ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ ԲՀԿ ԱՌԱՋՆՈՐԴ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ՞Ն
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամների հարազատների շուրջ քրեական պատմությունները չեն դադարում: Հերթն այս անգամ ԲՀԿ-ական Ռուստամ Գասպարյանի որդունն է:
«Ժողովուրդ»-ը երեկ գրել էր, որ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, «Սեւ հովազ» ջոկատի նախկին հրամանատար Ռուստամ Գասպարյանի որդին երեկ ձերբակալվել է: Պատճառն այն է եղել, որ Ռոմա Գասպարյանը Երեւանում անձի առեւանգման հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում հետախուզման մեջ էր գտնվում դեռեւս ամառվանից:
Իսկ ի՞նչն էր եղել քրեական գործի հարուցման պատճառը: Մեզ հասած տեղեկություններով՝ 26-27 տարեկան մի երիտասարդ (ում անունը չենք հրապարակում՝ նախաքննական մարմնի աշխատանքները չխոչընդոտելու համար), տարբեր տարիքի տղաների սոցիալական ցանցի միջոցով ծուղակն է գցել եւ հանդիպման կանչել: Պարզվում է՝ պատգամավորի որդու ընկերները նույնպես հայտնվել են անծանոթի լարած թակարդում, հանդիպել են ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող այդ երիտասարդին, ով ավելի ուշ սկսել է շանտաժի ենթարկել նրանց:
Երիտասարդները սկսել են վախենալ, ինչի համար օգնության խնդրանքով դիմել են Աժ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Գասպարյանի որդուն՝ Ռոմա Գասպարյանին: Վերջինս էլ ընկերների թասիբը պահելու համար գնացել է անծանոթի հետ հանդիպման ու նրան իր հետ տանելով, մի լավ ծեծի է ենթարկել: Բնականաբար, ինչպես ոչ ավանդական կողմնորոշում ունեցող շատ երիտասարդներ, այդ տղան էլ անմիջապես վազել է ՀՀ ոստիկանություն եւ հանցագործության մասին հաղորդում ներկայացրել: Արդյունքում Ռոմա Գասպարյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում եւ ամիսներ անց իրավապահները ձերբակալեցին նրան:
Ռուստամ Գասպարյանը news.am-ին ասել է. «Բողոքողն էլ գալուբոյ է, գալուբոյ տղա է, համասեռամոլ, մարդ չի փախցրել իմ տղան: Էդ գալուբոն 27 տարեկան էշ, ինտերնետներով կապնվում է,18 տարեկան երեխեքին տանում փչացնում է»:
Թե ինչ կպարզվի քննության ընթացքում, դեռեւս հայտնի չէ: Սակայն նկատենք, որ Ռուստամ Գասպարյանի որդին միակ ԲՀԿ-ականի որդին չէ, որ հայտնվել է նման աղմկալի պատմության մեջ:
Դեպք 1. Օսկանյանի որդին եւ թմրանյութը
Դեռեւս 2013թ. Խանջյան փողոցից ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանի որդին` Արա Օսկանյանը եւ նրա ընկեր՝ Վահագն Մարկոսյանը բերման էին ենթարկվել ոստիկանություն թմրամիջոցներ օգտագործելու կասկածանքով: Ավելի ուշ, առանց բժշկի նշանակման թմրամիջոցներ օգտագործելու համար ենթարկվել էին 200 հազար դրամի չափով վարչական պատասխանատվության:
Դեպք 2. Պատգամավորի զինված մեքենաները
2013թ. մարտի 26-ին «Մոսկվիչկա» սուպերմարկետի դիմացից ոստիկանության աշխատակիցները, խուզարկելով «Hyundai sonata» մակնիշի 08 ՍՍ 800 եւ «Bently» մակնիշի 08 ԼԼ 800 համարանիշների ավտոմեքենաներում հայտնաբերել էին ահռելի թվով զենք: «Bently»-ն հաշվառված է Արթուր Աբրահամի Մանուկյանի, «Hyundai sonata»-ն՝ Հակոբ Աբրահամի Մանուկյանի անվամբ: Նրանք էլ, ոչ ավել ոչ պակաս, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, շտաբի պետ Աբրահամ Մանուկյանի որդիներն են: Ավելին՝ «Bently»-ն սպասարկում է հենց Աբրահամ Մանուկյանին: Սակայն այս պատմությունից պատգամավորն ու իր որդիները միանգամայն չոր դուրս եկան, իսկ ահա նրանց մեքենայից ձերբակալված տղաները պատգամավորի որդիներն էին, որոնք կանգնեցին դատարանի առաջ, թե հայտնաբերված զենք-զինամթերքի տերն ու տիրակալն իբր իրենք են եղել:
Դեպք 3. «Վերնիսաժ»-ի կրակոցներն ու հայտնի փեսան
Այս տարվա մայիսի 17-ին «Վերնիսաժ»-ի տոնավաճառի մոտ կրակոցներ էին հնչել, ինչի հետեւանքով 5 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Կրակոցների կիզակետում էր հայտնվել ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Կարո Կարապետյանի փեսան՝ Գոռ Առաքելյանը: Կրակոցների պատճառը եղել էր այն , որ երկու հոգի՝ Ներսես Մելքոնյանը եւ Վալերի Հովհաննիսյանը, փակել էին պատգամավորի փեսայի ճանապարհը, ու երբ Գոռը նրանց խիստ տոնով հորդորել էր մեքենաները դուրս բերել իր ճանապարհից, սկսվել էր լեզվակռիվ, հնչել էին կրակոցներ: Արդեն 4 ամիս է՝ այս գործով նախաքննությունը շարունակվում է, իսկ գործով անցնող Վալերին, Ներսեսը եւ պատգամավորի փեսան կալանավորված են:
Դեպք 4. Նախկին պատգամավորի՝ Խանջյանի կրակոցները
Օգոստոսի 29-ի գիշերը Խանջյան-Թումանյան փողոցների խաչմերուկում ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արսեն Ավագյանը, ով առավել հայտնի է «Տուգո» անվանմամբ, կրակել էր 51-ամյա Սուրեն Իսահակյանի ուղղությամբ: Ըստ շրջանառվող լուրերի՝ նրանք համատեղ բիզնես են ունեցել, որի հետեւանքով պարտք ու պահանջի հարց է ծագել՝ հանգեցնելով զենքի գործադրման: Իսկ ահա մեզ հասած տեղեկություններով՝ նախկին պատգամավորն ու կրակոցներից տուժածն բողոքներ չունեն , սակայն այս հանգամանքը չի խանգարում, որ Տուգոն դեռեւս մնա կալանքի տակ:
Ի՞նչ են գուժում քրգործերը
Նկատենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ վերջին շրջանի ակտիվությանը զուգահեռ, ԲՀԿ-ական պատգամավորները զարմանալի զուգադիպությամբ հայտնվել են իրավապահների ուշադրության կենտրոնում: Միգուցե, սա նախազգուշացո՞ւմ է ԲՀԿ առաջնորդին, որ հնարավոր ակտիվացման դեպքում չեն ուշանա նաեւ իր թիմակիցների պատիժները՝ հարկ եղած դեպքում հիշեցնելով պատգամավորների քրեական անցյալի խրոնիկան:
«Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հետ, ով ասաց, որ դեռ չի խոսել Ռուստամ Գասպարյանի հետ. «Կզրուցենք, կփորձենք հասկանալ խնդիրը: Եթե այն բացառապես իրավական դաշտում է, հենց իրավական դաշտում էլ հույս ունենք, որ լուծում կստանա, իսկ եթե տեսնենք քաղաքական նրբերանգներ, բնականաբար մենք մեր հստակ դիրքորոշումը կհայտնենք»:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՀԱՅԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ՝ ԻՐ ԱԶԱՏՄԱՆ ՊԱՏՃԱՌԻ ՄԱՍԻՆ
ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Հայկ Հարությունյանը հուլիսի 7-ից արձակուրդի է գնացել եւ մինչեւ այժմ արձակուրդի մեջ է: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց ինքը՝ Հարությունյանը:
Նշենք, որ մինչ Հայկ Հարությունյանի՝ աշխատանքից ազատման դիմումը գրելը, արդեն տեղեկություններ էին տարածվել, որ նա ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հետ լեզու չի գտնում, իսկ ահա մի փոքր ուշ լուրեր շրջանառվեցին, թե ՀՀ գլխավոր դատախազությունը ստուգումներ է իրականացրել ՔԿՀ-ներում եւ լուրջ չարաշահումներ է հայտնաբերել:
-Պարոն Հարությունյան, ի՞նչ գործունեությամբ եք զբաղված:
-Քաղաքում չեմ, դեռ հանգստանում եմ, չգիտեմ:
-Ձեզ նոր պաշտոն են առաջարկե՞լ:
-Կրկնում եմ՝ դեռ քաղաքից դուրս հանգստանում եմ, եւ եթե անհրաժեշտությունը լինի՝ նոր պաշտոնի կանցնեմ:
-Բոլորի համար անհասկանալի մնաց, թե ինչո՞ւ այդքան տարօրինակ կերպով հեռացաք Ձեր զբաղեցրած պաշտոնից: Տեղեկություններ տարածվեցին, թե ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հետ լեզու չեք գտնում, իսկ հետո խոսվեց, որ ՀՀ գլխավոր դատախազությունը ստուգումներ է իրականացրել ՔԿՀ-ներում եւ լուրջ չարաշահումներ է հայտնաբերել:
-Ոչ, իհարկե ոչ:
-Այդ դեպքում ի՞նչն էր պատճառը, ինչո՞ւ անվերադարձ գնացիք արձակուրդ եւ դեռ արձակուրդի մեջ եք:
-Լավ, ձեզանից չպրծա՞: Գնացի՝ ձեզանից ազատվելու համար (ծիծաղում է):
-Կասե՞ք՝ դեռ որքան պետք է հանգստանաք:
-Դա էլ հայտնի չէ:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԲԼԹ
«Իրազեկենք, որ մարդիկ իմանան ինչ օրենքներ պետք է քննարկվի, շատ օրենքներ կան, որոնք վիճահարույց են, նաեւ մյուս քաղաքական ուժերի հետ ենք պատրաստ համագործակցել, որպեսզի քառօրյայում պատրաստված, ավելի գրագետ առաջարկություններ անենք»:
Վահրամ Բաղդասարյան News.am
ՀՀԿ խմբակցության ղեկավարը որոշել է աշխատել բացառապես իրազեկ պատգամավորների հետ եւ հանուն դրա պատրաստ է անգամ արտահերթ փակ նիստեր ու ժողովներ անցկացնել: Իհարկե, լավ գաղափար է՝ պատգամավորներին օրենքների հետ ծանոթացնելը, պարզապես փոքր-ինչ դժվար է պատկերացնել, թե ինչ արդյունք կունենան այդ քայլերը: Եթե ԱԺ պատգամավորների մեծ մասը 10 տարուց ավելի է, ինչ այդ շենքում են աշխատում, սակայն օրենք կարդացած չկան, փակ նիստերի «լիկբեզները» որքանո՞վ պետք է նպաստեն այդ իրավիճակի շտկմանը: Կարծում ենք՝ չի ստացվի, քանի որ նման փորձեր նախկինում էլ եղել են:
«Մեղրիում ոչ թե միայն վախի մթնոլորտը չկա, Մեղրիում Սուրեն Խաչատրյանը որպես առանձին անհատ շատ ընդունված անձնավորություն է»:
Արշավիր Հովհաննիսյան Slaq.am
Դե եթե Սյունիքի մարզի քաղաքները նման մտածելակերպ ունեցող, իրենց վերադասին հաճոյանալ սիրող քաղաքապետեր ունենան, ապա Սուրիկ Խաչատրյանի հնարավոր վերադարձը մարզպետի պաշտոնին կընդունվի նույնիսկ տրիումֆով եւ երջանկության արցունքներով՝ կարծես թե ոչ մի վախի մթնոլորտ էլ չի եղել, կարծես թե Սուրիկ Խաչատրյանի եւ նրա հարազատների անունները չէին, որ կապվում էին հանցագործությունների ու բռնությունների հետ, եւ վերջապես՝ Ավետիք Բուդաղյանի սպանության հետ: Թե՞ միգուցե Մեղրիի քաղաքապետը նույնիսկ տեղյակ էլ չէ, որ իրենց մարզում նման դեպքեր են տեղի ունեցել:
«Ես հասկացա, որ պետք է նավի վրա լինեմ: Նավը ինձ չի տեսնում, նավի մեջ ինձ չեն նկատում»:
Պարգեւ Օհանյան 1in.am
Ահա թե ինչպես է մեկնաբանում իր ՀՀԿ-ական դառնալը ընդդիմադիր հայացքներ ունեցող նախկին դատավորը: Կարելի է ասել, որ շատ անկեղծ մեկնաբանություն է: Այսինքն՝ մարդը խոստովանում է, որ նավի ընթացքին ափից նայելը եւ ուղղություն տալը հրապարակային է, բոլորը նկատում են, հետեւաբար՝ դժվար է: Իսկ ՀՀԿ կոչվող նավի վրա գտնվելը, ինչպես ինքը՝ նորաթուխ ՀՀԿ-ականն է ասում, շատ ավելի ապահով է ու հարմար, որովհետեւ նավի մեջ իրեն չեն նկատում, հետեւաբար ինչ ուզի՝ կարող է անել: Նավի մեջ թաքնվելն, ամեն դեպքում, ավելի հեշտ ու հարմար է, քան ափին գտնվելը:
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ