«ՊԵՏՔ Է ԱՇԽԱՏԵԼ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԵՏ. ԱՅՍ ՀՈՂԸ ՊԱՀՈՂՆ ԻՐԵՆՔ ԵՆ»
Օրերս լրացավ Հայաստանում երկար տարիներ գործող ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանի կառավարման 100 աշխատանքային օրը: Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց նրա հետ:
-Պարոն Անդրեասյան, 100 օր է, ինչ ստանձնել եք ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի կառավարումը: Ինչպե՞ս եք գնահատում Ձեր ղեկավարած կառույցի դերն ու տեղը հայկական բանկային համակարգում:
-Ճիշտ է, 100 օր է, ինչ ղեկավարում եմ, բայց բանկում նոր մարդ չեմ. 18 տարի է, ինչ աշխատում եմ այս բանկում: Նախկինում եղել եմ բանկի գլխավոր գործադիր տնօրենի վարկային գծով տեղակալը: Հայաստանի բանկային համակարգում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼԸ խոշոր բանկերից է, առաջինը՝ կապիտալով: Մեզ համար տվյալ ժամանակաշրջանում ցուցանիշների խնդիրն առաջնահերթերից չէ: Դեռեւս պարոն Գիշյանի ժամանակ մենք արդեն ծրագրել էինք հասնել հասարակության բիզնես մտածելակերպի փոփոխությանը: Մեր գլխավոր նպատակն է բանկի հաճախորդներին հասցնել լիարժեք բավարարվածության: Պետք է Փաթեթային լուծումներ տանք հաճախորդի բոլոր խնդիրներին:
-Բանկն ունի՞ նոր մասնաճյուղեր բացելու ծրագրեր:
-Տարվա ընթացքում մենք արդեն բացել ենք հինգ մասնաճյուղ: Մինչեւ տարեվերջ կբացվի եւս երկու-երեք մասնաճյուղ: Հիմա 51 մասնաճյուղ ունենք, իսկ մինչեւ տարեվերջ կունենանք 54-ը: Մարզերում մենք բոլոր վայրերում ներկայացված ենք: Նախատեսում ենք խոշոր բնակավայրերում, օրինակ՝ Վանաձորում, Գյումրիում ավելի շատ ներկայացված լինելը եւ նոր մասնաճյուղեր բացելը: Օրինակ՝ Գյումրիում ունենք երկուսը, երրորդն էլ՝ մինչեւ տարեվերջ կլինի: Նույն մոտեցումը կլինի նաեւ Վանաձորում: Դու պետք է մոտ լինես հաճախորդին, որովհետեւ Հայաստանում ամենաբարձր մրցակցությունը բանկային ոլորտում է եւ հասարակության մեջ բանկայնացման աստիճանը բավականին բարձրացել է: Այս պահին մեծ ուշադրություն ենք դարձնում մեր հիմնական ուղղություններին. գյուղատնտեսական վարկեր, գյուղական վայրերում ոչ գյուղատնտեսական վարկեր եւ այլն: Ավելին՝ գյուղական վայրերում շատ ավելի կարեւոր է աշխատել երիտասարդների հետ, որովհետեւ այդ հողը պահող, հողի վրա աշխատող է պետք: Իսկ քաղաքներում՝ պետք է կարեւորել փոքր ու միջին բիզնեսի մեջ երիտասարդների ընդգրկվածությունը, որովհետեւ վերջին հաշվով մեր ապագան իրենք են: Եվ հիմա մենք պրոդուկտներ ենք մշակել՝ հիմնականում ուղղված երիտասարդներին, հատկապես ուսանողներին: Ընդհանուր առմամբ, մեր հանրապետության ֆինանսական շուկայում բավականին ներկայացված լինելով հանդերձ, կարծում եմ՝ մենք դեռ ավելի առաջ գնալու մեծ պոտենցիալ ունենք: Իրոք, մեր բանկը բանկային համակարգում իր ուրույն տեղն է գրավում, պատմականորեն է այդպես ստացվել: ՀՀ բանկային համակարգում գյուղատնտեսական վարկավորման 50%-ից ավելին մենք ենք իրականացնում: Եվ այս ֆոնին, երբ զարգացումները բերում են նրան, որ գյուղատնտեսությունը դառնում է երկրի առաջատար ճյուղը, անշուշտ, մեր դերակատարումն է՛լ ավելի պետք է մեծանա:
-Բանկային ոլորտի ներկայացուցիչները, սովորաբար, խուսափում են տնտեսական կանխատեսումներից, սակայն վերջին շրջանում Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցող իրադարձությունները ցնցել են ռուբլու շուկան: Հետաքրքրիր է իմանալ, թե դա ի՞նչ ազդեցություն կունենա հայկական շուկայի վրա:
-Մեր երկրի տնտեսության մեջ մեծ է արտերկրից ստացվող տրանսֆերտների ազդեցությունը: Եվ ՌԴ-ում տեղի ունեցող վերջին դեպքերը կարող են հանգեցնել փոխանցումների կրճատման: Եթե այդ գործընթացը երկար տեւի, ապա դա զգալիորեն կազդի նաեւ ռուսական տնտեսության եւ շուկայի վրա: Արդյունքում՝ այս ամենն ուղղակիորեն կարող է ազդել նաեւ Հայաստանի վրա:
Մյուս կողմից եթե հարցը դիտարկենք արտահանման ուղղությամբ, նրանք, ովքեր ընդգրկված են գյուղատնտեսական մթերքների, սննդի արդյունաբերության ճյուղերում, սա կարող է նրանց համար շատ դրական ազդեցություն ունենալ: Վերամշակող բոլոր ձեռնարկություններում աշխուժություն կա: Չնայած տարեսկզբին ցրտահարություն, կարկուտ եղել է, բայց տարին գյուղատնտեսության առումով հաջող էր: Իմ կարծիքով՝ սա առավել կարեւոր ասպեկտ է մեզ համար, որովհետեւ հիմնական արտադրողը գյուղացին է:
-Մշտապես խոսվում է, որ վարկավորման տոկոսադրույքները ՀՀ-ում անհամեմատ ավելի բարձր են, քան մյուս երկրներում: Վարկավորման պայմանների դյուրացում եւ տոկոսադրույքների նվազեցում նախատեսո՞ւմ է Ձեր բանկը:
-Գյուղատնտեսական սուբսիդավորումը դա հենց կառավարության միջոցների հաշվին իրականացվող ծրագիր է: Տարեկան 15 մլրդ դրամ այդ սուբսիդավորման ծրագիրն է, դրա 14 միլիարդը մենք ենք տալիս: Բացի դրանից, մենք նաեւ մեր միջոցներով, ինչպես նաեւ այլ աղբյուրների հաշվին ենք այդ ծրագրերն իրականացնում: Հիմա բոլորն էլ դրամային վարկերի են ձգտում: Երբ նույնիսկ բանկը վարկը տրամադրում է դոլարով, միեւնույն է՝ այդ արժույթի ռիսկը փոխանցելով հաճախորդի վրա՝ չվերադարձնելու ռիսկն է ավելացնում: Ցանկալի է, որ երկրի ներսում գործարքները կատարվեն տեղական արժույթով, որովհետեւ ռիսկ չկա: Այս ամենը՝ մրցակցային քաղաքականությունը բերեցին նրան, որ տոկոսադրույքները զգալի իջել են: Օրինակ` գյուղատնտեսության մեջ վարկառուների համար տոկոսադրույքը 14-ից էլ քիչ է, այն կազմում է 8- 10 տոկոս: Կարճ ասած` տոկոսադրույքների իջեցում միանշանակ եղել է: Բոլոր բանկերի միջին տոկոսադրույքներն իջել են եւ, կարծում եմ, որ առաջիկայում կրկին կնվազեն:
-Գյուղատնտեսական վարկերի տրամադրման ծավալների առումով Ձեր բանկն առաջատարներից է: Նախորդ տարի գյուղացիական տնտեսություններն էապես տուժել էին կարկտահարությունից: Որոշակի զիջումների գնացե՞լ եք:
-Բոլորին անհատական վերաբերմունք ենք ցուցաբերել: Ամենուր է այդպես: Միջոցները, որ տրամադրվում են, դրա համար մենք մշտապես տոկոս ենք վճարում: Չես կարող բացատրել, որ գիտեք՝ կարկուտը խփել է, եկեք գյուղացիներից տոկոս չվերցնենք: Չկա նման բան, դա ճիշտ ճանապարհը չէ: Ճիշտ ճանապարհը՝ Հայաստանում մյուս բոլոր ինստիտուտների ներդրումն է. ֆինանսական այնպիսի համակարգ, որտեղ գործեն նաեւ ապահովագրական, ներդրումային ընկերություններ:
-Ձեր կառույցը ՀՀ-ում գյուղատնտեսության զարգացման լայնածավալ ծրագրեր ունի, ընդ որում` ոչ միայն գյուղացիներին ֆինանսավորելու առումով: Լսել եմ, որ գյուղացիներին ագրոբիզնեսի վերաբերյալ գիտելիքներ հաղորդելու առաքելություն եք նաեւ ստանձնել: Կխնդրեի մանրամասնել Ձեր այս ծրագիրը:
-Անկեղծ ասած, մենք նման ծրագիր չունենք, բայց ուզում ենք համագործակցել այն կազմակերպությունների հետ, որոնք դրա համար են կոչված: Ինչպես գիտեք, վերջերս «Ագրոմշակույթ» ամսագիրը լույս տեսավ, մենք հաճույքով կհամագործակցենք այդ ամսագրի հետ, որտեղ կհնչեցվեն տարբեր հարցեր, որոնք գյուղացիները մեր առաջ դնում են: Կրթելու գործընթացը ու ոչ միայն գյուղացիների, այլեւ ցանկացած հաճախորդի մշտական է: Շատ հարցեր կան, երբ մարդիկ ըմբոստանում են կամ չեն հասկանում, կամ ձայնը բարձրացնում են, դա ինֆորմացիայի պակասն է: Օրինակ` կարկուտ է եղել, գյուղացին, եթե իմանա, որ դրանից հետո կան միջոցառումներ, որոնք իրեն հնարավորություններ կտան նորից վերականգնել իր ունեցածը կամ այլ տարբերակներ կառաջարկվեն, նա շվարած կամ մոլորված չի մնա, այլ ինֆորմացված կլինի, թե որ դեպքում ինչ կարելի է անել: Այս դեպքում տեղեկացված լինելը դառնում է չափազանց կարեւոր:
-Ձեր բանկը մի հետաքրքիր հոլովակ ունի թղթի խնայողության, շրջակա միջավայրի պահպանման մասին: Ի՞նչ եք քարոզում եւ ինչպե՞ս հասկանալ, երբ ֆինանսական կառույցն առանձնակի հոգատարություն է սկսում ցուցաբերել բնության պահպանության գործում: Ի՞նչ կոնկրետ արդյունքներ եք ակնկալում:
-Շատ դրական ենք վերաբերվում այն ամենին, ինչը կապված է շրջակա միջավայրի պահպանման, նոր տեխնոլոգիաների կիրառման հետ: Մեզ համար դա չափազանց կարեւոր է: Ընդհուպ, պատրաստ ենք համագործակցել այն հասարակական կազմակերպությունների հետ, որոնք որ այս հարցին առաջադեմ են վերաբերվում: Մեր թիմը ցավով է վերաբերվում ամեն ինչ անխնա վատնելու երեւույթին: Ճիշտ է, ուշացած ենք, բայց դեռ ուշ չէ: Սկսենք ամեն մեկս մեզնից: Այն, ինչ որ կարելի է խնայել, պետք է խնայել:
Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ
ԱՇԱԿԵՐՏ ՉԿԱ
Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի դպրոցների աշակերտների թիվը տարեցտարի նվազում է: Աշակերտների մի մասը ծնողների հետ վերաբնակվում է Երեւանում, հանրապետության այլ վայրերում, մի մասն էլ արտագաղթում է Ռուսաստան: Մոսկվա քաղաքում դպրոցներ կան, որոնց դասարանների աշակերտների մեծ մասը Բերդի տարածաշրջանի Մովսես գյուղից սերվածներն են: Խորհրդային շրջանում Մովսեսի միջնակարգ դպրոցը մինչեւ 1200 աշակերտ է ունեցել:
Մովսեսի դպրոցի տնօրեն Ռուզաննա Ադամյանն ասաց, որ այս ուսումնական տարում աշակերտների թիվը 138 է: Նոյեմբերյանի տարածաշրջանի Կոթի գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Մուշեղ Սիրադեղյանից էլ տեղեկացանք, որ նոր ուսումնական տարում իր ղեկավարած դպրոցն է հաճախում 238 աշակերտ: Օգոստոսի սկզբին տեղի ունեցած գնդակոծությունների հետեւանքով Ադրբեջանի հետ 38 կմ սահման ունեցող Կոթիից 10 աշակերտ տեղափոխվել է Ռուսաստան, Իջեւան եւ Վանաձոր:
1970-ական թվականների առաջին կեսին Կոթիի միջնակարգ դպրոցն ուներ շուրջ 800 աշակերտ: Հայաստանից արտագաղթած երեխաներին մեծ դժվարությամբ է հաջողվում Ռուսաստանում հանրակրթական դպրոցների համապատասխան դասարաններում «ինտեգրվել»: Ռուսաստան տեղափոխվելուց հետո կարիքավոր ընտանիքների շատ երեխաներ այդպես էլ ուսումը չեն շարունակում, կամ էլ «նստում են» ավելի ցածր դասարաններում: Ոսկեպար գյուղի բնակչուհիներից մեկը մեզ պատմեց, որ իր թոռնիկն այս տարի հիմնական բնակության է տեղափոխվել Ռուսաստան: Նոյեմբերյանի սահմանամերձ գյուղերից մեկում նա ավարտել է 2-րդ դասարանը եւ ուսումը շարունակում է Վորոնեժ քաղաքում :
Տեղի դպրոցներից մեկում հայկական դպրոցի երկրորդ դասարանն ավարտածին ցանկացել են առաջին դասարան նստեցնել: Գործին խառնվել է երեխայի հայրը, ով դպրոցի տնօրենին մի քանի շիշ հայկական կոնյակ է նվիրել, եւ երեխային ընդգրկել են 2-րդ դասարանում: Սահմանամերձ դպրոցների աշակերտների թվի նվազումը խնդիրներ է ստեղծում այդ դպրոցների պահպանության եւ կրթօջախների աշխատողներին նորմալ վարձատրելու հարցում: Եվ ամենակարեւորը՝ արտագաղթի հետեւանքով սահմանագոտին դատարկվում է, Հայաստանը կորցնում է իր վաղվա զինվորներին:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ