ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՈՐԴԻՆ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, «Սեւ հովազ» ջոկատի նախկին հրամանատար Ռուստամ Գասպարյանի որդին երեկ ձերբակալվել է: Ռոմա Գասպարյանը Երեւանում անձի առեւանգման հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում հետախուզման մեջ էր գտնվում դեռ ամառվանից: Ավելին՝ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ նույնիսկ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը Ռոմա Գասպարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին որոշում էր կայացրել: Եվ երեկ, երբ ոստիկանները ձերբակալել են նրան, միանգամից կալանավայր են ուղարկել: Թե ինչպես է մեկնաբանում որդու ձերբակալության լուրը ինքը՝ պատգամավոր Գասպարյանը, երեկ մեզ չհաջողվեց պարզել. նա հեռախոսազանգերին չէր պատասխանում:

 

 
Այսօր ԼՂՀ ԱԺ-ում քննարկվելու է «ԼՂՀ ընտրական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: «Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ քննարկմանը ներկա են լինելու ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը եւ հանձնաժողովի անդամ մի քանի պատգամավորներ: ԼՂՀ ԱԺ «Ազատ հայրենիք» կուսակցության անդամ, ԼՂՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Պետրոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ Արցախն այժմ ընտրական օրենսգրքի փոփոխության կարիք ունի, ինչի համար էլ ՀՀ ԱԺ պատգամավորների հետ ցանկանում են փորձի փոխանակման կարգով քննարկել մշակված նախագիծը: Մեր հարցին, թե հնարավո՞ր է ԼՂՀ-ն եւս Սահմանադրական բարեփոխումներ իրականացնի, ինչպես ձգտում են Հայաստանում, Պետրոսյանը պատասխանեց. «Մենք ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին խնդրել ենք, որ այդ հարցում օգնի մեզ: Այսինքն՝ եթե նախագիծը լինի ՀՀ-ում, մենք էլ կվերցնենք ու Արցախում կքննարկենք»:

 

 
ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) նոր բիզնես է հիմնել: 38 տարեկանում Հայկական գյուղատնտեսական ակադեմիան ավարտած Հակոբյանը վերջապես հնարավորություն ունի իրականացնել վաղեմի երազանքը: «Ժողովուրդ» -ի հետ զրույցում նա անկեղծացավ. «Ես մանկությունից երազել էի ռեժիսոր դառնալ: Ցանկացած թատրոն, որ գնացել եմ, միշտ քննադատի դերում եմ եղել, որովհետեւ շատ եմ սիրել: Հիմա ուզում եմ հա՛մ ռեժիսորի իմ երազանքն իրականացնել, հա՛մ էլ բիզնես անել»: Տեղեկացանք, որ նախկին պատգամավորը ֆիլմերի սցենարներ է գրում, այնուհետեւ դրանք նկարահանում եւ էկրանավորում: Մեզ հետ զրույցում նա ասաց, որ իր գրաֆիկը շատ հագեցած է: Հոկտեմբերի 1-ից սկսելու է նկարահանել իր կողմից գրված՝ Ցեղասպանության վերաբերյալ մի ֆիլմ: «Ոչ միայն այս ֆիլմը… այլ ֆիլմեր էլ ենք նկարելու»,- հայտարարեց Հ. Հակոբյանը: Նրա համոզմամբ՝ ֆիլմը եւս քաղաքականություն է, ու ինքն այսուհետ այդպես է լինելու քաղաքական դաշտում:

 

 
Վերջին երկու ամսվա ընթացքում Երեւանի Մաշտոցի պողոտայից անհետացել են թվով 18 փայտյա աղբամաններ: Տեղեկացնենք, որ խոսքն այն աղբամանների մասին է, որոնք Երեւանի քաղաքապետարանը ձեռք է բերել 77 հազար դրամով: Ստացվում է, որ 1 մլն 386 հազար դրամի աղբամաններ են կորել մայրաքաղաքից: Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց Երեւան քաղաքի գլխավոր դիզայներ Գագա Ամատունու հետ, ով ասաց. «Մենք դեպքի կապակցությամբ ՀՀ ոստիկանությանը նամակ ենք ուղղել, որպեսզի իրենք բացահայտեն: Երբեւէ մի փողոցի վրայից այդ քանակությամբ աղբաման չի գողացվել կամ չի պակասել: Հուսանք՝ կբացահայտվի գործը»: «Ժողովուրդ»-ը մայրաքաղաքի գլխավոր դիզայներից տեղեկացավ, որ նախորդ տարի եւս մեկ նստարան անհետացել էր մայրաքաղաքի կենտրոնից: Ու թեեւ իրենք նամակ էին գրել ոստիկանությանը, սակայն դեռ նորություն չկա:

 

 
ՀԱՎԱՍԱՐԱՉԱՓ

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներն արդեն համաձայնել են բանակցություններ վարել Փարիզում: Այս մասին երեկ ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնիեն:
Ըստ նրա՝ հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի երկրորդ կեսին՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի միջնորդությամբ: Դեսպանը ընդգծել է, որ այդ հանդիպումը կարեւոր նշանակություն է ունենալու Ուելսում նախագահների բանակցություններից հետո:
Այսպիսով` օգոստոսյան լարվածությունից հետո սա կլինի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ թվով երրորդ հանդիպումը: Նախ` ինչպես հիշում ենք, օգոստոսի 9-ին Ալիեւն ու Սարգսյանը հանդիպեցին Սոչիում` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ: Դրանից հետո լրատվական դաշտը հեղեղվեց տարատեսակ վերլուծություններով այն մասին, թե այդպիսով Ռուսաստանը միանձնյա ազդեցության տակ է վերցնում հակամարտությունը եւ կասկածի տակ դնում ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատը: Նմանատիպ մեկնաբանությունների սնանկությունը, սակայն, ակնհայտ դարձավ շատ կարճ ժամանակ անց, երբ սեպտեմբերի 4-ին Ուելսում` ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում, կայացավ նոր հանդիպում` այս անգամ արդեն ԱՄՆ պետքարտուղար Ջիմ Քերիի նախաձեռնությամբ:
Ու թեեւ Փարիզում կայանալիք հանդիպման շուրջ խոսվում էր դեռեւս մայիսին` ֆրանսուա Օլանդի՝ տարածաշրջան կատարած այցից անմիջապես հետո, ներկայիս փոքր-ինչ ուշացած համաձայնությունը ցույց է տալիս, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող բոլոր երկրներն էլ բանակցային գործընթացում դրսեւորում են հավասարաչափ ակտիվություն եւ նրանցից որեւէ մեկին առնվազն Ալիեւ-Սարգսյան հանդիպումների կազմակերպման տեսանկյունից ընդգծված առավելության հասնել չի հաջողվում: Դա հաստատվեց նաեւ այն հանգամանքով, որ երեկ Նյու Յորքում մեկնարկած ՄԱԿ-ի 69-րդ Գլխավոր Ասամբլեայի շրջանակներում Սարգսյանի եւ Ալիեւի հանդիպման ծրագրերը չեղարկվեցին եւ այդպիսով ԱՄՆ-ը միմյանց հետեւից Սարգսյան-Ալիեւ երկու հանդիպում կազմակերպելու առավելությունը չունեցավ:
Այսպիսով` Ղարաբաղի հարցով բանակցային գործընթացի հետ կապված՝ այս պահի դրությամբ կարող ենք արձանագրել երկու հանգամանք, որոնք երկուսն էլ, մեծ հաշվով, մեր շահերից են բխում: Առաջին. նախորդ նոյեմբերին Վիեննայում` երկամյա ընդմիջումից հետո կայացած Սարգսյան-Ալիեւ անհաջող հանդիպումից հետո միջնորդներն ակտիվ ջանքեր են գործադրում երկկողմ հանդիպումների պարբերականության վերականգնման ուղղությամբ: Երկրորդ. հաշվի առնելով այն, թե ինչպիսի հավասարակշռվածությամբ եւ հաջորդականությամբ են նախաձեռնվում այդ հանդիպումները համանախագահող երկրներից յուրաքանչյուրի կողմից` կարելի է ասել, որ ԵԱՀԿ Մինսկի ֆորմատի փոփոխության մասին խոսակցություններն այլեւս օրակարգում չեն: Համենայնդեպս` առաջիկա օրակարգում:

 




Լրահոս