը մատակարարվում է շաբաթական ընդամենը երկու օր՝ շաբաթ եւ կիրակի օրերին: Այս նորարարության հետեւանքով այգեգործների 80 տոկոսն այսօր զրկվել է ոռոգման ջրից եւ կանգնած է սեփական այգիների կորստի վտանգի առջեւ: Նշենք, որ ջուրը մատակարարում է «Մասիս» ՋՕԸ-ն, որի տնօրենն է Վարդան Մովսիսյանը:
«Դողագործ կահույք» այգեգործական ընկերության շուրջ 30 այգեգործ երեք անգամ դիմել է ՀՀ տարածքային կառավարման նախարարությանն, ինչպես նաեւ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախկին նախագահ Անդրանիկ Անդրեասյանին, սակայն հարցն այդպես էլ լուծում չի ստացել: «Վերջին երեք տարիներին միայն մեզ մոտ սկսեց ոռոգման ջրի սպասարկումը վատանալ: Բոլոր պատկան կառույցներին ուղարկել ենք նամակներ, բայց ոչ ոք ոչինչ չի ձեռնարկում խնդրի կարգավորման ուղղությամբ: Այնպիսի տպավորություն է, որ բոլորն էլ իրենց աշխատասենյակներում հանգիստ նստած են. ոչ ուսումնասիրում են խնդիրը, ոչ էլ՝ գործ են անում: Միայն պատասխանում են, որ աշխատանքներ են կատարում ու որ` ամեն ինչ լավ կլինի: Բայց սայլը տեղից չի շարժվում: Իսկ ահա ՋՕԸ-ի տնօրենը դիտավորյալ մեկ օր պակաս է ոռոգման ջուր մատակարարում, որպեսզի էլեկտրաէներգիան տնտեսի: Բայց չէ որ մենք՝ այգեգործներս, պարտաճանաչորեն վճարում ենք սպառած ոռոգման ջրի վարձավճարները»,- վրդովված ասաց «Դողագործ կահույք» այգեգործական ընկերության տնօրեն Կուրղին Քոսյանը:
Այգեգործները պահանջում են, որպեսզի այս խնդիրը լուծեն եւ իրենք ստանան ոռոգման համար բավարար քանակությամբ ջուր: «Շաբաթ օրը համարյա թե չկա ջուր, միայն՝ երեկոյան՝ 19.00-ից հետո ենք ջուր ունենում: Պատկերացրեք, որ 10 լիտրանոց դույլը մեկ րոպեում է լցվում, մինչդեռ նախկինում ավելի արագ էր ու քիչ ժամանակ էր պահանջվում : Եվ այսպես, ողջ գիշեր այգեգործները փորձում են իրենց այգիները ջրել, բայց միեւնույն է՝ չեն հասցնում»,- ներկայացրեց Քոսյանը:
Մեր զրուցակցի պատմելով, նախկինում՝ խորհրդային տարիներին, այս պտղատու այգիների փոխարեն աղբանոց է եղել, ամայի տարածք: Ինքը եւ մի քանի տասնյակ քաղաքացիներ իրենց սեփական ուժերով կարողացել են այդ աղբանոցը վերածել պտղատու այգիների: Մինչդեռ հիմա մի քանի տասնյակ այգեգործներ կանգնած են այգիները կորցնելու վտանգի առաջ. «Բայց չէ որ մենք առատ թթվածին ենք մատակարարում Երեւանին»,- նեղվում է այգեգործը:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ «Մասիս» ՋՕԸ-ի տնօրեն Վարդան Մովսիսյանի հետ եւ փորձեց հետաքրքրվել, թե ի՞նչ է նա պատրաստվում ձեռնարկել այս խնդրի լուծման ուղղությամբ. «Այնտեղ գործում է մի ջրագիծ, որը 60-70 ականներին է ստեղծվել: Եվ հիմա այն ամբողջովին քանդված է: Ջրագիծը, խողովակները վատ վիճակում են: Պարզապես այնքան բարդ համակարգ է, որ անցնում է տարբեր հատվածներով, ինչի համար էլ անկառավարելի է: Այդ ներտնտեսային ցանցերը պետք է վերանորոգվեն, բայց համայնքի համաֆինանսավորմամբ: Իսկ կոնկրետ այս տարածքը գտնվում է Շենգավիթի վարչական շրջանում»:
Իսկ այգեգործների այն պնդումներին, թե «Մասիս» ՋՕԸ-ի տնօրենը շաբաթվա մեջ երկու օր է ջուր տալիս՝ էլէներգիան խնայելու նպատակով,Վ. Մովսիսյանը պատասխանեց. «Իրենք կարող է ամեն ինչ էլ ասեն: Բայց նման բան չկա»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

ՎԱՎԵՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՓԱՌԱՏՈՆ

2014-ի Վավերագրական ֆիլմերի փառատոնի մեկնարկը տրված է: Սեպտեմբերի 11-ից Լոռու մարզում ընթանում էին բացօթյա վավերագրական ֆիլմերի ցուցադրությունները: Լոռվա մարզում սեպտեմբերի 14-ին այն արդեն ավարտվեց եւ մոտ օրերս ցուցադրությունները կտեղափոխվեն ՀՀ այլ մարզեր:
Վանաձորցիները հնարավորություն ունեցան 3օր շարունակ փառատոնի շրջանակներում ցուցադրվելիք կարճ ֆիլմերը դիտել Հրանտ Մաթեւոսյանի անվան (երկաթուղայինների) այգում: Ինչպես նշեցին կազմակերպիչները CAUCADOC վավերագրական ֆիլմերի փառատոնի նպատակն է նպաստել կարեւոր սոցիալական խնդիրների մասին (հակամարտությունների հաղթահարում, մարդու իրավունքներ, խտրականության դեմ պայքար, մեդիա ազատություն եւ այլն) բաց երկխոսություններ վարելու մշակույթի ձեւավորմանը Հարավային Կովկասի հեռավոր մարզերում: Նրանց խոսքերով՝ նմանատիպ փառատոները նպաստում են նաեւ հանրային քաղաքակիրթ քննարկումների ձեւավորմանը:
Ի դեպ, փառատոնի ընթացքում ցուցադրվեցին եւ կցուցադրվեն ինչպես չինական, կանադական եւ այլ երկրների ֆիլմեր, այնպես էլ հայրենական արտադրության, որոնցից է Ադրինե Գրիգորյանի «Բավական» -ը: Այս ֆիլմը ներկայացնում է մի պատմություն, որի հետ հայ կանայք առնչվում են գրեթե ամեն օր, բայց մեր աշխարհընկալման նորմերը նրանց ստիպում են լռել: Հայաստանում բավականին բարձր է սեռային ընտրությամբ պայմանավորված աբորտների ցուցանիշը, ֆիլմն ուղղակիորեն անդրադառնում է այն փաստին, որ կանայք ընտրության հնարավորություն չունեն եւ չեն կարող որոշել, թե ինչպես վարվել սեփական մարմնի հետ:
Համաձայն ՄԱԿ-ի 2013թ. զեկույցի՝ Հայաստանում յուրաքանչյուր 114-116 տղա երեխայի ծննդին հասնում է ընդամենը 100 աղջիկ երեխայի ծնունդ: Ակնհայտ է, որ այսպես շարունակվելու դեպքում՝ այս անհամաչափ սեռային բալանսն իր ազդեցությունը կունենա երկրի ժողովրդագրական ապագայի վրա: Ֆիլմի հերոսների պատմությունները ընտանեկան ճնշումների, բժիշկների սրիկայության, ֆինանսական խնդիրների եւ նահապետական մոտեցումների արդյունք են, որտեղ որոշումները կայացվում են առանց կանանց: Ըստ ռեժիսորի՝ ֆիլմը կարող է դառնալ իրավազուրկ կանանց լռությունը կոտրելու առաջին քայլը:
Նշենք, որ վավերագրական ֆիլմերի փառատոնի շրջանակում շուտով բացօթյա ցուցադրումներ կանցկացվեն Գյումրի, Եղեգնաձոր եւ Սիսիան քաղաքներում:

ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

ԼՈՒՐԵՐ

ՀՌՈՄԻ ՊԱՊԸ ԿԱՅՑԵԼԻ
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը նոյեմբերին կայցելի Թուրքիա՝ մասնակցելու սբ. Անդրեասի հիշատակի արարողությանը, ինչպես նաեւ կրոնների երկխոսությունը կարեւորելու նպատակով:
Զմառի մշակութային կենտրոնի տնօրեն Մովսես Վրդ. Տոնանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել է, որ պապը, ըստ ամենայնի, կայցելի Թուրքիա, ապաեւ Հայաստան, թեեւ պաշտոնական տեղեկատվություն այդ կապակցությամբ դեռեւս չկա:Պապի այցը, նրա խոսքով, կարեւորվում է հատկապես 2015թ. Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին ընդառաջ, եւ այցը մեծ նշանակություն կունենա: Հայր Մովսեսի խոսքով՝ պապը նաեւ կոչ կանի վերջ տալ Մերձավոր Արեւելքում քրիստոնյաների սպանություններին։
«Գիտեք, որ 2015-ի փետրվարին Վատիկանն իր արխիվների գիրքը պետք է հրապարակի, որում վկայություններ կան Հայոց ցեղասպանության մասին, ժողովրդի չարչարանքների մասին: Սա մեծ վկայություն է, որը կցնցի աշխարհը: Երբ պապը կարդինալ էր, անշուշտ, Թուրքիային ասել է, որ պետք է ընդունեն Հայոց ցեղասպանությունը»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ Վենետիկի համալսարանի հայագիտության ամբիոնի հիմնադիր, ԳԱԱ անդամ, պրոֆեսոր Լեւոն Զեքիյանը, ով ավելի մոտ է Վատիկանին, ասում է, որ այս ուղղությամբ շատ են աշխատանքները, եւ Հռոմի պապն ինքը միայն կարող է վերջնական որոշել, քանի որ ունի այդքան իրավասություն:

 

ԱԶԱՏԵԼ ԵՆ
ՀՀ ոստիկանությունը Արզնի օդանավակայանում բավականին մեծ մասշտաբներով ուսումնավարժություններ էր անցկացնում, որի նպատակը պատշաճ կարգով զանգվածային անկարգությունները կանխելն էր: Այդ ուսումնավարժանքներից երկուսը բաց էին լրատվամիջոցների համար, որտեղ ցուցադրական, տեսախցիկների առաջ ոստիկանությունը հաղթեց ցուցարարներին: «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով, սակայն, այդ զորավարժանքների ժամանակ 4 ոստիկան է վիրավորվել, որոնք տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Իսկ պատճառը եղել է այն, որ պայթուցիկը սխալ ուղղությամբ է նետվել, որից էլ ոստիկանները վիրավորվել են: Նույն տեղեկությունների համաձայն՝ վիրավորների առնչությամբ նույնիսկ աշխատանքից հեռացումներ են եղել: Մասնավորապես, աշխատանքից ազատվել են ոստիկանության Երեւան քաղաքի վարչության կենտրոնական բաժնին կից պահպանության բաժնի պետ Արթուր Խաչատրյանը եւ նրա տեղակալը՝ Արտյոմ Մկրտումյանը, ով պետական պահպանության գլխավոր վարչության պետ Ռոմիկ Մկրտումյանի եղբոր տղան է: Նրանք երկուսն էլ ուղարկվել են կադրերի ռեզերվ: Իսկ պատճառը եղել է այն, որ Արտյոմ Մկրտումյանն իր սովորության համաձայն՝ սկզբում սխալ է զեկուցել վիրավորների թիվը՝ նշելով, թե 30 վիրավոր կա, սակայն ավելի ուշ պարզվել է, որ վիրավորների թիվն ընդամենը 4-ն է, որն արդեն իսկ նման ուսումնավարժանքների համար չափից շատ է:

 




Լրահոս