ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱՀ ԿԱՄ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

124-ամյա Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության համար սկզբունքի հարց է Հայաստանի Հանրապետության սահմանադրական փոփոխությունների փաթեթում ներկայացված իրենց առաջարկությունների ընդունումը: Հանուն դրա, երեկ ՀՅԴ-ն, ինչպես կանխատեսել էինք շաբաթներ առաջ, հրաժարվեց ոչ իշխանական Քառյակի հետ ընդհանուր ճանապարհ գնալ: ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի ներկայացմամբ, ինչպես միշտ, իշխանությունները գնում են զիջումների, երբ տեսնում են, որ կա վտանգ՝ ամբողջը կորցնելու: «Այստեղ որ զիջում կա՝ մենք դա տեսնում ենք: Մեր գործընկերները դա չեն տեսնում: Եթե, իհարկե, մեր առաջարկած փաթեթն ընդունեն, դա կլինի իշխանության ապակենտրոնացում: Կթուլացնի իշխանության գերկենտրոնացումը: Հիմա որ Քառյակի մյուս ուժերն ասում են հանրաքվեն վերածենք իշխանափոխության՝ մենք հենց այդ էլ անում ենք: Հանրաքվեն կարեւոր օղակն է իշխանափոխության համար»,- բացատրեց Ռուստամյանը: Այս խոսքերից հետո քաղաքական շրջանակներում հումորներ հյուսվեցին, թե ՀՅԴ-ն նոր կարգախոս ունի. «Մահ կամ Սահմանադրություն»:

 

 

Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող երկրում՝ Վրաստանի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Յուրի Վարդանյանն իսկական դիվանագիտական ֆուրոր է արել: «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, նորաթուխ դեսպանը Վրաստանի արտգործնախարարի հետ իր առաջին պաշտոնական հանդիպման ժամանակ Հայաստանի անունից անմոռանալի նվեր է մատուցել: Մի շտապեք կարծել, որ նա կոնյակ կամ Արարատ լեռան պատկերով բաստուրմա է տարել: Ո՛չ: Յուրի Վարդանյանը Մայա Փանջիկիձեին նվիրել է ինքն իրեն, ավելի ճիշտ` իր պատկերը` գեղեցիկ շրջանակի մեջ, լեգենդար կարմիր կիսավարտիքով` ծանրաձողը բարձրացրած: Համաձայնեք՝ օրիգինալ նվեր է. ի վերջո, որեւէ կերպ պե՞տք էր վրացիներին «հասկացնել», որ լեգենդի հետ գործ ունեն:

 

 
Սեպտեմբերի 29-ին մեկնարկելիք ԵԽԽՎ նստաշրջանին մասնակցող հայկական պատվիրակությանը բարդ օրեր են սպասվում: Բանն այն է, որ ԵԽԽՎ հունիսյան նստաշրջանում ադրբեջանական պատվիրակությունը երկու հակահայկական բանաձեւի նախագիծ էր դրել շրջանառության մեջ. մեկով նախատեսվում էր կասեցնել հայկական պատվիրակության լիազորությունները, պատվիրակության մանդատը՝ որպես ագրեսոր երկրի, իսկ երկրորդով էլ ադրբեջանցիները, որի տակ ստորագրել էին թուրք եւ եվրոպացի մի շարք պատգամավորներ, առաջարկում էին կրկին բանաձեւ-զեկույց նախապատրաստել Արցախի մասով: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ առաջին նախագիծն ուղարկվել է մոնիթորինգի հանձնաժողով, ինչը նշանակում է, որ դա իրավական որեւէ հետեւանք չի կարող ունենալ: Իսկ ինչ վերաբերում է ԼՂՀ հարցին, ապա ԵԽԽՎ բյուրոն այն ուղարկել է քաղաքական հանձնաժողով, որպեսզի զեկույց-բանաձեւ նախապատրաստվի: Ի դեպ, ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովում հայկական պատվիրակությունից երկու ներկայացուցիչներ կան՝ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն ու Նաիրա Կարապետյանը: Տեսնենք՝ ինչ կանեն:

 

 

 

ՀՀ նախկին ոստիկանապետ, ՀՀ Քրեակատարողական հիմնարկների վարչության նախկին պետ Հայկ Հարությունյանն, ինչպես հայտնի է, անհասկանալի հանգամանքներում գնաց արձակուրդ ու այդպես էլ չվերադարձավ: Նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվեց ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին՝ «Ինչո՞ւ այդքան տարօրինակ կերպով հեռացաք Ձեր զբաղեցրած պաշտոնից: Տեղեկություններ տարածվեցին, թե ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հետ լեզու չեք գտնում, իսկ հետո խոսվեց, որ ՀՀ գլխավոր դատախազությունը ստուգումներ է իրականացրել ձեզ մոտ եւ լուրջ չարաշահումներ է հայտնաբերել», Հայկ Հարությունյանը պատասխանեց կարճ. «Ոչ, իհարկե ոչ»: «Իսկ ինչո՞վ եք զբաղված, նոր պաշտոնի առաջարկ ստացե՞լ եք»,- հետաքրքրվեցինք: «Դեռ քաղաքից դուրս հանգստանում եմ, եւ եթե անհրաժեշտությունը լինի՝ նոր պաշտոնի կանցնեմ»,- ասաց Հարությունյանը՝ չմանրամասնելով, թե ինչ հանգամանքներում կարող է առաջանալ այդ անհրաժեշտությունը:

 

 

ԱՆԱՐԺԵՔԱՎՈՐ

Տեւական դադարից հետո «Նախախորհրդարան»-ը երեկ փորձել է հիշեցնել իր մասին` այս անգամ որպես թիրախ ընտրելով ոչ ավել, ոչ պակաս` Շառլ Ազնավուրին: Նախաձեռնության անդամներին, պարզվում է, դուր չեն եկել Ազնավուրի` վերջերս արած որոշ հայտարարություններ: Մասնավորապես այն մասին, որ նա, որպես դեսպան, իր քայլերը կանխավ չի համաձայնեցնում ՀՀ նախագահի հետ, եւ որ պատրաստվում է տեսակցել Թուրքիայի դեսպանի հետ` առանց այդ մասին նախօրոք ՀՀ իշխանություններին տեղեկացնելու:
Ինչ խոսք, սովորական մեկի, սովորական դիվանագետի կամ դեսպանի դեպքում նման գործելաոճը, բնականաբար սխալ է, սակայն երբ խոսքը գնում է այնպիսի մեծության մասին, ինչպիսին Ազնավուրն է, ինքնին հասկանալի է, որ կարող են եւ պետք է լինեն բացառություններ: Էլ չասած` որ նրա ` դեսպանի համար ոչ ստանդարտ պահվածքն ու հայտարարությունները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում կարող են իրենց մեջ շատ ավելի խորը եւ մտածված դիվանագիտություն պարունակել, քան մեր ամենապատրաստված դիվանագետների թվացյալ հաշվարկված հայտարարությունները:
Սակայն, չգիտես ինչու, «Նախախորհրդարան»-ի անդամների համար սա հասկանալի չէ, չգիտես ինչու` տեւական ժամանակ հայտնի օլիգարխի դեմ հրահանգավորված պայքար տանող այս նախաձեռնության անդամներին թվում է, թե իրենք իրավունք ունեն դատել Շառլ Ազնավուրի գործունեության մասին: Օրումեջ քաղաքական հայացքներ ու կողմնորոշում փոխող այս նախաձեռնության ղեկավարն ու անդամները, հավանաբար, կարծում են, որ գնահատելով Շառլ Ազնավուրի գործունեությունը, դրանով արժեւորում են իրենց սեփական գոյությունը:
Ցավոք` դա այդպես չէ: Ի վերջո` կան արժեքներ, որոնց դիպչելուց պետք է ձեռնպահ մնալ ցանկացած դեպքում: Քանզի այդ արժեքներն անգամ իրենց թերությունների եւ սխալների մեջ շատ ավելի մեծ են եւ ճիշտ, քան ֆեյսբուքյան ստատուսների պարբերականությամբ հայտարարություններ անող անհասկանալի նախաձեռնությունները:




Լրահոս