ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆԱԽԱՐԱՐԸ՝ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՆԵՐԻ ՊԱՏԺԻ ՄԱՍԻՆ

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը վստահեցրեց, թե չի վախենում Վարդենիսի տուն-ինտերնատի նախկին տնօրեն Նվեր Հովհաննիսյանին աշխատանքից հեռացնելով՝ հաշվի առնելով, որ միգուցե հանրապետականների հետ կարող է խնդիր ունենալ. «Ես չեմ կարծում, որ նման խնդիր կա կամ նման խնդիրները որեւէ ձեւաչափով կքննարկվեն»:

Հիշեցնենք, որ Վարդենիսի տուն-ինտերնատի տնօրեն Նվեր Հովհաննիսյանը անցած ամիս աշատանքից ազատման դիմում գրեց, քանի որ չարաշահումներ հայտնաբերվեցին: Նա ՀՀԿ կազմակերպչական գծով փոխնախագահ Ռուբեն Թադեւոսյանի մորեղբոր տղան է եւ վերջինիս շնորհիվ էր շարունակում աշխատել տուն-ինտերնատում:

Այդ թեմայով «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հետ:

-Պարոն Ասատրյան, ինչո՞ւ Վարդենիսի տուն-ինտերնատի տնօրեն Նվեր Հովհաննիսյանն աշխատանքից ազատման դիմում գրեց: Ասում են՝ ինքնակամ չի հեռացել տուն-ինտերնատից, այլ՝ չարաշահումներ են եղել, ինչի համար խորհուրդ են տվել դիմում գրել, գնալ: Կասե՞ք՝ ինչ է կատարվում:
-Նախ ասեմ, որ ընդհանրապես համակարգում գործող պետական ոչ առեւտրային կազմակերպություններում մենք իրականացնում ենք ընթացիկ աշխատանքների մոնիթորինգ, աշխատանքների արդյունավետության գնահատում եւ նաեւ ներքին աուդիտ: Այդ ներքին աուդիտի արդյունքները քննարկվել են նաեւ աուդիտի կոմիտեի նիստում եւ, մասնավորապես, որոշակի ուղղությունների, գործունեության հետ կապված աշխատանքները գնահատվել են ոչ բավարար: Արդյունքում՝ այդ ամենը կարգավորելու համար սկսվլ են անհրաժեշտ միջոցառումներ իրականացվել: Իսկ կոնկրետ՝ նախկին տնօրենը աշխատանքից հեռացել է իր դիմումի համաձայն:
-Այսինքն, չարաշահում չի եղել, սակայն որոշ աշխատանքներ Նվեր Հովհաննիսյանի ժամանակ թերի են կատարվել:
-Այո, այո:
-Բոլորը շատ լավ գիտեն, որ Նվեր Հովհաննիսյանը ՀՀԿ կազմակերպչական գծով փոխնախագահ Ռուբեն Թադեւոսյանի բարեկամն է: Չե՞ք վախենում, որ ՀՀԿ-ականները չեն ների Ձեզ՝ նրան աշխատանքից հեռացնելու համար:
-Ես չեմ կարծում, որ նման խնդիր կա, կամ նման խնդիրները որեւէ ձեւաչափով կքննարկվեն: Կոնկրետ մեր համակարգում գործող պետական ոչ առեւտրային կազմակերպությունում պետք է աշխատեն, ու աշխատում են մարդիկ, ովքեր բացառապես իրենց աշխատանքային պարտականությունները կատարելու համար են նշանակված: Եթե որեւէ անձ ինչ-որ անձի հետ բարեկամական կամ ազգակցական կապ ունի, չի նշանակում, որ բացառապես այդ արժանիքների համար պիտի աշխատի: Կարծում եմ, որ այդ մարդիկ եւս ունեն արժանիքներ:
-Նվեր Հովհաննիսյանին փոխարինել է Արտակ Հարությունյանը. նրան որտեղի՞ց եք գտել:
-Արտակ Հարությունյանին նշանակել եմ տուն-ինտերնատի ժամանակավոր պաշտոնակատար: Ըստ օրենքի՝ տնօրենը նշանակվում է մրցույթի արդյունքում: Կլինի մրցույթ, կլինեն դիմողներ՝ կտեսնենք: Հայտարարությունն արդեն տրված է:
-Հետաքրքիր է՝ ժամանակավոր պաշտոնակատարը իրավասություն ունի՞ կադրային ջարդ անել տուն-ինտերնատում
-Ինչո՞ւ եք այդ տերմինը օգտագործում՝ կադրային ջարդ: Նման մեկնաբանություն չեմ տա: Բնականաբար, ժամանակավոր պաշտոնակատարը որպես տնօրենի պարտականություններ իրականացնող անձ, իր իրավասությունների շրջանակում պարտավոր է իրականացնել որոշակի աշխատանքներ: Իսկ մեր գնահատականը պայմանավորված կլինի իրականացված աշխատանքներով: Եթե ժամանակավոր պաշտոնակատարը որեւէ քայլ է արել, որը միտված է աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, ապա դա պետք է ողջունել, իսկ եթե լինեն այլ կարգի քայլեր, բնականաբար մենք թույլ չենք տա, կարձագանքենք ոչ օրինաչափ գործողություններին:
-Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հրապարակեց, որ տուն-ինտերնատի 450 բնակչի սպասարկում է մեկ հոգեբույժ: Մեզ հասած տեղեկություններով՝ խնդիրն աշխատավարձն է:
-Իսկապես ցավալի խնդիր է, բայց այդքան՝ աշխատավարձը չէ խնդիրը: Գրավոր դիմել եմ առողջապահության նախարարին, կրթության եւ գիտության նախարարին՝ խնդրելով կրթական հաստատություններում պատվերները տեղադրելիս հաշվի առնեն այս խնդիրը, որ հեռավոր բնակավայրերում բժիշկների կարիք ունենք: Այս խնդրը կա վաղուց, բայց առաջիկայում կհաջողվի լուծել, քանի որ իսկապես սա լուրջ խնդիր եմ համարում:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԼՈՒՐԵՐ

ՆԱԽԱՐԱՐԻ ՈՐԴԻՆ
Պարզվում է՝ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի դատավոր որդին պետական համակարգից հիասթափվել է: Երեկ Սերժ Սարգսյանի որոշմամբ՝ դադարեցվել են Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արտակ Զախարյանի լիազորությունները: Նա դատավոր էր աշխատում 2008թ.-ից:
Ինչո՞ւ է դատավորը հեռացել իր պաշտոնից: «Ժողովուրդ»-ը փորձեց հարցի պատասխանը ստանալ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանից: Վերջինիս խոսքով՝ իր որդին աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն. «Որեւէ տարօրինակ բան չկա, աշխատանքի բնույթն է փոխում, այլ աշխատանքի է անցնում»: Թե որտեղ է շարունակելու իր կարիերան 6 տարի դատավոր աշխատած Արտակ Զախարյանը, նրա հայրը չմանրամասնեց՝ միայն ասաց.«Ոչ պետական համակարգում»: Այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչու է դատավորը հիասթափվել պետական համակարգից:

 

ԴԱՐՁՅԱԼ ՀԻՇԵՑԻՆ
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության կողմից երեկ շրջանառության մեջ է դրվել «ԼՂՀ եւ ՀՀ անվտանգության ապահովման ռազմաքաղաքական հիմնադրույթների հայեցակետերի մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագիծը: Այն բաղկացած է չորս կետից.
1.Ճանաչել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը:
2. Բացառել ԼՂՀ եւ ՀՀ պետական սահմաններին այլ պետությունների կամ միջազգային կազմակերպությունների կողմից անցակետերի (սահմանապահ, մաքսային եւ այլն) տեղակայումը:
3. Բացառել ԼՂՀ եւ Ադրբեջանի սահմաններին այլ պետությունների կամ միջազգային կազմակերպությունների կողմից զինված ուժերի տեղակայումը:
4. Բացառել ՀՀ անդամակցությունը կամ միավորումը որեւէ կառույցի, որը կվտանգի ԼՂՀ եւ ՀՀ ինքնիշխանությունը եւ/կամ տարածքային ամբողջականությունը:

 

ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է
«Մենք անհանգստացած ենք սպառազինությունների կուտակման փաստից, ինչը սպառնում է խաղաղությանը եւ արդյունավետ բանակցություններին»,- այս մասին երեկ հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ պատասխանելով «Ազատության» այն հարցին, թե որքանո՞վ են անկեղծ Մոսկվայի խաղաղարար ջանքերն այն դեպքում, երբ Ռուսաստանը միլիարդավոր դոլարների զենք է վաճառում Ադրբեջանին: «Չնայած աշխարհի այլ կետերում ունեցած մեր տարաձայնություններին, այս հարցում մենք համաձայնության եկել ենք, մենք ցանկանում ենք համակարգել մեր դիվանագիտությունը: Ես հույս ունեմ, որ միջնորդներով կկարողանանք հասնել խնդրի երկարատեւ կարգավորմանը», – ասաց Ջեյմս Ուորլիքը:

 
ԲԼԹ

«Եթե հանկարծ էս քաղաքական ուժերն անում են ամեն ինչ Ռոբերտի վերադարձի համար, մենք միանշանակ դեմ ենք լինելու»:

Ռուստամ Գասպարյան 168.am

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ պատգամավորը կարծես թե առյուծի կաթ է խմել, որ, լինելով «քոչարյանաստեղծ» կուսակցության անդամ, այսօր դեմ է արտահայտվում Ռոբերտ Քոչարյանին: Չէ՞ որ օրերս մեկ այլ ԲՀԿ-ական Վահագն Մախսուդյանն էլ էր դեմ արտահայտվել, նաեւ քննադատել նախագահներին, ինչի համար կուսակցական նկատողություն ստացավ: Վերջիվերջո կուսակցական, այն էլ՝ ԲՀԿ-ական լինելը, նշանակում է խոսելուց առաջ երկար մտածել. ինչպես անում է Ռուբեն Գեւորգյանը՝ Ծաղիկ Ռուբոն: ԲՀԿ-ականները խոսելիս պետք է հիշեն կուսակցության առաջնորդին պատկանող առյուծներին:

 
«Այս տեսանյութը դիտած մարդը, եթե ինքն իր հերթին չի տարածում, իրավունք ունի կասկածելու իր ազգային եւ կենսաբանական (մարդ թե ոջիլ) պատկանելիությունը»:

Պարույր Հայրիկյան Facebook

Մի ժամանակ ԱԻՄ նախագահը բոլոր նրանց, ովքեր իր «ֆանատները» չէին, «ռուսական ԿԳԲ-ի ագենտ»-ի պիտակավորում էր տալիս: Իսկ հիմա, կարծես թե, դա արդեն արդիական չէ, այլեւս չի ազդում մարդկանց վրա, ուստի անկախության սիմվոլը որոշել է իր ոչ համակիրներին անվանել ավելի կարճ՝ «ոջիլ»: Եվ քանի որ Հայրիկյանի համակիրներին կարելի է մատների վրա հաշվել՝ ելնելով նրա հանրահավաքների մասնակիցների քանակից, ապա ստացվում է, որ Հայաստանի բնակչության 99,999 տոկոսը ոջիլներ են: Փայլուն տեսակավորում է արել Պարույր Հայրիկյանը: Ափսոս՝ արձագանքներն են ուշանում:

 

 

«Այսօրվա Սահմանադրությամբ գործող իշխանությունն ավելի շատ վերարտադրվելու հնարավորություն ունի»:

Ռաֆիկ Պետրոսյան 168.am

ՀՀԿ-ականները պատրաստ են ամեն ինչի, միայն թե արդարացնեն իրենց առաջնորդի համար ցանկալի սահմանադրական բարեփոխումները: Ռաֆիկ Պետրոսյանն էլ ՀՀԿ-ականներին հատուկ ոճի մեջ փորձում է հավատացնել, որ սահմանադրական բարեփոխումները միայն ի վնաս իրենց են եւ կխոչընդոտեն իրենց վերարտադրմանը: Փաստորեն, ոչ երիտասարդ հանրապետականի կարծիքով՝ իր կուսակիցները միշտ անձնազոհ են եղել եւ երբեք չեն մտածել վերարտադրվելու մասին: Այդ դեպքում, ինչպե՞ս է ստացվում, որ անընդհատ վերարտադրվում են, կամ ինչպե՞ս է, որ ի վնաս իրենց գործելով շարունակում են հարստանալ:

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

 




Լրահոս