«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը (այսուհետ` Կազմակերպություն, www.hayocartsivner.am) Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տարբեր զորամասերում, այդ թվում նաև սահմանագծի մարտական հենակետերում կազմակերպում և իրականացնում է հայրենասիրական, ռազմահայրենասիրական միջոցառումների շարք, որոնք անցկացվում են շնորհավորանքների, հուշամեդալի, թանկարժեք իրային նվերների պարգևատրման, հայրենասիրական համերգների կազմակերպման, զորավարժարաններում կրակային պատրաստվածության անցկացման տեսքով:
«Հայոց Արծիվներ» Կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանը Կազմակերպության Նախագահության և Կազմակերպության Վայքի տարածքային կազմակերպության ակտիվ անդամների հետ միասին հերթական անգամ հյուրընկալվել էր Հայաստանի Հանրապետության և Նախիջևանի սահմանագծի մարտական հենակետեր` սպաներին և զինվորներին շնորհավորելու Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձը: Հրամանատարների, սպաների, զինվորների և պայմանագրային զինծառայողների առջև Խաչիկ Ասրյանը իր ոգեշունչ ելույթում խիստ կարևորեց, ինչպես հայոց անկախ պետականության դերն ու նշանակությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների միասնության, զարգացման, այնպես էլ ազգային բանակի դերն ու նշանակությունը հայ մարդու, հայոց պետականության պաշտպանության, անվտանգության ապահովման գործում, և շնորհավորեց Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձը: (Խոսք` Խաչիկ Ասրյան… «Հարգարժան հրամանատար, հայոց ազգային բանակի հարգելի սպանե´ր, զինվորնե´ր, պայմանագրային զինծառայողնե՛ր, ողջունում եմ ձեզ բոլորիդ, և տեղեկացնում, որ այսօր ձեզ հյուրընկալվել է «Հայոց Պետականություն, Ազգային Բանակ, Հայոց Նախագահ» կարգախոսով առաջնորդվող «Հայոց Արծիվներ» հայրենասիրական շարժումը շնորհավորելու ձեզ` Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ:
«Հայոց Արծիվները» 4,5-ամյա իր օրհնաբեր գործունեության ընթացքում իրականացնելով 575-ից ավելի ռազմահայրենասիրական, հայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումներ, այդ թվում նաև սահմանագծի մարտական տարբեր հենակետերում, կարևորագույն և մեծագույն նպատակ է իրականացնում. բանակ-հասարակություն կապի անընդհատ ամրապնդումը, հայ զինվորի մարտունակ ոգու պահպանումն ու հզորացումը, ո´չ պատերազմ, ո´չ խաղաղություն ժամանակահատվածում բնակվող Հայաստանի և Արցախի քաղաքացիների շրջանում ռազմահայրենասիրական դաստիարակության ամրապնդումը` գիտակցելով, որ միայն անընդհատ հզորացող Ազգային Բանակով մենք կարող ենք իրականացնել մեր ապ ու պապերի մեծագույն երազանքը` մեծ և հզոր, քրիստոնյա Հայաստանի կերտումը:
Հայոց պետականության սահմաններն անառիկ պաշտպանող, հաղթանակած ազգային բանակի ազնվագույն սպանե՛ր, ենթասպանե՛ր, զինվորնե՛ր, միշտ գիտակցե՛ք, որ ձեր խրամատների դիմաց կանգնած են հինավուրց հայ ժողովրդի դարավոր թշնամի հակառակորդները, իսկ ձեր թիկունքում են ամեն օր, ամեն ժամ ձեզ փառաբանող, ձեզ սպասող քրիստոնյա հայ ժողովուրդը: Միշտ գիտակցե՛ք, որ յուրաքանչյուրիդ հպարտությունն ու անձնական շքեղությունը հայոց ազգային պետականությունն է, իսկ ազգային պետականության հիմքը անդավաճան հավատքն է առ Աստված, անընդհատ զարգացող տնտեսությունն է, անընդհատ հզորացող ազգային բանակն է և արժանապատիվ ու հայրենասեր քաղաքացիներն են հայոց պետականության: Միշտ գիտակցեք, որ հայ տեսակի պահպանման և հզորացման հիմքը ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսությունն է, իսկ համայն հայության միասնության հիմքը ազգային բանակն է, հայոց նախագահն է, հայոց պետականությունն է, և որոնք էլ ծնեցին եռամիասնության արժեքային համակարգը, ու որի շնորհիվ էլ մենք՝ հայերս սրբազան պարտք ունենք կատարելու մեր նախնիների, և մեր սերունդների առջև՝ կառուցելով մեծ և հզոր, քրիստոնյա Հայաստան…
Կեցցե՛ք Դուք, կեցցե՛ հայոց անկախ պետականությունը»:
Հայաստանի Հանրապետության և Նախիջևանի սահմանագծի մարտական հենակետերում կազմակերպած միջոցառումների ընթացքում Կազմակերպության Նախագահության կողմից տեղի ունեցան «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկյա հուշամեդալի պարգևատրություններ: Թանկարժեք իրային նվերներով` ձեռքի ժամացույցներով, հուշանվերներով և այլ նվերներով (սնունդ, կենցաղային պարագաներ) պարգևատրվեցին սահմանագծի մարտական հենակետերի բոլոր սպաները, զինվորներն ու պայմանագրային զինծառայողները:
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանը սահմանագծի յուրաքանչյուր մարտական հենակետում, յուրաքանչյուր միջոցառման ընթացքում խորին շնորհակալություն հայտնեց արցախյան հերոսամարտ հաղթանակած պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, հայրենասեր հայորդիներ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին և ՀՀ ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանին՝ Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձին նվիրված հայրենասիրական միջոցառումներին լրջագույնս աջակցելու համար:
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը, որդեգրելով ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսությունը, «Հայոց Պետականություն, Ազգային Բանակ, Հայոց Նախագահ» կարգախոսը, իր հիմնադրման օրվանից` 2010 թվականի հունվարի 27-ից մինչև այսօր իրականացրել է 575-ից ավելի հայրենասիրական, ռազմահայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումներ, հիմնադրել է 301 մասնաճյուղեր-գրասենյակներ Հայաստանի Հանրապետության 29 քաղաքային և 272 գյուղական համայնքներում: Կազմակերպությանը կամավոր հիմունքներով անդամագրվել է ավելի քան 44.000 մարդ:
«Հայոց Արծիվներ» ՀՀԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի հանձնաժողով