ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՆ ԻՐԱՊԵՍ ՉՈՐՐՈՐԴ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ Է
Հայաստանում խոսքի ազատության մակարդակի, հայկական ժուռնալիստիկայի բաց կողմերի եւ ոլորտը վերահսկող պետական մարմինների «կիսագործունեության» մասին «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ Ժուռնալիստների միության անդամ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Կրթության միջազգային ակադեմիայի Ժուռնալիստիկայի կուրսի ղեկավար Զառա Արամյանի հետ:
-Լինելով վաստակավոր լրագրող՝ ինչպե՞ս եք գնահատում մեր այսօրվա լրագրության մակարդակը:
-Ի տարբերություն շատ քննադատների, պետք է ասեմ, որ ես բացասական կարծիք չունեմ մեր այսօրվա լրագրության վերաբերյալ: Գոհունակությամբ եմ արձանագրում այն հանգամանքը, որ մեր լրագրողներն աչքի են ընկնում բացառիկ համարձակությամբ, խիզախությամբ, «կրակի վրա նետվելու» պատրաստակամությամբ: Ոչ քուն ունեն, ոչ դադար, պատրաստակամ են եւ իրենց մասնագիտությանը նվիրված: Մինչեւ վերջ ամեն ինչ անում են` իրենց ցանկացած ինֆորմացիան կորզելու համար:
-Արդյոք միայն դա բավարա՞ր է: Այսօր հատկապես պետական պաշտոնյաներից ու քաղաքական գործիչներից հաճախ կարելի է դժգոհություն լսել այն մասին, որ երիտասարդ լրագրողները պատրաստված չեն, եւ նրանց միակ արժանիքը հենց Ձեր նշած համարձակությունն է:
-Ժուռնալիստիկան ներառում է բազմաթիվ մասնագիտություններ: Լրագրողը պետք է բավականին պատրաստված լինի, տեղեկացված ամենատարբեր բնագավառներից, որպեսզի այդ թեմաների շուրջ վերլուծություններ անելու համարձակություն, իրավունք ունենա: Կրթվածության այդ աստիճանը միայն համալսարաններում չեն ձեռք բերում: Լրագրողը ու, առհասարակ, ցանկացած մասնագետ, պետք է մշտապես ինքնակրթությամբ զբաղվի, աշխատասեր ու պատրաստակամ լինի, որպեսզի կարողանա իրեն լիարժեք զգալ, մասնագիտական առումով` ապահով ու առավել համարձակ: Մեր լրագրողները աշխատում ու ամեն ինչ անում են այդ չափանիշներին համապատասխանելու համար:
-Ի՞նչն է պակասում մեր լրագրությանը:
-Առաջ ավելի դժվար էր: Ինֆորմացիա կորզելը, տեղեկատվական միջոցների սակավությունը լրագրողների աշխատանքն առավել դժվարացնում էին: Հիմա այդ առումով ամեն ինչ առավել դյուրին է: Պետք է միայն աշխատել, աշխատել ու էլի աշխատել: Երբեմն մեր լրագրողները, չարաշահելով մասնագիտական կարողությունները, շատ են մարդկանց անձնական կյանք մտնում, իրենց համար փակ դռներ են թակում ու այդ դռներից ներս են մտնում: Այ դա ավելորդ է արդեն: Բայց մեկ նկատառում էլ չեմ կարող չանել ու չարձանագրել այն փաստը, որ այդ հանգամանքը բավականին զգոն է պահում մեր հասարակությանը: Եթե լրագրողը գրում է որեւէ քաղաքական գործչի մասին, վերջինս բավականին զգոն է լինում եւ իրեն ավելի հավաք ու պատշաճ է պահում: Իմ հաղորդումների շրջանակներում էլ ես համոզվել եմ, որ շատ հաճախ հայտնիների անձնական կյանքին անդրադառնալը կարող է նաեւ օգտակար լինել. տեսնում ես այդ մարդկանց բոլորովին այլ տեսանկյունից, հասկանում ես, թե մարդն իր ընտանքիում ինչպիսին է, ինչ զավակ է, ինչ ծնող է… հավատացե՛ք, այդ ամենը բավականին մեծ եւ օգտակար ինֆորմացիա է տալիս տվյալ մարդու մասին:
-Ի՞նչ եք հորդորում Ձեր ուսանողներին առաջին հերթին:
-Լինել համարձակ, շատ համարձակ: Այսպիսի մի արտահայտություն կա. «դռնից հանում են , պետք է պատուհանից մտնես, պատուհանից են հանում, պետք է դռնից մտնես»: Ահա այս կենսակերպով պիտի ապրեն ու գործեն լրագրողները, բայց, բնականաբար, այդ ընթացքում չմոռանալով էթիկայի, բարեխղճության մասին:
Շատ կարեւոր է չընկճվել, չկոտրվել, համարձակ լինել եւ դժվարություններից չվախենալ: Սա հաջողության հասնելու գլխավոր նախապայմանն է:
-Մերօրյա լրագրությունն իրապես չորրորդ իշխանությո՞ւն է:
-Այո, համարձակ կերպով պետք է ասեմ` այո: Մեզ՝ լրագրողներիս, պետք է հարգեն, մեր ձեռքերում շատ բան կա: Այս առավելությունն օգտագործելը մեծագույն վարպետություն է պահանջում:
Որեւէ գործարանում ղեկավար պաշտոն զբաղեցնող մարդը այդ պաշտոնում լիակատար կերպով ինտեգրվելու եւ այդ պաշտոնի նրբություններին լիարժեք տիրապետելու համար, պետք է պատկերացնի այդ գործարանում աշխատող բանվորի պարտականությունները եւ դժվարությունները: Նույնն էլ լրագրողի դեպքում է: Լավ լրագրող դառնալու համար պետք է ճաշակել լրագրության ամենադժվարին կողմերը, որպեսզի մասնագիտական բարձունքներին հասնելը տրամաբանական լինի:
ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ
ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ եւ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նախաձեռնությամբ 2014 թ. սեպտեմբերի 16-ից դեկտեմբերի 4-ը կանցկացվի Արամ Խաչատրյանի անվան միջազգային երկրորդ փառատոնը, որը կազդարարի Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի 2014-2015 թթ. համերգաշրջանի սկիզբը:
Փառատոնը ներառում է 14 համերգային երեկո, որոնց ընթացքում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի անսամբլային կազմերը կշարունակեն արդեն ավանդական դարձած համերգները, կհնչեն արեւմտաեվրոպական եւ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 1-ը աշխարհահռչակ ջութակահար եւ մանկավարժ Զախար Բրոնը վարպետության դասեր կանցկացնի հայ երիտասարդ ջութակահարների հետ, սեպտեմբերի 30-ին՝ հանդես կգա դաշնակահար Վահագն Պապյանի հետ, իսկ հոկտեմբերի 1-ին՝ մենահամերգով:
Հոկտեմբերի 2-ին հանդես կգան Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի դափնեկիրները՝ Լուկա Մագարելլոն (թավջութակ, Իտալիա), Լիա Յակուպովան (ջութակ, Ռուսաստան), Սոնա Բարսեղյանը (դաշնամուր,Հայաստան), Պենգ Ցաոն (դաշնամուր,Չինաստան):
Փառատոնի ծրագրերում կհնչեն Չայկովսկու, Շոստակովիչի, Խաչատրյանի, Բրիտտենի, Ռիմսկի-Կորսակովի, Ռախմանինովի, Դեբյուսիի ստեղծագործությունները, ինչպես նաեւ Դանիայի ազգային հիմնի թեմաներով Չայկովսկու «Տոնական նախերգանք»-ի եւ աշխարհահռչակ չինացի կոմպոզիտոր Ֆու Տոնգ Վոնգի հեղինակած սիմֆոնիայի հայաստանյան պրեմիերաները:
Առանձին համերգային ծրագրեր կնվիրվեն Վլադիմիր Բալյանի 90, Գեղունի Չթչյանի 85, Ավետ Գաբրիելյանի 115, Սոս Սարգսյանի 85, Գեւորգ Վարդանյանի 90, Մկրտիչ Դաշտոյանի 100, Վլադիմիր Սպիվակովի 70, Արշիլ Գորկու 110, Երվանդ Քոչարի 115, Վազգեն Սարգսյանի 55, Յուրի Դավթյանի 85, Ռիմսկի-Կորսակովի 170, Գալուստ Գյուլբենկյանի 145, Կոմիտասի անվան պետական լարային քառյակի հիմնադրման 90, Երեւանի պետական համալսարանի 95, Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ընկերության 70-ամյակներին:
Դեկտեմբերի 4-ին, փառատոնը կեզրափակվի կոմպոզիտորի ջութակի կոնցերտով նվագախմբի եւ ջութակահար Մայու Քիշիմանի (Ճապոնիա), 2-րդ բաժնում՝ Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի եւ Մարիա Դոմաշենկոյի (մեցցո-սոպրանո,Ռուսաստան) մասնակցությամբ:
Լ. ՀԱԿՈԲՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
ՀՐԴԵՀ Է ԲՌՆԿՎԵԼ
Սյունիքի մարզկենտրոն Կապանում սեպտեմբերի 13-ին Արամեի, Սիլվա Հակոբյանի, Ներսիկ Իսպիրյանի եւ մյուս հայտնիների մասնակցությամբ կայացած համերգի ընթացքում հրդեհ է բռնկվել:
«Ժողովուրդ»-ը զրուցել է երգչուհի Սիլվա Հակոբյանի պրոդյուսեր Հակոբ Հակոբյանի հետ.«Անկեղծ ասած, ես տեղյակ էլ չեմ, որ հրդեհ է եղել, Սիլվան երգել է եւ մենք վերադարձել ենք Երեւան, ճանապարհին էլ Արամեին տեսանք, նա էլ ոչինչ չպատմեց, երեւի վերջում է եղել»:
Նշենք, որ ԱԻՆ-ը եւս հաստատել է այս լուրը, տեղեկացնելով, որ Կապանի Հունան Ավետիսյան փողոցում այրվել է 3000 քմ տարածք:
Համերգների ընթացքում նման պատահարներն աննախադեպ չեն: Հիշեցնենք, որ դեռեւս 2012 թվականին Հանրապետության հրապարակում ՀՀԿ համերգի ժամանակ հրդեհ էր բռնկվել, որի ընթացքում բազմաթիվ վիրավորներ տեղափոխվել էին տարբեր հիվանդանոցներ: Ի դեպ, երբ պայթյունից վիրավորներին տեղափոխում էին հիվանդանոց, երգիչ Արման Հովհաննիսյանը շարունակում էր ելույթը՝ կոչ անելով ավելի աշխույժ լինել։
ՀԱՅՏՆԻ Է ՄԱՍՆԱԿՑԻ ԱՆՈՒՆԸ
Երեկ կայացել է «Մանկական եվրատեսիլ-2014» երգի մրցույթի հայաստանյան ընտրական փուլը, որի ընթացքում որոշվել է, թե Հայաստանն ով է ներկայացնելու մրցույթում:
Հանդիսատեսի եւ ժյուրիի քվեարկության արդյունքում հաղթող է ճանաչվել եւ Մալթա է մեկնելու Էլիզաբեթ Դանիելյանը՝ «Արեւի մարդիկ» երգով:
Հայաստանյան ընտրական փուլին մասնակցում էր տասը մասնակից:
ՉԵՆ ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՎԻ
Տեւական ժամանակ է՝ համաշխարհային մամուլը սպասում էր սեպտեմբերի 13-ին Փարիզում կայանալիք համերգին, որից հետո պարզ կդառնար, թե արդյոք Բեյոնսե – Ջեյ Զի զույգը ամուսնալուծվում է: Բայց դեպքերն այլ զարգացում ստացան:
Բեյոնսեն կրկին հղի է: Հայտնի երգչուհու ամուսինն այս լուրը հայտնել է բավականին յուրօրինակ ձեւով: Փարիզում կայացած Բեյոնսեի եւ Ջեյ Զիի համատեղ համերգի ժամանակ ռեփերը փոխել է «Beach Is Better» երգի բառերը եւ ասել. «Որովհետեւ նա կրկին հղի է»: Հիշեցնենք, որ Բեյոնսեն ու Ջեյ Զին ամուսնացել են 2008թ. ապրիլին եւ ունեն մեկ դուստր՝ Բլյու Այվին, որը ծնվել է 2012թվականի հունվարին: