ՔԱՌՅԱԿԻՑ ՈՎ ՊԵՏՔ Է ՃԱՌ ԱՍԻ, ԻՍԿ ՈՎ՝ ԶԱՆԳ ԿԱԽԻ
Ոչ իշխանական 4 ուժերի կողմից իշխանություններին ներկայացրած 12 կետանոց պահանջագիրը կարծես թե ծավալվում է: Երեկ ՀԱԿ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը հայտարարել է, որ ոչ իշխանական ուժերը կփորձեն խորհրդարանում բարձրացնել ՀՀ ոստիկանապետի պատասխանատվության, հրաժարականի հարցը:
Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մուսինյանն ասել է, որ շաբաթ օրվա իր հայտարարություններով ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը փորձել է վախեցնել հասարակությանը եւ, ըստ էության, ասել, որ ինքն ունի քաղաքական կողմնորոշում, ինչը խայտառակություն է եւ անարգանք՝ գործող Սահմանադրության ու օրենքների նկատմամբ:
Արման Մուսինյանի մեկնաբանությամբ` ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն իր հարցազրույցում մի շարք խոստովանություններ է արել. «2008 թ. մարտի մեկին նրա ղեկավարած կառույցը՝ ռազմական ոստիկանությունը, ներգրավված է եղել գործընթացների մեջ, իր ասելով՝ զբաղված է եղել կառավարական շենքի պաշտպանությամբ, ինչը նշանակում է, որ զինված ուժերի ստորաբաժանումը ներգրավված է եղել քաղաքական գործընթացներին: Երկրորդը՝ սպառնալիքներ հնչեցնելով (թեժ աշուն եւ այլն), ըստ էության, հայտարարել է, որ ինքը քաղաքական կողմնորոշում ունի, այնինչ՝ նրա միակ պարտականությունը պետք է լինի հասարակական կարգի եւ օրենքի պաշտպանությունը: Մենք՝ Հայ ազգային կոնգրեսը, գործընկեր կուսակցությունները, վստահ եմ՝ կարող եմ նաեւ նրանց անունից հայտարարել, որ իրենց հրապարակային գործողություններում օրենքի որեւէ խախտում չեն անելու: Եվ փորձելով ասել, որ հասարակական բողոքները կճնշվեն, Վլադիմիր Գասպարյանը գերազանցել է իր լիազորությունները, եւ կարծում եմ՝ ոչ իշխանական ուժերը կփորձեն խորհրդարանում բարձրացնել նրա պատասխանատվության, հրաժարականի հարցը»:
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչներից պարզել, թե ե՞րբ են պատրաստվում գահընկեց անել ՀՀ ոստիկանապետին, ինչպես նաեւ պարզել. ուշացած չէ՞ արդյոք 6 տարի անց՝ մարտի 1-ին տեղի ունեցած հանցագործության թեման բարձրաձայնելը: Պարզվեց՝ 4 ուժերից երեքը տեղյակ չէին ՀԱԿ-ի առաջարկից եւ նույնիսկ անակնկալի եկան ՀՀ ոստիկանապետի դեմ դուրս գալու հայտարարությունից:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Թեւան Պողոսյանն ասաց. «Քառյակի նիստերի ընթացքում նման բան չի քննարկվել, ինքս տեղյակ չեմ այդ ամենից»: Ըստ նրա՝ ցանկացած հարց համաձայնեցվում է Քառյակի բոլոր անդամների հետ, որից հետո նոր ընդհանուր Քառյակի անունից ներկայացվում է որեւէ խնդիր: «Ռուբեն Հակոբյանն այդ մասին ոչինչ չի զեկուցել եւ մենք տեղյակ չենք նման բաներից»,- տեղեկացրեց Թ. Պողոսյանը:
Անտեղյակ էր նաեւ ոչ իշխանական «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խոսնակ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը. «Ես այդ մասին մեկնաբանություն չեմ կարող անել, տեղյակ էլ չեմ, որ Արման Մուսինյանը նման բան է ասել»: Իսկ ԲՀԿ-ն պատրա՞ստ է ՀՀ ոստիկանապետի հրաժարականը պահանջել, կիսո՞ւմ է ՀԱԿ-ի ներկայացրած տեսակետը: Մեր այս հարցին Ուրիխանյանը հրաժարվեց պատասխանել՝ կրկին պնդելով, որ տեղյակ չէ:
Զրուցեցինք նաեւ ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավոր Արագած Ախոյանի հետ. գուցե նա՞ ինչ- որ բան գիտի ՀՀ ոստիկանապետի՝ սպասվող պաշտոնանկության մասին: «Ես տեղյակ չեմ այդ հայտարարությունից, հետեւաբար որեւէ մեկնաբանություն չեմ կարող անել»,- ասաց Ախոյանը: Այն դիտարկմանը, թե, ի վերջո, Վ.Գասպարյանին պե՞տք է պատասխանատվության ենթարկել, Ախոյանը հետեւյալ կերպ արձագանքեց. «Չեմ կարող որեւէ մեկնաբանություն անել, անտեղյակ եմ, անտեղյակ»:
Տեղյակ չէր նաեւ ՄԱԿ նախագահ, ԲՀԿ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը. «Չեմ կարող մեկնաբանություն անել, տեղյակ չեմ այդ հայտարարությունից: Չեմ կարող խոսել այդ մասին»:
Դաշնակցություն խմբակցությունից էլ տեղյակ մարդկանց չկարողացանք գտնել: Ու այս իրավիճակից, թերեւս, երկու հետեւություն կարելի է անել. կամ ՀԱԿ-ը միայնակ է որոշել Վլադիմիր Գասպարյանի «հախից գալ»՝ հույս ունենալով, որ մյուս 3 ուժերը չեն մերժի այդ առաջարկը, կամ էլ Քառյակը այնպիսի տակտիկա է որդեգրել, որպեսզի ուժային կառույցների ողջ մեքենան չկենտրոնանա Քառյակի անդամ պատգամավորների վրա:
Բանն այն է, որ ԱԺ շատ պատգամավորներ ուղղակի կախման մեջ են ոստիկանությունից, դատախազությունից եւ ուժային մյուս կառույցներից, քանի որ ունեն այնպիսի անցյալ կամ երեխաներ, որոնք քրեական օրենսգրքի տարբեր հոդվածների հասցեատերեր են: Դրա համար էլ շատ պատգամավորներ դժվար թե ուղղակի առճակատման գնան ուժային որեւէ կառույցի հետ:
Այնուամենայնիվ, հետաքրքիր զարգացումներ են սպասվում այս առիթով:
ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
ԱՆՏԵՂՅԱԿ ՆԱԽԱԳԱՀԸ
Երեկ Սերժ Սարգսյանն այնպիսի հարցական հայացքով մոտեցավ իր առանձնատան դարպասների մոտ հավաքված բնակիչներին, որ տպավորություն էր, թե Հայաստանում չի ապրում ու նրա աշխատակիցները չեն զեկուցում, թե ինչ է կատարվում մեր երկրում: 10 տարի է, ինչ «Տոնուս» շինարարական ընկերությունից տուժած բնակիչները տարբեր վայրերում ակցիաներ են անում, ներխուժեցին անգամ իրենց բնակարաններն իրենց ձեռքից վերցրած «Արցախբանկ», սակայն Սերժ Սարգսյանը երեկ նոր հետաքրքրվեց. «Ինչ ա՞ եղել»: Մի տիկին պատմեց. ««Տոնուս»-ի բնակիչներն ենք, որ 10 տարի է խաբված ենք: Էլ չգիտենք՝ ում հավատանք: Որքա՞ն կարելի է ստել, խաբել»: «Բայց տենց մեղադրական տոնով մի խոսեք: Ես ձեզ առաջին անգամ եմ տեսնում: Դուք գնացել, մասնավոր ընկերության հետ պայմանագիր եք կնքել… պետությունը…»,- արձագանքեց երկրի ղեկավարը, որի խոսքն ընդմիջեց ՌԴ մի քաղաքացի, ով պայմանագրով աշխատել է Հայաստանում, տուն է գնել «Տոնուս»-ից, եւ հիմա ապրելու տեղ չունի: «Կամաց խոսեք, թե չէ՝ ուզում եմ լաց լինեմ»,- հորդորեց Սերժ Սարգսյանը, ապա շտապեց դեպի իրեն սպասող ավտոմեքենան: Բնակիչները նրա հետեւից բղավեցին, թե, ի վերջո, ե՞րբ կլուծվի իրենց հարցը: «Ապահով Հայաստան» խոստացած Սարգսյանն առանց շրջվելու նետեց՝ «Էսօր կամ վաղը»:
Հիշեցնենք, որ անտեղյակ ձեւացող Սերժ Սարգսյանն այս տարվա մարտի 12-ին առաջին անգամ հանդիպեց «Տոնուս»-ից տուժած բնակիչներին եւ իր սովորության համաձայն՝ խոստումներ տվեց, թե խնդիրը կկարգավորվի: Սակայն բնակիչները ստիպված եղան սեպտեմբերին կրկին գնալ նրա «դուռը»:
ՆԻՍՏ ԿԱՆԵՆ
Այսօր ԱԺ ԲՀԿ խմբակցությունում ոչ իշխանական 4 ուժերը նիստ են անցկացնելու, որպեսզի հստակե ցնեն միասնական հանրահավաքի օրը: Այսօր քննարկվելու է նաեւ Քառյակի՝ մարզեր մեկնելու գրաֆիկը: Քառյակում որպես «հուժկու հանրահավաքի» օր այսօրվա դրությամբ նախանշվում է հոկտեմբերի 17-ը կամ 20-ը: Մնում է՝ 4 ուժերին հարմար լինի այդ օրը:
ԿՀԱՆԴԻՊԵՆ 20-ԻՆ
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ երեկ Արարատի մարզում «Ազատամարտի նվիրյալներ միավորում» հասարակական կազմակերպությունը կրկին նիստ է հրավիրել: Մեր տեղեկություններով՝ մարդաշատ հանդիպմանը մասնակցել են ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ռուստամ Գասպարյանը, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը, «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը, ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը ու այլք: «Ազատամարտի նվիրյալներ միավորում» հասարակական կազմակերպությունն այնտեղ ծաղիկ է դրել Վազգեն Սարգսյանի հուշաքարի մոտ, այնուհետեւ մոտ մեկուկես ժամ քննարկումներից, զրույցներից հետո հեռացել մարզից: Այս անգամ նրանք որոշել են սեպտեմբերի 20-ին՝ ՀՀ անկախության տոնին ընդառաջ, հանդիպել Եռաբլուրում:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՉԵՆ
«Օրինաց երկիր» կուսակցությունում սահմանադրական բարեփոխումներն այս փուլում առաջնահերթություն չեն համարում: Այս մասին երեկ սահմանադրական բարեփոխումների քննարկման ժամանակ հայտարարել է ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը՝ հավելելով, որ ՕԵԿ-ում պատրաստ են քննարկել այդ փոփոխությունները եւ ներկայացնել սեփական տեսակետները, երբ փաստաթղթի մշակումն ավարտվի:
ԲԱՆԱՆԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ
Սահմանադրական բարեփոխումների գործընթացը կոչված է գործող իշխանության վերարտադրումն ապահովելուն: Այս մասին սեպտեմբերի 16-ին սահմանադրական բարեփոխումների թեմայով «Ժառանգություն» կուսակցության կազմակերպած քննարկման ժամանակ հայտարարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:Ըստ նրա՝ իշխանությունների հիմնական բլեֆը սահմանադրական բարեփոխումների գործընթացում նոր Սահմանադրությունն ընդունելու գաղափարը սահմանադրական բարեփոխումների փոխարեն ներկայացնելու ձգտումն է: «Հայաստանի իշխանությունները փորձում են երկիրը տանել «բանանային հանրապետությունների» ճանապարհով, որտեղ յուրաքանչյուր իշխանություն իր Սահմանադրությունն է պարտադրում», – ընդգծել է ՀԱԿ խմբակցության ղեկավարը:
ԸՆԴՈՒՆԵԼ Է
Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքին: Քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլին եւ հեռանկարին վերաբերող հարցեր։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ սեպտեմբերի 4-ին Նյուպորտում ԱՄՆ պետքարտուղարի նախաձեռնությամբ կայացած եռակողմ հանդիպման ժամանակ քննարկված հարցերի շուրջ: Ուորլիքի հետ երեկ հանդիպել է նաեւ ՀՀ ԱԳ նախարար Է. Նալբանդյանը:
ԱՆՓՈՓՈԽ ԹՈՂԵՑ
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը երեկ մերժել է խարդախության մեղադրանքով 6 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանի փաստաբանի բողոքարկող հայցը եւ անփոփոխ թողել առաջին ատյանի որոշումը: Ավետիսյանի փաստաբանը պատրաստվում է դիմել Վճռաբեկ դատարան, որտեղ հաջողության չհասնելու դեպքում էլ՝ կդիմի Եվրոպական դատարան:
ԻՐՈՔ, ԴՈՒՐՍ ՄԵՐ ԳՐՊԱՆԻՑ
«Դուրս մեր գրպանից» քաղաքացիական նախաձեռնությունը սեպտեմբերի 17-ին մայրաքաղաքի վճարովի ավտոկայանատեղիներում ցուցադրական բողոքի ակցիա կանցկացնի: Այն կմեկնարկի Մերգելյան ինստիտուտի տարածքից՝ ժամը 14:00-ին:
«Որոշել ենք ցուցադրական գնանք, կանգնենք կարմիր գծերում, 15 րոպեից ավելի մնանք ու չվճարենք: Սպասելու ենք, որ համապատասխան տուգանքներ գան մեզ վրա, որ բողոքարկենք դատարանում, ապացուցենք, որ կարմիր գծերն անօրինական դաշտում են գործում»,-հայտարարել է «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամ Արմեն Միքայելյանը: