ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՅԱԼ ՆԱԽԱՐԱՐԸ
Հովիկ Աբրահամյանի կառավարության ձեւավորման շրջանում ամենաքիչ հավանականն առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի պաշտոնանկությունն էր դիտարկվում, սակայն, շատերի համար անսպասելիորեն նախարար նշանակվեց Արմեն Մուրադյանը՝ բժշկական աշխարհում ոչ շատ հայտնի մի անձնավորություն, ում մասին եթե հիշում էլ էին, ապա՝ անպայմանորեն Գարեգին Բ կաթողիկոսի «լույսի ներքո»: Քանզի այս անձնավորությունը համարվում էր կաթողիկոսի հովանավորյալը, Նորին սրբության սեփականությունը հանդիսացող հիվանդանոցի գլխավոր բժիշկ-տնօրենը: Եվ, ինչպես պնդում են բժշկական շրջանակներում, Արմեն Մուրադյանը վերջին տարիների իր բոլոր հաջողություններին հասել է կաթողիկոսի աջակցությամբ եւ հովանավորությամբ:
Բավական հետաքրքիր եւ «ինքնատիպ» կենսագրություն ունի 42-ամյա նախարարը: Նա ավարտել է… հեռակա դպրոց: Ինչո՞ւ: Դժվար է բացատրել, մանավանդ եթե հաշվի առնենք, որ հեռակա դպրոցները միշտ համարվել են ոչ բարձր առաջադիմություն ունեցող աշակերտների պատսպարան: Իհարկե, ավարտական դասարանում սովորելու տարում նա աշխատանքի է անցել ՀՍՍՀ վիրաբուժության համամիութենական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, ապա՝ վիրահատարանում եւ մինչեւ 1993 թվականն աշխատել որպես սանիտար, ապա՝ բուժակ: Այսինքն՝ դպրոցն ավերտելուց հետո շարունակել է աշխատել այստեղ եւ միայն մեկ տարի անց ընդունվել Երեւանի Հերացու անվան բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետ: Ուսմանը զուգընթաց էլ՝ աշխատել է որպես սանիտար: 1995 թվականին ավարտել է բժշկական համալսարանը, տեղավորվել աշխատանքի նույն համալսարանի ուռուցքաբանության եւ ճառագայթային թերապիայի ամբիոնում՝ ուրոլոգիա մասնագիտությամբ:
Անկեղծ ասած, Արմեն Մուրադյանի պաշտոնական կենսագրության մեջ հիշատակված այս նշումը մեզ անհասկանալի մնաց, որովհետեւ այդպես էլ պարզ չդարձավ, թե նա ամբիոնում որպես ի՞նչ է աշխատել: Փոխարենը, հասկացանք, որ բանակում չի ծառայել: 1998-2000 թվականներին եղել է նույն ամբիոնի ասպիրանտ եւ մեկ տարի անց աշխատանքի անցել «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի ուրոլոգիական բաժանմունքում որպես հերթապահող բժիշկ: Գիտության թեկնածուի համար արդյո՞ք նվաստացուցիչ չէր հերթապահող բժշկի աշխատանքը: Երեւի հենց այս հանգամանքն էլ հաշվի առնելով՝ նրան մեկ տարի անց նշանակել են բժիշկ-ուրոլոգ: 2003թվականին Արմեն Մուրադյանը Երեւանի բժշկական համալսարանում ստեղծել է ուրոլոգիայի բաժանմունք եւ ինքն էլ դարձել ամբիոնի վարիչ՝ այստեղ պաշտոնավարելով մինչեւ 2011 թվականը: Նույն այս ընթացքում՝ 2003-08 թվականներին եղել է «Արմենիա» բժշկական կենտրոնի ուրոլոգիական կենտրոնի ղեկավարը, 2004-ին, համատեղությամբ, ստանձնել առողջապահության նախարարի խորհրդականի պարտականություններն ու պաշտոնավարել մինչեւ 2006 թվականը:
2005 թվականին, ընդամենը երկու տարվա դասախոսական աշխատանքի փորձով, ստացել է պրոֆեսորի գիտական կոչում: Իսկապես եզակի դեպքերից մեկը, երբ հենց այդ նույն տարում էր պաշտպանել դոկտորական ատենախոսությունը: Ի դեպ, հիշատակենք բժշկագիտության դոկտորի թեկնածուական եւ դոկտորական ատենախոսությունների թեմաները. «Շագանակագեղձի նախաքաղցկեղային վիճակի եւ քաղցկեղի կլինիկական ընթացքի կանխորոշման մոդելի հարցեր» եւ «Շագանակագեղձի տարածված քաղցկեղի համալիր բուժման բարելավման կլինիկակենսաբանական հիմունքներ»: Ըստ էության, նույն թեմայի երկու առանձին հատված… Բժիշկ-գիտնականներին թողնենք այս ատենախոսությունների գիտական նորույթի քննարկման պարտականությունը, չխորանանք այն բանի մեջ, որ արհեստական բաժանում է ստեղծվել նախաքաղցկեղային եւ քաղցկեղային շրջանների միջեւ: Ի վերջո, 33 տարեկան բժիշկը չէր կարող ունենալ գիտական մեծ հետազոտությունների փորձ ու հմտություն, որպեսզի ստանար բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: Բայց, հավանաբար, Հայաստանում ամեն ինչ հնարավոր է, հատկապես «սպեցիֆիկ» գիտաճյուղերում:
2008 թվականին արդեն դոկտոր-պրոֆեսորը դարձել է ՀՀ առողջապահության նախարարության Վ. Ֆանարջյանի անվան «Ուռուցքաբանության ազգային կենտրոն»-ի տնօրենի առաջին (բուժական գծով) տեղակալ: Իսկ ահա 2012 թվականին, Գարեգին Բ կաթողիկոսի հովանավորությամբ, նշանակվել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն: Ավելացնենք նաեւ, որ ձգտելով առողջապահության համակարգում պաշտոնների, Արմեն Մուրադյանը մասնակցել է տարբեր դասընթացների. 2003թ. Առողջապահության կառավարման դպրոցի եւ Հայաստանի ամերիկյան համալսարանի «Առողջապահության կառավարման (մենջմենթ) եւ կազմակերպում» ծրագրի «Առողջապահության տնտեսագիտության, ֆինանսական կառավարման եւ մարքեթինգի հիմունքներ», դասընթաց, 2004թ. InDevelop Uppsala AB, Ստոկհոլմ, Շվեդիա, Առողջապահության համակարգի զարգացման բարձրագույն միջազգային ուսուցողական ծրագիր: Այստեղ ուշադրություն դարձնենք հետեւյալ հանգամանքին. Արմեն Մուրադյանն աշխատել է մի քանի տեղ, ղեկավարել է ուրոլոգիական կենտրոն, եղել է նախարարի խորհրդական, մասնակցել է դասընթացների եւ ծրագրերի ու այս ընթացքում էլ գրել է դոկտորական ատենախոսություն…
Ասում են, որ Արմեն Մուրադյանը դեռեւս մանկության տարիներից երազել է առողջապահության նախարար դառնալ: Երբ աշխատում էր որպես նախարարի խորհրդական, իրեն այնքան էր երեւակայում նախարարի դիրքերում, որ ընկերները հենց «նախարար» դիմելաձեւով էլ շփվում էին նրա հետ: Եվ հիմա մարդը հասել է իր նպատակին՝ արդեն իսկ պաշտոնավարման կարճ ժամանակահատվածում հաստատելով, որ մտահոգված չէ գիտական առողջապահության բարելավմամբ: Օրերս նա Ֆանարջյան կենտրոնի մասին այնպիսի անփույթ ու անտարբեր հայտարարություն արեց, որը շատերին տեղիք տվեց ենթադրել, որ Արմեն Մուրադյանին հրապուրել է լոկ պաշտոնը, իսկ ոլորտի բարելավման ծրագրերը կարեւոր չեն:
ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ
ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ԿՌՎԱՑՆՈՒՄ Է ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂԻ ՀԵՏ
Մայրաքաղաք Երեւանի այս կամ այն թաղամասում պարբերաբար բողոքի ու բախման առիթներ են ստեղծվում: Հերթական դեպքն արձանագրվեց երեկ՝ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց 13/5 շենքի բակում: Նշենք, որ նման շինաշխատանքների թույլտվությունները կոնֆլիկտների պատճառ են դառնում տարածքի սեփականատիրոջ եւ շրջակայքի բնակիչների միջեւ:
Երեկ «Ժողովուրդ»-ը առաջինն ականատես եղավ, թե ինչպես են փորձում շինարարները քանդել Ռուբինյանց 13/5 շենքի բակը, որտեղ, ըստ բնակիչների, իրենց երեխաներն են խաղում:
Կառուցապատողին, տվյալ դեպքում Արմեն Հարությունյան անունով մի քաղաքացու, Երեւանի քաղաքապետարանը թույլտվություն է տվել նշված տարածքում դեղատուն կառուցել: Սակայն դեղատուն կառուցելու գործընթացը խիստ զայրացրել է տեղի բնակիչներին, ինչն էլ երեկվա բողոքի ակցիայի պատճառն է դարձել: Շենքի բնակիչները գտնում են, որ դեղատան գոյությունը ընդհանրապես վատ երեւույթ չէ, բայց տվյալ դեպքում շինարարություն իրականացնելու թույլտվություն է տրվել մի հատվածում, որտեղ գրեթե անանցանելի է:
Նույն քաղաքապետարանի անհեթեթ որոշումների հետեւանքով երեկ առավոտյան առաջացած կոնֆլիկտը վերածվեց բախման. ընդհուպ մինչեւ միջամտեցին Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանի ոստիկանության բաժնի աշխատակիցները: Ռուբինյանց 11 շենքի բնակիչ Լուսինե Եղիկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վրդովված ասաց, որ դեղատան կառուցումը իրենց շենքի բնակիչներին նույնպես հարմար չէ: «Երեք-չորս շենքի բնակիչներ միայն օգտվում են այս նեղ ճանապարհից: Եթե հրդեհ լինի կամ որեւէ մեկը վատ զգա իրեն ու շտապօգնության մեքենայի կարիք զգացվի, ապա այս դեպքում ինչպե՞ս ենք վարվելու: Մի քանի օր առաջ մի ծեր էր վատացել, պատկերացրեք, որ շտապօգնության մեքենան չկարողացավ նույնիսկ մոտենալ շենքին»,-վրդովված ասած Լուսինեն:
Բնակիչները համառորեն պնդեցին, որ մինչեւ ուշ երեկո այդտեղից չեն հեռանալու եւ ամեն գնով հասնելու են իրենց նպատակին: Իսկ կառուցապատողն անվերջ պնդում էր, որ ունի շինթույլտվության փաստաթուղթ եւ ինքը ոչ մի օրենք չի խախտում: Ասել է թե՝ քաղաքապետը թույլտվություն է տվել ու բնակիչներին գցել կրակը:
Ավելի ուշ, «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ բնակիչների համառության շնորհիվ տեխնիկան հանվել է տարածքից: Բայց բնակիչները մտադիր են շարունակել իրենց պայքարը:
Տեղեկացանք նաեւ, որ երեկ մարդիկ ստիպված են եղել դիմել Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանին: Վերջինս էլ Երեւանի քաղաքապետին էր նամակ գրել՝ armlur.am-ի տեսանյութը կցելով, որպեսզի նրա ուշադրությունը հրավիրի խնդրի վրա:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԼԵԶՈՒ ՉԵՆ ԳՏՆՈՒՄ
Մինաս Ավետիսյանի «Հովվերգություն» որմնանկարը, որը գտնվում է Գյումրու քաղաքապետարանի նիստերի դահլիճում, կիսատ-պռատ, քարուքանդ վիճակում է: Դեռեւս Գյումրու նախորդ քաղաքապետ Վարդան Ղուկասյանի օրոք «Մինաս Ավետիսյան» հիմնադրամի եւ քաղաքապետարանի հարաբերությունները լարվել էին, իսկ հիմա դրանք առավել քան սրված են:
Խնդիրը որմնանկարի վերականգնման ֆինանսական ծախսերն են, որը շահարկվում է արդեն 2 տարի, եւ որի հետեւանքով որմնանկարի ամրացման աշխատանքներն անավարտ են մնացել: Վերջին նիստի ժամանակ Գյումրու ավագանին որոշում կայացրեց 4,5 մլն դրամ տրամադրել «Մինաս Ավետիսյան» հիմնադրամին, որպեսզի մինչ հոկտեմբեր՝ Գյումրու տոնին ընդառաջ, որմնանկարը պատրաստ լինի: Սակայն գումարը հատկացվում է պայմանով, որ հիմնադրամը կատարվող աշխատանքների վերաբերյալ նախահաշիվ ներկայացնի: Նկարչի որդին՝ Արման Ավետիսյանը, ով նաեւ հիմնադրամի տնօրենն է, դեմ է նման մոտեցմանը:
Ա. Ավետիսյանը պահանջում է 12մլն դրամ՝ ներկայացնելով պայմանագիրը, որը կնքվել է քաղաքապետարանի հետ: Ապա մանրամասնում է, որ նախկին քաղաքապետը ծախսերի 20մլն-ը վերցրել էր իր վրա, իսկ մնացած 37 միլիոնն էլ Գյումրու քաղաքապետարանը պետք է վճարեր: Իսկ ահա քաղաքապետարանը վստահեցնում է, որ արդեն վճարել է 35մլն-ը եւ պարտք է մոտ 1,5 մլն դրամ, որին էլ ավագանու որոշմամբ՝ կգումարվի եւս 3-ը եւ ընդհանուր՝ 4,5 մլն դրամ կհատկացվի հիմնադրամին:
Մինասի որդին այս թվերի հետ համաձայն չէ եւ չի վստահում քաղաքապետարանին: Քաղաքապետարանն էլ իր հերթին է անվստահություն հայտնում հիմնադրամի տնօրենի նկատմամբ՝ պահանջելով նախահաշիվ:
Հատկանշական է, որ հուլիսի 30-ին կայացած ավագանու նիստի ժամանակ քաղաքապետ Սամվել Բալասանյանն ասաց, թե որմնանկարը կարելի է վերականգնել առանց մեծ ծախսերի էլ՝ ձեռքի տակ եղած հնարավորություններով, միայն թե որմնանկարի մասերը պետք է իրենց ձեռքի տակ լինեն: Մինչդեռ դրանք, ըստ քաղաքապետի, իր մոտ է պահում Ա.Ավետիսյանը։ Սակայն Ա. Ավետիսյանը պնդում է, որ դեռ անցած տարի մշակված տեսքով դրանք անձամբ հանձնել է քաղաքապետարան:
Թե որքան կտեւի երկու կողմերի անհամաձայնությունը, դժվար է ասել: Այս պահին պարզ է մեկ բան. մինչ հոկտեմբեր Մինասի երկրպագուներն ու գյումրեցիները որմնանկարն ավարտուն չեն տեսնի:
ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ