ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Ողբերգական ավտովթարը տեղի է ունեցել Երեւանում: Ժամը 06:10-ի սահմաններում Այվազովսկի եւ Նոր Արեշ 34 փողոցների խաչմերուկում ավտովթար է տեղի ունեցել: Պարզվել է՝ Samand մակնիշի 34 ՍA 694 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Այվազովսկի փողոցի Նոր Արեշ 34 խաչմերուկի ճանապարհին դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի, բախվել էլեկտրասյանը եւ հայտնվել ճանապարհի երթեւեկելի գոտում: Վթարի հետեւանքով վարորդը՝ Նոր Խարբերդ գյուղի բնակիչ, 22-ամյա Մեսրոպ Ղուկասյանը, տեղում մահացել է:
ՀԱՐՑ. Ի՞նչ հաճախականությամբ են իրականացվում ընտանի կենդանիների վարակիչ հիվանդությունների դեմ հակահամաճարակային միջոցառումները:
Կարո Հովհաննիսյան (41 տարեկան, կենսաբան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Գյուղատնտեսական կենդանիների՝ վարակիչ հիվանդությունների դեմ իրականացվող հակահամաճարակային միջոցառումների եւ հաճախականության, Հայաստանի Հանրապետությունում կայուն անասնահամաճարակային իրավիճակ ապահովելու, ինչպես նաեւ կենդանիների եւ մարդկանց համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների առաջացումը եւ տարածումը կանխելու նպատակով՝ հանրապետությունում պետական ծրագրերով իրականացվում են ամենամյա հակաանասնահամաճարակային կանխարգելիչ եւ ախտորոշիչ պարտադիր միջոցառումներ, որոնց իրականացման համար 2014 թվականին ձեռք են բերվել համապատասխան ախտորոշիչ եւ կանխարգելիչ միջոցներ՝
Ախտորոշիչ միջոցառումներ
1.Խոշոր եղջերավոր կենդանիների բրուցելոզ-տարեկան 2 անգամ՝ 6 ամիս ընդմիջումով,
2.Մանր եղջերավոր կենդանիների բրուցելոզ- տարեկան 1 անգամ,
3. Խ.ե.կ. պաստերելոզ- տարեկան 1 անգամ,
4.Խոզերի դասական ժանտախտ- տարեկան 1 անգամ,
5.Թռչունների կեղծ ժանտախտ – տարեկան 1 անգամ,
6.Մանր եղջերավոր կենդանիների բրադզոտ – տարեկան 1 անգամ,
7.Խոշոր եղջերավոր կենդանիների դաբաղ -տարեկան 2 անգամ,
8.Մանր եղջերավոր կենդանիների դաբաղ – տարեկան 1 անգամ,
9.Մեղուների վարրոատոզ – տարեկան 1 անգամ մեղվափեթակների մշակում:
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ներկայացված պատասխանից կարելի է ենթադրել, որ Գյուղնախարարության համապատասխան կառույցը աշխատանքային հստակ ծրագրեր է իրականացնում, բայց թե ինչո՞ւ է այս ամենից հետո անասունների գլխաքանակի անկում արձանագրվում՝ պարզ չէ: Ամեն դեպքում` դա խոսում է այն մասին, որ կատարված աշխատանքները թերի են:
ՀԱՐՑ. Համատիրությունն ի՞նչ իրավունքի կամ օրենքի հիման վրա կարող է բարձրացնել սպասարկման վարձը:
Սիմոնյան Ռուդոլֆ (71 տարեկան, թոշակառու)
ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն բազմաբնակարան շենքի կառավարման մասին ՀՀ օրենքի 29 հոդվածի պարտադիր նորմերի կատարմանն՝ ուղղված վճարի չափը որոշվում է տարեկան բյուջեով յուրաքանչյուր շենքի համար առանձին շենքի սեփականատերերի կամ համատիրության ժողովի որոշմամբ՝ ելնելով շենքում անհրաժեշտ աշխատանքների ծավալից եւ կառավարման մարմնի պահպանման համար հատկացվող գումարների չափից…
Երեւանի քաղաքապետարան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Թե ի՞նչ ծավալուն աշխատանքի դիմաց են թանկանում սպասարկման վարձերը՝ հայտնի չէ։ Փոխարենը գրեթե բոլոր բազմաբնակարան շենքերի բնակիչները բողոքում են իրենց համատիրությունների աշխատանքից եւ առավել հաճախ իրենք են հոգում իրենց մուտքերի կամ տանիքների վերանորոգման խնդիրները: