ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարն արվել է Ազատության հրապարակում
Ազատության հրապարակում տեղի է ունեցել «Ազատություն Շահեն Հարությունյանին» խորագրով երթ: Երթին մասնակցում են Շահեն Հարությունյանի համադասարանցիները եւ բոլոր նրանք, ովքեր դեմ են դատախազ Գեւորգյանի միջնորդությանը՝ դատապարտել «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի 15-ամյա որդուն 5 տարվա ազատազրկման:
ՀԱՐՑ. Հիփոթեքային վարկով տուն եմ գնել, եւ ինձ պարտադրել են ապահովագրել բնակարանը: Եթե այնտեղ առաջանան տարբեր կենցաղային խնդիրներ, օրինակ՝ կոյուղու հետ կապված, խողովակների, գազի եւ նմանատիպ այլ հարցեր, ի՞նչ կարող է անել ապահովագրական ընկերությունն ինձ համար:
Արամ Սուքիասյան (41 տարեկան, կենսաբան)
ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանվում է, որ գրավ դրված գույքը պետք է լրիվ արժեքով ապահովագրել կորստյան եւ վնասվածքի ռիսկերից, իսկ եթե դրա արժեքը գերազանցում է գրավով ապահովված պահանջի չափը՝ դրանից ոչ պակաս գումարով: Ընդ որում՝ օրենքով գրավ դրված գույքն ապահովագրելու պարտականությունը դրվում է գրավի պայմանագրի այն կողմի վրա, ում մոտ գտնվում է գրավ դրված գույքը, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով: Սա նշանակում է, որ Ձեզ մոտ գտնվող գրավի առարկան՝ բնակարանը/տունը ապահովագրելու պարտականությունն օրենքով ի սկզբանե դրված է Ձեզ վրա, եւ ոչ թե պարտադրվում է Բանկի կողմից:
Հայտնի փաստ է, որ պայմանագրի առկայության դեպքում ապահովագրական ընկերությունը Ձեզ պետք է հատուցի որոշակի պատահարների հետեւանքով Ձեր բնակարանին պատճառված վնասը: Կհատուցվի՞ արդյոք Ձեր բնակարանին կոյուղու կամ խողովակների վնասման հետեւանքով պատճառված վնասը, թե ոչ, Դուք պետք է պարզեք ապահովագրության պայմանագրի պայմաններին ծանոթանալով, քանի որ նշված պատահարները կարող են պայմանագրով սահմանվել կամ չսահմանվել. պայմանագրի պայմանները որոշում են կողմերը:
Ֆինանսական հաշտարարի գրասենյակ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Իհարկե, ապահովագրական ընկերության առաջարկած պայմանները պետք է բավարարեն հաճախորդին, սակայն այս դեպքում, ինչպես երեւում է քաղաքացու հարցադրումից, նրան ընտրության հնարավորություն չեն տվել՝ ոչ ընկերությունների, ոչ էլ նրանց առաջարկած պայմանների միջեւ: Այսինքն՝ տրվել է կոնկրետ ընկերության անուն եւ վերջ: Հիմա էլ պարզվում է՝ ընկերությունն է որոշում՝ ինչը, երբ, ինչպես փոխհատուցել:
ՀԱՐՑ. Ինչպիսի՞ արտոնություններից կարող են օգտվել սիրիահայ ուսանողները:
Ժիրայր Կարապետյան (24 տարեկան, մշակութաբան)
ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն աշխատանքային հանդիպում է ունեցել բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների հետ, որտեղ քննարկվել են նոր ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ հարցեր: Նախարարը բուհերի ղեկավարներին առաջարկել է, ինչպես նախորդ երկու տարիներին, այս տարի եւս սիրիահայ ուսանողների համար բուհերում ուսման վարձը հավասարեցնել ՀՀ քաղաքացիների համար նախատեսված չափերին:
Կրթության եւ գիտության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսպիսով՝ ԿԳՆ-ի լղոզված պատասխանում նշվում է, որ սիրիահայերի ուսման վարձը նույնն է, ինչ ՀՀ քաղաքացիներինը: Ինչը նշանակում է, որ սիրիահայերը ոչ մի արտոնություն էլ չունեն: Այնինչ՝ ՀՀ կառավարությունը պարզապես պարտավոր էր դժվար վիճակում հայտնված մեր հայրենակիցների համար արտոնություններ սահմանել: