ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿԱՄ ԿԽԱՆՁՎԵՆ, ԿԱՄ ԿԵՌԱՆ, ԿԱՄ ԷԼ ԿԵՓՎԵՆ

Խորհրդարանական ոչ իշխանական ուժերը մինչ արձակուրդ գնալը ՀՀ կառավարությանը ներկայացրեցին 12 կետից բաղկացած իրենց պահանջները` դրանք չկատարելու դեպքում խոստանալով աշնանը հանրահավաքային պայքար սկսել: «Հրաշալի քառյակ»-ի նախանշած ժամկետը մոտենում է ավարտին, սակայն ՀՀ կառավարությունը մինչ օրս այդ պահանջներից եւ ոչ մեկը չի կատարել: Իսկ Քառյակի, որը երեկ արդեն դարձավ «Եռյակ», խոստացած «թեժ աշնան» նախադրյալներն այդպես էլ չեն երեւում եւ նրանց պայքարի խոստումը մնում է օդում կախված:

Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է Քառյակի ներկայացուցիչների հետ՝ պարզելու, թե հասարակությունն ինչից պետք է հասկանա, որ քաղաքական «թեժ» աշունն արդեն սկսված է:

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆ
-Պարոն Ռուստամյան, հասարակության համար այդպես էլ անհասկանալի է մնում, թե ինչպես է դրսեւորվելու Քառյակի խոստացած «թեժ» աշունը եւ այն կոնկրետ ինչ պահանջի վրա է խարսխվելու:
-Թեժ աշուն առաջարկող միակ քաղաքական ուժը մենք չենք, իսկ ես Քառյակի անունից չեմ կարող ասել, թե ինչ նկատի ունենք, որովհետեւ չենք քննարկել, թե ինչ է նշանակում թեժացնել կամ թեժություն: Հիմա ամեն մեկը դա իր ձեւով է պատկերացնում, ու ես կարծում եմ, որ լավ էլ թեժ է: Արդեն բանավեճերն են ակտիվանում, հանրահավաքային գործընթաց է սկսվելու, տարբեր տեսակետների բախում, սահմանադրական փոփոխություններ եւ այլն, եւ այլն: Եթե համեմատենք նախորդ տարիների հետ, շատ լուրջ քաղաքական օրակարգ գոյություն ունի, որը ենթադրում է արդեն բավականին թեժ քննարկումների առաջացում: Դե, էլ թեժությունն ի՞նչ իմաստով պետք է պատկերացնել:
-Իսկ ե՞րբ է հասարակությունը զգալու այդ «թեժության» հետեւանքները, ի վերջո պետք է չէ՞ այդ ամենի հետեւանքով ՀՀ-ում ինչ-որ նշանակալի փոփոխություններ լինեն: Ասենք` երկրի նախագահը հրաժարական տա, կամ արտահերթ ԱԺ ընտրություններ անցկացվեն:
-Ի՞նչ է նշանակում թեժ աշնան հետեւանքը… կամ խանձվելը, կամ եռալը, կամ եփվելը, չգիտեմ, որը՝ կլինի, կերեւա, էլի:
-Իսկ առաջիկայում այդ եռման կետին կհասնե՞նք:
-Իհարկե, եթե բոլորս միասին եռանք՝ հետեւանքը կերեւա, էլի, եռալուց հետո էլ գալիս է գոլորշիացումը:
-Բայց Քառյակի գործելաոճից կարելի է ենթադրել, որ ավելի շատ գոլորշիացում է սպասվում, քանի որ խորհրդարանական 4 ուժերն արդեն լուրջ տարակարծություն ունեն, այդ թվում եւ` սահմանադրական բարեփոխումների հետ կապված:
-Բայց ամեն մեկն իր ափսեի մեջ դեռեւս եփվում է, ես չեմ կարող կանխատեսումներ անել ու ասել, թե ինչ է սպասվում:
-Տեսակետ կա, որ Քառյակից «պոկվելու» Ձեր որոշումը պայմանավորված է իշխանությունների հետ վերջերս տարվող բանակցություններով: Ի՞նչ բանակցությունների մասին է խոսքը:
-Ում ինչպես ձեռք է տալիս հակաքարոզչություն իրականացնել, այդպես էլ անում է, եթե իշխանություններին ձեռք չի տալիս՝ իր ձեւով է ցեխ արձակում, եթե ոչ իշխանական որեւէ ուժի ձեռք չի տալիս ՀՅԴ-ի պահվածքն՝ իր ձեւով է սեւացնում: Սա բնական գործընթաց է, որի մեջ անընդհատ հայտնվում ենք:
-Նշվում է նաեւ ՀՅԴ-ի ու ՀՀԿ-ի նոր կոալիցիոն հուշագրի, Ձեզ տրվելիք նախարարական պորտֆելների մասին…
-Դրանք էլ են քարոզչական հնարքներ, որոնք օգտագործվում են նման դեպքերում, երբ ուզում են մարդկանց սեւացնել:

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ
-Տիկին Զոհրաբյան, Քառյակի «թեժ աշնան» խոստումը կարծես թե մինչ օրս օդում կախված է եւ ցայսօր էլ հասկանալի չէ, թե այդ «թեժությունն» ինչպես է դրսեւորվելու:
-Ես ձեռնպահ կմնամ քաղաքական պրոցեսները հիմնավորելուց. թեժ, գերթեժ եւ այլն: Ակնհայտ է, որ երկրում բավականին լարված սոցիալ-տնտեսական իրավիճակ է, ակնհայտ է, որ լրջագույն քաղաքական չլուծված խնդիրներ կան ու բնական է, որ այս ամենը պետք է ենթադրի բավականաչափ ակտիվ քաղաքական գործընթացներ: Այն, ինչը որ դուք տեսնում եք՝ մասնավորապես Քառյակի գործունեությունը, ես պետք է ասեմ, որ բավականաչափ ակտիվ քաղաքական պրոցեսներ են ընթանում երկրում, ու ձեզ վստահեցնում եմ, որ առաջիկայում այդ պրոցեսները շատ ավելի ակտիվ ու հստակ են լինելու իրենց քայլերի մեջ: Թույլ տվեք շատ փակագծեր չբացել, բայց մենք արդեն հայտարարել ենք համատեղ հանրահավաքի մասին: Իսկ համատեղ հանրահավաքն արդեն նշանակում է կոնկրետ դիրքորոշում, կոնկրետ գնահատական: Առայժմ այսքանը:

 

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ «ՀՈՒՅՍԸ» ՆԱՂԴԱԼՅԱՆՆ ՈՒ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ ԵՆ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 29-ին մեկնարկելիք ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում հայկական պատվիրակությանը բարդ օրեր են սպասվում: Բանն այն է, որ ԵԽԽՎ նախորդ նստաշրջանում ադրբեջանական պատվիրակությունը երկու հակահայկական բանաձեւի նախագիծ էր դրել շրջանառության մեջ, որոնցից մեկով նախատեսվում էր կասեցնել հայկական պատվիրակության լիազորությունները, իսկ երկրորդով էլ առաջարկվում էր ԼՂ մասին բանաձեւ-զեկույց նախապատրաստել:

Բնականաբար, երկու բանաձեւերն էլ հայկական կողմի համար անընդունելի էին, եւ մեր պատվիրակության անդամները հունիսին կարողացել էին հասնել նրան, որ այդ նախագծերի քննարկումը հետաձգվել էր մինչեւ սեպտեմբեր: Սակայն «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ օրերս ԵԽԽՎ բյուրոն կայացրել է իր որոշումը: Առաջին նախագիծն ուղարկվել է մոնիթորինգի հանձնաժողովին` ի գիտություն, ինչը նշանակում է, որ ԵԽԽՎ հայկական պատվիրակությանը մանդատից զրկելու հարցը չի քննարկվելու:
Ինչ վերաբերում է երկրորդ` ԼՂՀ վերաբերյալ նախագծին, ապա այստեղ բավականին բարդություններ են ծագել: Մեր տեղեկությունների համաձայն՝ բյուրոն որոշել է այդ նախագիծն ուղարկել քաղաքական հանձնաժողովին՝ ԼՂՀ-ի վերաբերյալ զեկույց-բանաձեւ նախապատրաստելու համար: Այսինքն՝ սեպտեմբերի 29-ին մեկնարկելիք ԵԽԽՎ նստաշրջանում քաղաքական հանձնաժողովի նիստում ըստ ընթացակարգի պետք է քննարկվի բյուրոյի որոշումը եւ նշանակվի զեկուցող, ով էլ կնախապատրաստի ԼՂՀ-ի հարցով զեկույցը:
Եթե հայկական պատվիրակությունը չկարողանա կանխել ԼՂ հարցով բանաձեւի նախապատրաստումը, դա կարող է լուրջ խնդիրների հանգեցնել: Հատկապես որ` քաղաքական հանձնաժողովի անդամների 90 տոկոսին Ադրբեջանը վաղուց «գնել» է ու նրանք բոլորն էլ Ադրբեջանի լոբբիստներն են: Ու այս ընթացքում Ադրբեջանը կարողացել է հասնել նրան, որ բյուրոն զեկույց նախապատրաստի եւ ոչ թե, ասենք, նախագիծն ուղարկի մոնիթորինգի հանձնաժողով, ինչպես դա արել է առաջին նախագծի դեպքում:
Մեր տեղեկություններով՝ հայկական պատվիրակությունն այժմ փորձում է քաղաքական հանձնաժողովի անդամների հետ բանակցություններ վարել՝ կանխելու զեկույցի նախապատրաստումը: Այս պահին, սակայն, դրա հավանականությունը քիչ է: Ի դեպ, հիշեցնենք, որ ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովում հայկական պատվիրակությունից երկու անդամ է ներգրավված՝ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանն ու ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Կարապետյանը:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

ԼՈՒՐԵՐ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼՆԵՐՈՎ
ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը որոշել է հիշել իր ջահել օրերը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Շարմազանովը խորհրդարանի ներկայացուցիչների հետ որոշել է մասնակցել «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղին: Հեռուստախաղի վարող Կարեն Քոչարյանն այս օրերին Է. Շարմազանովի թիմի հետ «պարապմունքներ» է անցկացնում, որպեսզի հոկտեմբեր ամսին պատգամավորները մասնակցեն խաղին: Հետաքրքիրն այն է, որ ՀՀԿ-ական Շարմազանովի թիմում մեծամասամբ ընդդիմադիր կամ ոչ իշխանական պատգամավորներ են: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ խաղին կմասնակցեն ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արփինե Հովհաննիսյանը, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը: Բնականաբար, ՀՀԿ-ում պատրաստված մարդկանց գտնել դժվար կլինի:

 

ԷԼԻ 50 ՀԱԶԱՐ
ՀՀ էներգետիկայի նախարարության ենթակայության տակ գտնվող «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ն հայտնվել է Ֆինանսների նախարարության ուշադրության կենտրոնում: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս տարվա մայիս ամսին ՓԲԸ-ի տնօրեն Արգամ Ջուլհակյանը մաքսային ճանապարհով ապրանքային կատալոգներ է ձեւակերպել, սակայն անհրաժեշտ փաստաթղթերը չի ներկայացրել մաքսային մարմին, ավելին՝ համապատասխան ապրանքներն էլ չի հայտարարագրել: Արդյունքում ՓԲԸ-ն տուգանվել է 50.000 դրամի չափով:

 

ՆՈՐ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐ
ԼՂՀ ԱԺ պատգամավոր, արցախյան հերոս Վիտալի Բալասանյանի դեմ մահափորձի գործով 11 տարի ազատազրկման դատապարտված Արա Ավետյանի հարազատները դիմել էին ԼՂՀ վերաքննիչ դատարան՝ բողոքարկելու ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը, սակայն ապարդյուն: Վճիռը մնացել է անփոփոխ:
Հիշեցնենք, որ 2013 դեկտեմբերի 31-ին մահափորձ էր իրականացվել արցախյան հերոսի դեմ: Ավելի ուշ, գործի շրջանակներում կալանավորվեցին Արա Ավետյանը եւ Սերգեյ Հարությունյանը, ովքեր հայտարարում էին, թե Վիտալի Բալասանյանը խաբել է իրենց: Սակայն ԼՂՀ խորհրդարանի պատգամավորը հայտարարում էր, թե այս գործի հետեւում պատվիրատուներ կան: Արդյունքում՝ դատարանը Արա Ավետյանին դատապարտեց 11, իսկ Սերգեյ Հարությունյանին՝ 9 տարի ազատազրկման:
Մեզ հասած տեղեկություններով՝ Արա Ավետյանի հարազատները լուրջ են տրամադրված: Ըստ երեւույթին, նրանք կդիմեն ԼՂՀ Վճռաբեկ դատարան եւ գործը, միգուցե, հասնի նաեւ Մարդու իրավունքների Եվրոպական դատարան:




Լրահոս