ՔԱՌՅԱԿԻՑ ԵՌՅԱԿ՝ ՄԵԿ ՔԱՅԼ Է
Վերջապես միս ու արյուն ստացան խոսակցություններն այն մասին, որ ոչ իշխանական ուժերի Քառյակը կպառակտվի. Սերժ Սարգսյանին երեկ հաջողվեց 124-ամյա կուսակցությանը՝ Հայ Հեղափոխական Դաշնակցությանը, «պոկել» Քառյակից: Մինչդեռ ՀՅԴ-ն իր այդ քայլը սկզբունքային անհրաժեշտություն է համարում:
Եվ այսպես՝ գործող իշխանությունը, ՀՀ սահմանադրական փոփոխությունների թեման հրապարակ նետելով, կարողացավ ի ցույց դնել Քառյակի ներսում առկա խնդիրները: Եվ շատ չանցած, հասկանալի դարձավ, որ տարբեր քաղաքական հայացքներ ու անցյալ ունեցող ուժերը երկար չեն կարող նույն «կաթսայում եփվել»:
ԲՀԿ-ն ու «Ժառանգություն»-ը, որ մշտապես կողմ են արտահայտվել խորհրդարանական կառավարման մոդելին եւ 100-տոկոսանոց համամասնական ընտրական համակարգին անցնելու հեռանկարին, այսօր հայտարարում են, թե դեմ են սահմանադրական բարեփոխումներին: Այն բարեփոխումներին, որոնք, իշխանության պնդմամբ, անցնում են խորհրդարանական կառավարման մոդելի: Իսկ ՀՅԴ-ն հայտարարում է, որ իրենք ցանկանում են սահմանադրական փոփոխություններ անցկացնել եւ մի փաթեթ են ուղարկել իշխանություններին. կընդունե՞ն՝ շատ լավ, ՀՅԴ-ն փողոց դուրս չի գա, կհամագործակցի, չե՞ն ընդունի՝ ուրեմն նրանք փողոցում կպայքարեն այդ փոփոխությունների դեմ:
Երեկ ԱԺ ԲՀԿ խմբակցությունում կայացած «ճակատագրական» հանդիպման ընթացքում կայացվեց վերջնական որոշումը: ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց. «Մենք առաջարկում էինք՝ նույն դաշտում գտնվելու հարցը պետք է հստակ որոշվեր: Դա կլիներ հոկտեմբերի 15-ից հետո՝ սահմանադրական բարեփոխումների նախագիծը ներկայացնելու ժամկետից հետո: Երբ մեզ համար պարզ կդառնար՝ մեր առաջարկած փաթեթը ընդունվեց, թե չէ: Մենք դա էլ ենք առաջարկել Քառյակին, որ որոշակիություն կարող է առաջանալ 15-ից հետո: Հնարավոր է, որ 15-ից հետո իշխանությունները չընդունեն մեր փաթեթը, այդ պարագայում մենք, բնականաբար, դեմ կլինենք սահմանադրական փոփոխություններին: Եվ այդ ժամանակ մեր տարաձայնությունները Քառյակում կվերանան… Մենք ունենք սահմանադրական փոփոխությունների մեր փաթեթը եւ պատրաստ էինք այդ փաթեթը համաձայնեցնել եւ Քառյակով ներկայացնել, որը տեղի չունեցավ: Մենք չէինք պատկերացնում անհամատեղելի մոտեցումներով համատեղ հանրահավաք անցկացնել: Հանրահավաքն, ի վերջո, կոնկրետ նպատակ ունի եւ կոնկրետ խոսք պետք է հնչեցնի: Սահմանադրական փոփոխությունների հարցն այնքան կարեւոր է, եւ տեսակետներն այնքան տարբերվում են իրարից: Մինչեւ հիմա մենք խոսում էինք 12 կետերի ամփոփման մասին»:
Ասել է թե՝ եռյակի վերածված նախկին Քառյակը «տուպիկի» մեջ է դրել ավանդական կուսակցությանը, ինչի պատճառով էլ նրանք հրաժարվել են մասնակցել եռյակի մարզային հանդիպումներին ու Ազատության հրապարակում հոկտեմբերի 10-ին՝ ժամը 18:00-ին կայանալիք հանրահավաքին:
«Ժառանգություն»-ը համաձայն էր այդ տարբերակին: Խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն էլ է հայտարարել, որ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ իրենց դիրքորոշումները չեն համընկնում իշխանության մոտեցումների հետ, ուստի իրենք կողմնակից են հանրահավաքին:
Հանդիպումից հետո ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց. «Քանի որ համատեղ հանրահավաքը չէր կարող շրջանցել այնպիսի կարեւորագույն հարց, ինչպիսին սահմանադրական փոփոխություններն էին, այդ պատճառով որոշվեց, որ հանրահավաքը կլինի ոչ թե քառյակի, այլ եռյակի»: Ըստ նրա՝ իրենք քննարկել են նաեւ կառավարությանը ներկայացրած 12 պահանջների կատարման ընթացքը, եւ եռյակի համատեղ հանրահավաքի ժամանակ կներկայացվի Քառյակի միասնական դիրքորոշումը այդ պահանջների կատարման ընթացքի շուրջ:
Այսպիսով՝ Քառյակը դարձավ Եռյակ: Եվ այսօր արդեն կարելի է միանշանակ ասել, որ ՀՅԴ-ն երբեք չի վերադառնա Քառյակ: Երեկ արդեն ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի ակտիվիստները ՀՅԴ-ին «դավաճան» էին որակում: Եվ չի բացառվում, որ մոտ ժամանակներում եռյակն էլ երկյակ դառնա, քանի որ ՀԱԿ-ն ու «Ժառանգություն»-ը մեկ անգամ արդեն փորձել են ընդհանուր ճանապարհով գնալ, բայց չստացվեց: Հիշեցնենք՝ նրանց հարաբերություններն այնքան էին սրվել, որ դեռեւս 2011-ի մարտին ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը Ազատության հրապարակ մտնելիս անգամ չբարեւեց հացադուլի նստած «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին:
Իսկ ինչ վերաբերում է ՀԱԿ-ԲՀԿ առայժմ ամուր թվացող համագործակցությանը, ապա դժվար չէ կանխատեսել, որ դա էլ երկար կյանք չի ունենա, քանի որ ՀԱԿ-ը 6 տարի առաջ ավելի շատ միավորների էր համախմբել իր շուրջ՝ համաժողովրդական շարժման ժամանակ, սակայն անձնական ամբիցիաների պատճառով չգնահատեցին իրենց միավորված ուժերին եւ կամաց-կամաց ՀԱԿ-ը «նիհարեց»՝ դառնալով ՀՀՇ-ի հենքի վրա ձեւավորված մի կուսակցություն ընդամենը, որի գերնպատակը 7 պատգամավոր ունենալն էր ԱԺ-ում:
Իսկ ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի իշխանությանը, ապա, բնականաբար, նրանք ամեն ինչ անում են ցանկացած միավոր ջախջախելու համար, որպեսզի իշխանությանը ռեալ վտանգ չսպառնա երբեւէ: Ցավոք, առայժմ նրանց հաջողվում է:
ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ
ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
ԽՈՍՏՈՒՄՆԵՐՈՎ
Վերջերս «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի տնօրեն նշանակված Ռուբեն Սաղաթելյանը աշխատակիցներին խոստումներ տալով է ման գալիս: Նաիրիտցիները «Ժողովուրդ»-ին փոխանցեցին, որ նա, մասնավորապես, խոստանում է՝ առաջիկայում գործարանը կաշխատի եւ ամեն ինչ կընկնի իր տեղը: Սակայն մարդիկ չեն հավատում, որովհետեւ այլեւս հույս չունեն, որ գործարանը երբեւէ կաշխատի: Նրան օրեր առաջ ստացել են կուտակված աշխատավարձային պարտքի մեկ ամսվա գումարն ընդամենը:
ՄՈԾԱԿՆԵՐԸ ՇՈՒՆՉ ԿՔԱՇԵՆ
ՀՀ կառավարության անդամներն այդպես էլ չսովորեցին մոծակների դեմ ճիշտ պայքարելու ձեւը: Բանն այն է, որ կառավարության 2014թ. հուլիսի 3-ի որոշմամբ՝ անհրաժեշտ էր ձեռք բերել վնասատուների դեմ պայքարի ծառայություններ՝ «Ջերմուկ» առողջարանի տարածքում մոծակների եւ այլ խայթող միջատների տարածվածությունը նվազեցնելու համար: Սակայն օրեր անց պարզվել է, որ ներկայացված ընդամենը մեկ հայտում բացակայում են անհրաժեշտ փաստաթղթերը եւ ընթացակարգը գործադիրը համարել է չկայացած:
Սակայն օգոստոսի 8-ին Ջերմուկ քաղաքում կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ բնակլիմայական պայմանների փոփոխության եւ բուսածածկի չորացման արդյունքում մոծակները եւ այլ խայթող միջատները թեւակոխում են ձմեռացման շրջան եւ ավարտվում է վերջիններիս զարգացման ու ձվադրման փուլը: Այդ պատճառով միջոցառումների իրականացումը գնահատվել է աննպատակահարմար: Այլեւս չեն սպանի մոծակներին:
Հիշեցնենք, որ 2009-2011 թթ. կառավարությունը դարձյալ մոծակներին սպանելու նպատակով 20 մլն դրամ էր հատկացրել, սակայն դրանք չվերացան: Այս տարի հատկացված 4.5 մլն դրամն էլ ոչ մի արդյունք չտվեց:
ԳՅՈՒՂԸ ԳՈՒՄԱՐ ՉՈՒՆԻ
ՀՀ Արմավիրի մարզի Նորապատ համայնքը 2014թ. մարտ-ապրիլ ամիսներին տեղի ունեցած ցրտահարության պատճառով հնարավորություն չունի սեպտեմբեր ամսվա աշխատավարձի, փողոցային լուսավորության, խմելու ջրի պոմպի էլեկտրաէներգիայի, մշակույթի տան էլեկտրաէներգիայի համար անհրաժետ վճարումներ կատարել: Այս առիթով Տարածքային կառավարման նախարարությունն առաջարկում է համայնքի վարչական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման նպատակով գյուղին հատկացնել 3.5 մլն դրամ: Ըստ ՏԿՆ-ի՝ նախագծի ընդունման արդյունքում կկարգավորվեն համայնքի վարչական բյուջեի դեֆիցիտի պատճառով առաջացած ֆինանսական խնդիրները:
ԱՅՑԵԼԵԼ ԵՆ
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները նախօրեին այցելել են անցած ամսվա վերջին ադրբեջանական գերության մեջ հայտնված ՀՀ 53-ամյա քաղաքացի Սարգիս Անանյանին:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ԿԵՆԱՑՆԵՐԸ ՔԱՂՑՐԱՆՈՒՄ ԵՆ
Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ «Սիստեմա» ֆինանսական բաժնետիրական ընկերության տնօրենների խորհրդի նախագահ, ընկերության ավելի քան 60 տոկոսի բաժնետեր Վլադիմիր Եվտուշենկովի նկատմամբ տնային կալանք է սահմանվել։ Նա կասկածվում է փողերի լվացմանը մասնակից լինելու մեջ, երբ նրա ղեկավարած «Սիստեմա» ընկերությունը ձեռք է բերել «Բաշնեֆտ»-ի բաժնետոմսերը։ Ի դեպ, վերջինիս խնդիրները սկսեցին այն պահից, երբ ռուսական խոշորագույն «Ռոսնեֆտ» ընկերությունը սկսեց հետաքրքրվել «Բաշնեֆտ»-ով: Նշենք, որ «Ռոսնեֆտ»-ը ղեկավարում է Վլադիմիր Պուտինի ազդեցիկ օգնական Իգոր Սեչինը։ ՌԴ Արդյունաբերողների եւ գործարարների միության ղեկավար Ալեքսանդր Շոխինը Եվտուշենկովի գործը նմանեցրել է ՅՈւԿՕՍ-ի գործին, սակայն Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այդ դիտարկումն անհիմն է որակել։ Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը զբաղեցնում է «Սիստեմա»-ի անկախ տնօրենի պաշտոնը: Հուսանք, որ նա լիովին անմասն է խորհրդի նախագահի` փողերի լվացման գործարքներից, հակառակ դեպքում` նա, բառիս բուն իմաստով, «կխայտառակի ռեսպուբլիկան»:
ԽՈՍՏԱՑԵԼ Է
Երեկ կոնդեցիները հանդիպել են քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանին` 7 տարի առաջ իրացված իրենց բնակարանների հարցը քննարկելու նպատակով: Կոնդի բնակիչներն Aravot.am-ին ասել են, որ վերջերս ՀՀ նախագահին դիմելուց հետո, իրենց հարցով սկսել է զբաղվել քաղաքաշինության նոր նախարարը, ով էլ խոստացել է, ամենաուշը մեկուկես տարուց լուծել կոնդեցիների բնակարանների հարցը:
ԴԻՏԱՐԿԵԼ ԵՆ
Սեպտեմբերի 17-ին ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղի հարավային ուղղությամբ: Դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
ՎԵՐԱԴԱՐՁ ԴԵՌ ԿԱ
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իսպանական «Էլ Պաիս» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, թե Մոսկվայի նկատմամբ եվրոպական պատժամիջոցները կխարխլեն ուկրաինական ճգնաժամին վերջ դնելու ջանքերը, բայց ԵՄ-Ռուսաստան հարաբերություններում «չվերադառնալու կետը» դեռ չի հատվել:
ԱՊԱՍՏԱՆԻ ԽՆԴՐԱՆՔՈՎ
Ուկրաինական ճգնաժամի հետեւանքով 69 անձ դիմել է ՀՀ Միգրացիոն ծառայություն՝ ապաստան ստանալու խնդրանքով: Այս մասին NEWS.am-ին ասել է ծառայության պետ Գագիկ Եգանյանը:
«Կան ընտանիքներ, ովքեր արդեն կարգավիճակ են ստացել, մյուսների հարցը դեռ քննարկվում է: Դիմած քաղաքացիների մեջ գերակշռում են հայերը, սակայն կան նաեւ այլազգիներ»,- նշել է Եգանյանը։