ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՂՀ-Ն ՍՊԱՍՈՒՄ Է ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՄՈԴԵԼԻՆ

Այսօր ԼՂՀ ԱԺ-ում քննարկվելու է ԼՂՀ ընտրական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական նախագիծը: Մեր տեղեկություններով` քննարկմանը ներկա են լինելու ՀՀ ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության եւ հանձնաժողովի անդամ Արփինե Հովհաննիսյանը, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության, հանձնաժողովի անդամ Զարուհի Փոստանջյանը, ԱԺ ԲՀԿ խմբակցության եւ հանձնաժողովի անդամ Տիգրան Ուրիխանյանը եւ հանձնաժողովի անդամ, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: «Ժողովուրդ»-ն այս կապակցությամբ զրուցել է ԼՂՀ ԱԺ «Ազատ հայրենիք» կուսակցության անդամ, ԼՂՀ ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Պետրոսյանի հետ:

-Պարոն Պետրոսյան, ԼՂՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովը ՀՀ ԱԺ նույն հանձնաժողովի անդամների հետ քննարկելու է ԼՂՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Խնդրում եմ կոնկրետ նշեք, թե ի՞նչ փոփոխությունների մասին է խոսքը:
-Լսումների թեման ԼՂՀ ընտրական օրենսգիրքն է ու ինքն ամբողջությամբ նոր օրենք է, բայց հին օրենքից դրույթներ կան, որոնք ներառվել են այս նոր նախագծում:
-Նախագծի քննարկումը լինելու է ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի անդամների հետ, ո՞րն է դրա պատճառը:
-Ուղղակի, քանի որ իրենց փորձն ավելի շատ է, մենք դրա համար ցանկանում ենք իրենց հետ խորհրդակցել: Նաեւ հրավիրվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն ու լսումների ժամանակ իրենք իրենց տեսակետն են հայտնելու նախագծի մասին: Հենց այդ լսումների հիման վրա էլ Արցախը կկողմնորոշվի նախագծի շուրջ:
-Բայց արդյո՞ք այս պահի դրությամբ ընտրական օրենսգրքի փոփոխությունն այդքան հրատապ է:
-Քանի որ մեր ընտրական օրենսգիրքը ընդունվել է 2004 թվականին, այսինքն՝ 10 տարի անցել է, ուստի փոփոխությունների, շտկման, նոր մեխանիզմներ դնելու անհրաժեշտություն կա: Օրինակ՝ մեզ մոտ նախկինում հաշմանդամների քվեարկությունը հստակեցված չէր, մենք դա հանել էինք 2004 թվականին, սակայն եվրոպացի դիտորդներն առաջարկեցին դարձյալ ներդնել շրջիկ տուփերի գաղափարը՝ նշելով, որ ապահովված չէ բոլոր խավերի քվեարկության իրավունքը: Ու քանի որ մենք էլեկտրոնային քվեարկության անցնելու հնարավորություն չունենք, հիմա այդ շրջիկ տուփերի գաղափարը կարող է նորից շրջանառության մեջ մտնել: Հիմա հիմնական նյութը, քննարկման թեման դա է: Հետո նաեւ համամասնական, մեծամասնական ընտրակարգի փոփոխություն է լինելու, հիմիկվա գործող օրենսգրքով 17 համամասնական եւ 16 մեծամասնական տեղ է, բայց հիմա առաջարկություն կա, որ մենք անցում կատարենք կամ 100 տոկոս համամասնականի, որը պաշտպանում է Դաշնակցություն խմբակցությունը, կամ 22 համամասնական, 11 մեծամասնականի:
-Իսկ ըստ Ձեզ, հնարավո՞ր է անցում կատարվի 100 տոկոս համամասնական ընտրակարգի:
-«Ժողովրդավարություն» խմբակցությունը կողմնակից է 22 համամասնական, 11 մեծամասնական ընտրակարգին անցնելուն, բայց դեռեւս առաջարկ չի արվել, իրենց պաշտոնական դիրքորոշումը դեռեւս չկա: Երեւի իրենց պաշտոնական դիրքորոշումը կլինի այդ լսումների ժամանակ կամ հաջորդ օրը՝ ԼՂՀ ԱԺ նիստի ժամանակ:
-Հայաստանում ներկայում քաղաքական օրակարգի առաջնային հարցը սահմանադրական բարեփոխումներն են: Ի՞նչ մոտեցում ունի Արցախի ԱԺ-ն այդ հարցի շուրջ, հնարավո՞ր է Արցախը եւս սահմանադրական բարեփոխումներ սկսի:
-Պաշտոնական որեւէ քննարկում չկա, բայց նույն ՀՅԴ-ն առաջարկում է անցնել խորհրդարանական կառավարման, «Ազատ հայրենիք»-ը եւս կողմնակից է պառլամենտական հանրապետության, իսկ «Ժողովրդավարություն» խմբակցությունը դեռեւս կողմնակից է նախագահական ինստիտուտին: Բայց նորից եմ կրկնում՝ որեւէ քննարկում չի սկսվել: Նաեւ նշեմ, որ եթե Հայաստանում արդեն պաշտոնապես շրջանառության մեջ դրվի նոր հայեցակարգը, մենք էլ ենք այդ քննարկումներն այստեղ սկսելու: Մենք էլ ենք ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին խնդրել, որ այդ հարցում օգնի մեզ: Այսինքն՝ եթե նախագիծը լինի ՀՀ-ում, մենք էլ կվերցնենք ու Արցախում կքննարկենք: Հաշվի առնելով մեր տարբերությունները ՀՀ-ի հետ՝ դա կվերցնենք որպես նախնական քննարկման նյութ ու կսկսենք քննարկել: Այդուամենայնիվ` դեռեւս վաղ է ասել, թե ԼՂՀ քաղաքական ուժերն ինչ դիրքորոշում կունենան այդ հարցի հետ կապված: Նախ` ՀՀ-ում պետք է լինի հստակություն, որ այստեղ քննարկենք:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՐԱԶԵԼ ԷՐ ՌԵԺԻՍՈՐ ԴԱՌՆԱԼ

Ազգային Ժողովի նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) նոր բիզնես է սկսել: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ պատգամավորը սցենարներ է գրում, այնուհետեւ դրանց հիման վրա ֆիլմեր նկարահանում: Մեզ հետ զրույցում Հ. Հակոբյանն ասաց, որ իր գրաֆիկն այնքան հագեցած է, որ այլ աշխատանքներ չի հասցնում անել: Նախկին պատգամավորը հոկտեմբերի 1-ից ձեռնամուխ է լինելու իր իսկ գրած սցենարով նոր` Ցեղասպանության վերաբերյալ ֆիլմի նկարահանմանը:

-Պարոն Հակոբյան, ի՞նչ նոր բիզնես գործունեություն եք սկսել:
-Մենք այժմ ֆիլմ ենք նկարահանում Ցեղասպանության մասին, սցենարի հեղինակը ես եմ ու անձամբ ես էլ նկարահանում եմ: Ֆիլմը կոչվելու է «Հիշողություն», Արեւմտյան Հայաստանից է սկսվելու ու գալու է մինչեւ մեր օրերը: Մոտավորապես տեւելու է 3 ժամ: Հոկտեմբերի 1-ից նկարահանման պրոցեսն է սկսվելու, իսկ հիմա սցենարը, դերասանները, ամեն ինչ պատրաստ են… այդ գործընթացին ենք նախապատրաստվում: Հենց հիմա էլ այդ հարցերն ենք լուծում, ձիերի հետ կապված հատված կա, հիմա էդ ձիերի հարցերն ենք փորձում լուծել, գտնել… այդտեղ տեղեր կան, որ ձիերով կադրեր են, մի քանի օր առաջ եկեղեցու հարցերը լուծեցինք: Սցենարն ամբողջությամբ ես եմ գրել, ես եմ մշակել:
-Իսկ ո՞վ է ֆիլմի նկարահանումները հովանավորում:
-Հովանավոր չկա, ես ինքս եմ նկարահանում, իմ միջոցներով:
-Ինչո՞ւ եք որոշել նման գործունեությամբ զբաղվել:
-Ես մանկությունից երազել եմ դառնալ ռեժիսոր, ես ցանկացած թատրոն, որ գնացել եմ՝ միշտ քննադատի դերում եմ ավելի շատ եղել, որովհետեւ դա շատ եմ սիրել: Հիմա ուզում եմ հա՛մ դա իրականացնել, հա՛մ էլ ես դրան նայում եմ որպես բիզնես: Ոչ միայն այս ֆիլմը, այլ ֆիլմեր էլ ենք նկարահանելու: Երկու հատն արդեն նախապատրաստական փուլում է, սա վերջացնելուց հետո մենք կսկսենք հաջորդ ֆիլմի նկարահանումն իրականացնել: Մի հատ էլ կատակերգություն կա, որը կապված է քաղաքական գործիչների հետ, այն, ինչ քաղաքական գործիչներն անում են, ենթադրենք, լրագրողների գլխին կամ մյուսների հետ, այդ նույն բանը անում են 12 տարեկան չարաճճի տղաներն իրենց գլխին: Այնտեղ շատ իրական բաներ կան, ու նրանք, ովքեր քաղաքականության մեջ են՝ կհասկանան, թե ում է դա վերաբերում:
-Այսինքն, կարելի՞ է ասել, որ քաղաքականությունն այլեւս Ձեզ չի հետաքրքրում ու Դուք կինոինդուստրիայի ոլորտ եք գնացել:
-Ամբողջ այդ ֆլիմերը ոտքից գլուխ քաղաքականություն է: Ցեղասպանության ֆիլմի մեջ կա սեր, հանդուրժողականություն ու լուրջ քաղաքականություն` կապված հայ-թուրքական հարաբերությունների հետ եւ այլն: Եթե հաջողություններ ունենանք, ապա դա նաեւ բիզնես կդառնա:

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

ԼՈՒՐԵՐ

ՉԻ ԲՈՂՈՔՈՒՄ ԿՐԱԿՈՑՆԵՐԻՑ
Օգոստոսի 29-ի գիշերը Խանջյան-Թումանյան փողոցի խաչմերուկում կրակոցներ արձակած ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արսեն Ավագյանը՝ Տուգոն, դեռ շարունակում է կալանավորված մնալ: Հիշեցնենք, որ նշված օրը վերջինս կրակել էր 51-ամյա Սուրեն Իսահակյանի ուղղությամբ, ով, բարեբախտաբար, լուրջ վնասվածքներ չէր ստացել:
«Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ ե՛ւ Ավագյանը, ե՛ւ Իսահակյանը նախաքննության մարմնին տված իրենց ցուցմունքներում ասել են, թե որեւէ պարտք ու պահանջ չունեն միմյանցից: Սակայն անգամ այս ցուցմունքներից հետո նախկին պատգամավորը դեռ շարունակում է կալանավորված մնալ: Գործով նախաքննությունը դեռեւս շարունակվում է:

 

ԴԱՆԱԿԱՀԱՐԵԼ ԵՆ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նախօրեին Աջափնյակ համայնքի թիվ 47 շենքի բակում դանակահարել են մի անչափահաս տղայի, ով սպորտսմեն է: Մեզ հասած տեղեկություններով՝ դանակահարության պատճառն այն է եղել, որ մի խումբ տղաներ նրա քրոջն անհանգստացրել են: Երեկոյան, երբ քույրը տուն վերադառնալիս է եղել, եղբայրն իջել է նրանց հետ հաշիվները մաքրելու, ու հենց այդ ժամանակ էլ երիտասարդները շենքի բակում դանակահարել են սպորտսմենին: «Ժողովուրդ»-ին հաջողվեց պարզել, որ դանակահարված տղային հիվանդանոց է տեղափոխել նրա հայրը՝ Վահագը:

 

ԽԻՍՏ ՊԱՏԻԺՆԵՐ
Սեպտեմբերի 8-ին ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասերից մեկում մահացած ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Հարությունյանի գործով զորամասի հրամանատարական կազմը նկատողություններ է ստացել եւ առավել խիստ պատժի ենթարկվել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ եթե քննության ընթացքում հրամանատարական կազմի սխալը հաստատվի, պատիժներն ավելի կխստացվեն: Տեղեկացանք նաեւ, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն օրերս հանդիպել է մահացած զինվորի ծնողների հետ:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ նախարարը նման դեպքերում միշտ է հանդիպում զինվորի հարազատների հետ:

 




Լրահոս