ԵՐԲ «ՉԱԹԼԱԽ»-Ը ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է «ՂԱԼԱԹ» ԱՆԵԼ
ՀՀ արդարադատության չստացված նախարար Հրայր Թովմասյանը մայիսի 26-ին ԱԺ-ում աշխատակազմի ղեկավար է նշանակվել: Եվ ինչպես նախարար դառնալու առաջին ամիսներին, հիմա էլ ԱԺ-ում է փորձում նորարարություններ անել, սակայն դարձյալ չի ստացվում:
Երբ Հրայր Թովմասյանը աշխատակազմի ղեկավար նշանակվեց, իր հիմնական թիրախը համարեց լրագրողներին, որոնց հագուկապից սկսած մինչեւ մասնագիտական ունակությունները դուր չէին գալիս նրան: Ամեն ինչ ուզում էր փոխել: Սակայն «ատամը չկտրեց» եւ նահանջեց՝ բավարարվելով միայն հայտարարությամբ, թե իրենք կոչ կանեն խմբագիրներին, որպեսզի առավել փորձառու եւ իրավաբանական գիտելիքներ ունեցող մասնագետների հավատարմագրեն ԱԺ՝ աշխատանքները լուսաբանելու համար: Իսկ ինչո՞ւ էր Թովմասյանը թիրախավորել լրագրողներին:
Բանն այն է, որ նախկին նախարարն իր բոլոր դժբախտությունների մեջ մեղադրում էր լրագրողներին: Ամեն անգամ, երբ նրա չստացված մտքերը լրագրողները հրապարակում էին, Թովմասյանը չհասկացված էր մնում, ասում էր, թե լրագրողները սխալ են գրել: Անգամ երբ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը նրան հրապարակավ «չաթլախ» անվանեց՝ հղում անելով բացատրական բառարանին, Թովմասյանը ոչ թե Ռուստամյանից նեղացավ, այլ լրագրողներից: Բայց այս հրապարակման առիթը Թովմասյանի պաշտպան «տուզիկներ»-ին է վերաբերում: ԱԺ աշխատակազմի ղեկավարի գործունեությանը անդրադառնալու առիթ դեռ կունենանք:
Պարզվում է՝ Հրայր Թովմասյանն իր հետ խորհրդարան է տարել այնպիսի աշխատակիցների, որոնք պետք է ԱԺ-լրագրողներ ավանդական բաց ու թափանցիկ համագործակցության հիմքերը արմատախիլ անեն: Նոր «ձեւ դնեն» ԱԺ-ում. եթե որեւէ մեկը համարձակվի Հրայր Թովմասյանի կամ նրա կողմից ցուցակագրված մարդկանց մասին որեւէ տառ գրել լրատվամիջոցներում, «տուզիկներ» պետք է հարձակվեն ու «քլնգեն» լրատվամիջոցին:
Երեկ «Ժողովուրդ»-ը մի լուր էր հրապարակել այն մասին, որ «ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը մասնակցել է ԵԽԽՎ ԱԺ նախագահների տարեկան ժողովին: Այստեղ ուշագրավն այն է, որ Նաղդալյանը Օսլո է մեկնել ոչ թե միայնակ, ինչպես օրենքով է նախատեսված, այլ պատվիրակությամբ նրան ուղեկցողներ են եղել: «Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ Հերմինե Նաղդալյանին Օսլոյում ուղեկցել են ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանն ու ԱԺ արտաքին կապերի վարչության պետ Վիկտոր Բիյագովը»:
Այս լուրը, պարզվում է, դուր չի եկել պետության հաշվին շրջագայություններից վերադարձած Հրայր Թովմասյանին, ով, ըստ ամենայնի, հրահանգել է իր «տուզիկներ»-ին հարձակվել մեր օրաթերթի վրա՝ բնականաբար համացանցով, բնականաբար՝ մեծամասամբ կեղծ օգտատերերի անուններով: Իսկ ո՞վ պետք է ստանձներ «տուզիկային հարձակման» ղեկավարումը. դե իհարկե, «հազար տիրոջ ծառա» Արսեն Բաբայանը: Նա մի քանի օր է, ինչ նշանակվել է մեր երկրի խորհրդարանի Հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ: Արսենը համացանցում ինչ-որ անհեթեթ մտքեր էր գրել, հետո կազմակերպեց, որ կեղծ օգտատերերը բացեն հասարակական զուգարան հիշեցնող իրենց բերանները, ապա իմաստուն Արսենը սկսեց ջնջել վիրավորական մեկնաբանությունները՝ շարունակելով անձնական տեսակետի հրապարակումը:
Իհարկե, կարելի էր եւ չարձագանքել Արսենին, քանի որ նրան վաղուց շատ- շատերը լուրջ չեն համարում: Տարիներ շարունակ նա փորձում էր բարձրացնել ՀՀ Քրեակատարողական հիմնարկների վարչության վարկանիշը, չստացվեց, հետո գնաց ՀՀ ամենավարկաբեկված համակարգ՝ դատական դեպարտամենտ՝ դարձյալ նրանց «հեղինակությունը փրկելու» խոստումներով, բայց, ինչպես հայտնի է, դա էլ չստացվեց: Հիմա էլ Ազգային ժողովում պետք է PR անի, սակայն արդեն ձախողման տանող մարտավարություն է ընտրել, քանի որ թշնամանքով համացանցում «ստատուս» գրելը չի օգնի Հրայր Թովմասյանի կամ, ընդհանրապես, ԱԺ-ի վարկանիշի բարձրացմանը:
Հիմա ամենակարեւորի մասին. ո՞վ է Արսեն Բաբայանի «տանիքը»: Նա համարվում է ՀՀ իշխանական դաշտին «խոսնակներ մատակարարող ընկերության» «սեփականատեր» Արա Սաղաթելյանի հիմնական «գործիքը»: ՀՀ նախագահի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Սաղաթելյանն է շատ հաճախ Բաբայանի ձեռքով փորձում իրեն չենթարկվող ԶԼՄ-ներին «քլնգել» համացանցում, որպեսզի բոլոր լրատվամիջոցներին դարձնի «միշիկյան կորպորացիայի» անդամ: Չի ստացվելու: Խաղաղվեք, պարոնայք: Մենք մեր աշխատանքն ենք իրականացնում՝ բարեխիղճ եւ օբյեկտիվ: Մի՛ փորձեք շեղել մեզ: Ծիծաղելի եք դառնում:
Հ. Գ. Հուսանք՝ Հրայր Թովմասյանը կհրահանգի շտկել թույլ տրված «ղալաթը»:
ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ԹԱՆԿԱՐԺԵՔ ԱՂԲԱՄԱՆՆԵՐԻ ԱՆՀԵՏԱՑՄԱՆ ԱՌԵՂԾՎԱԾը
Երեկ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ վերջին երկու ամսվա ընթացքում Երեւանի Մաշտոցի պողոտայից անհետացել են թվով 18 փայտյա աղբամաններ: Բնականաբար, քաղաքապետարանը ձեռնարկել է անհապաղ միջոցներ, սակայն՝ անօգուտ, աղբամանները չկան: Տեղեկացնենք, որ խոսքն այն աղբամանների մասին է, որոնք Երեւանի քաղաքապետարանը ձեռք է բերել 77 հազար դրամով: Ստացվում է, որ 1 մլն 386 հազար դրամի աղբամաններ են կորել մայրաքաղաքից:
Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց Երեւան քաղաքի գլխավոր դիզայներ Գագա Ամատունու հետ:
-Մենք այս առիթով ՀՀ ոստիկանությանը նամակ ենք ուղղել, որպեսզի իրենք բացահայտեն, թե ինչի պատճառով է նման բան եղել: Քանի որ երբեւէ մի փողոցի վրայից այդ քանակությամբ աղբաման չի գողացվել կամ չի պակասել: Անկախ ամեն ինչից, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ երկուշաբթի օրվանից այն հատվածները, որտեղից աղբամաններն անհետացել են, արդեն տեղադրվել են նորերը, որպեսզի քաղաքացիներն անհարմարություն չզգան: Իսկ ոստիկանության կողմից համապատասխան քննություն կընթանա:
-Ի՞նչ եք կարծում, աղբամանների գողությունը տեսանկարահանե՞լ են փողոցներում տեղադրված տեսախցիկները:
-Կարծում եմ՝ պետք է տեսագրված լինի: Պետք է որ:
-Պարոն Ամատունի, երեւանյան փողոցներում քայլելիս մեր քաղաքացիները հաճախ են նկատում, որ նստարաններն անտարբերության են մատնված. կամ գետնի վրա շուռ է տված, կամ էլ՝ վնասված, կոտրված: Չէ՞ որ այդ նստարանի մեկ հատը Երեւանի քաղաքապետարանը ձեռք է բերել 150 հազար դրամով: Այս անփութության մասին ի՞նչ կասեք:
-Ինձ համար շատ ցավալի է, որ մենք նման խնդիրների առաջ ենք կանգնում: Մենք բոլորս էլ հասկանում ենք, որ այդ գույքը երեւանցիների համար է նախատեսված, եւ մարդիկ, ովքեր չեն կարողանում նորմալ օգտագործել, փչացնում են այն կամ կոտրում, որն աթույլատրելի է: Բնականաբար, Երեւանի քաղաքապետարանը վերանորոգման աշխատանքներ է իրականացնում եւ կոտրվածը վերանորոգում է: Դա, իհարկե, իրականացվում է «Նիկոլ Դուման» կազմակերպության կողմից եւ դրա համար առանձին գումար չի նախատեսում: Բայց, ցավոք, դա առանձին խնդիր է, որովհետեւ չի կարելի նման կերպ վարվել գույքի հետ: Ահա տեսեք՝ փաստացի 18 հատ աղբաման Մաշտոցի պողոտայից անհետացել է: Այն փողոցից, որը Երեւանի կարեւորագույն փողոցներից մեկն է: Հիմա տեսնենք, թե ոստիկանությունն ինչպես կարձագանքի մեր նամակին:
-Եթե չգտնվեն աղբամանները, փաստորեն քաղաքային բյուջեն, մեր հաշվարկներով, 1 մլն 386 հազար դրամի չափով վնասվեց:
-Կան տեսախցիկներ, եւ վստահ եմ, որ ոստիկանները կգտնեն գողերին: Ի դեպ, խանութների դիմացից են տարվել դրանք: Նմանատիպ դեպք երբեւիցե չի եղել:
-Բացի այդ, 18 աղբամանների դեպքից, այլ գողության դեպքեր գրանցվե՞լ են:
-Վնասվել են, բայց չեն գողացվել: Միայն նախորդ տարի մեկ նստարան անհետացավ: Նամակ գրեցինք ոստիկանություն, սակայն դեռ նորություն չկա: Բայց, հուսով ենք, որ կգտնվեն:
Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ
ԼՈՒՐԵՐ
ՎՆԱՍՆԵՐԸ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԿՃՇՏԵՆ
Տավուշի մարզպետարանից տեղեկացանք, որ ադրբեջանական գնդակոծությունից վնասված տների տանիքների, պատուհանների, դռների, այլ գույքի եւ այրված այգիների համար պետական բյուջեից փոխհատուցում ստանալու համար համայնքապետարանները հանձնաժողովներ են կազմել եւ ճշտել վնասների չափերը: Տեղական հանձնաժողովների կազմած եզրակացություններով՝ Մովսեսում վնասի չափը կազմում է 4 միլիոն 721 հազար դրամ, Չինարիում՝ 2 միլիոն 326 հազար դրամ, Չորաթանում՝ 330, Դովեղում՝ 488 , Կոթիում՝ 450 , Բաղանիսում՝ 134 հազար դրամ եւ այլն: Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանից տեղեկացանք, որ փոխհատուցում տալու համար ՀՀ արդարադատության նախարարության փորձագետները լինելու են սահմանամերձ գյուղերում եւ գնահատելու են վնասված գույքի իրական արժեքը: Արդյոք գնդակոծությունից վնասներ կրած սահմանամերձ 13 գյուղի համար պետբյուջեից հատկացված 20 միլիոն դրամը բավարա՞ր կլինի: «Ժողովուրդ»-ի այս հարցին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը պատասխանեց, որ անհրաժեշտության դեպքում պետբյուջեից այդ նպատակով հավելյալ հատկացում կարվի:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
ՎԱՏ Է
Ռուսաստանի Դաշնությունում ձերբակալված հայ գործարար Լեւոն Հայրապետյանի առողջական վիճակն օրեցօր վատթարանում է: «Նա նույնիսկ արդեն դժվարանում է խոսել»,-այս մասին Armlur.am-ին հայտնեց Հայրապետյանի շտաբի անդամ Արմինե Սիմոնյանը: Հայտնի չէ նաեւ, թե ինչ ընթացք կստանա ռուսաստանաբնակ հայ բարերարի դատական գործը: Ա.Սիմոնյանն ասաց, որ իրենք սպասում են պաշտպանների արձագանքին. «Մենք սպասում ենք նրա երեք պաշտպաններից մեկի արձագանքին, որոնց հետ չենք կարողանում կապ հաստատել երեկվանից»: Հիշեցնենք, որ Լեւոն Հայրապետյանը ձերբակալվել էր հուլիսի 15-ին ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության՝ Ղհը-ի կողմից: