ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԶԱԽԱՐՅԱՆԻ ՈՐԴԻՆ ՇԱՏ ՀԱՐՈՒՍՏ ԴԱՏԱՎՈՐ Է ԵՂԵԼ

Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանի արդեն նախկին դատավոր Արտակ Զախարյանն իր պաշտոնավարման ընթացքում կարողացել է կլորիկ ունեցվածք ձեռք բերել:

Հիշենենք, որ Սերժ Սարգսյանի հրամանագրով Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի դատավոր որդին նախօրեին ազատվել է իր զբաղեցրած պաշտոնից: Նա այդ պաշտոնը զբաղեցնում էր 2008թ. հունվարի 1-ից եւ, չնայած երիտասարդ տարիքին, համարվում էր Հայաստանի ամենահարուստ դատավորներից մեկը:
Ըստ 2011թ. գույքի ու եկամուտների հայտարարագրի՝ Արտակ Զախարյանը վաստակել է 3 մլն 939 հազար 287 դրամ, որը գոյացել է աշխատանքի վարձատրությունից: Նրա հաշվին եղած գումարներն այդ ժամանակ մի քանի անգամ գերազանցել են աշխատավարձի չափը։ 2011թ. սկզբին Արտակ Զախարյանն ունեցել է 422 մլն դրամ, իսկ տարեվերջին՝ 412 մլն: Նա ունեցել է նաեւ 200 հազար դոլար եւ 200 հազար եվրո, որոնք ամբողջ տարվա ընթացքում փոփոխության չեն ենթարկվել:
2012թ. հայտարարագրից տեղեկանում ենք, որ Զախարյան կրտսերի՝ 412 մլն դրամը դարձել է 504 մլն դրամ, իսկ արտարժույթով դրամական միջոցները փոփոխության չեն ենթարկվել: Միայն աշխատանքի վարձատրության եւ շահաբաժնի շնորհիվ նա այդ տարի վաստակել էր 100 մլն դրամից ավելի գումար: 2013թ. ընթացքում նախկին դատավորը ձեռք է բերել երկու մեքենա:
Դրանցից VOLKSWAGEN TOUAREG 4.2 մակնիշի մեքենան տարվա ընթացքում վաճառել է 17 մլն 780 հազար դրամով, իսկ մյուս՝ VOLKSWAGEN TOUAREG 3.6-ը՝ ձեռք բերել 29 մլն 986 հազար դրամով: Դրամական միջոցներում չնչին փոփոխություններ են եղել: Մասնավորապես, 504 մլն դրամը դարձել է 479 հազար դրամ, իսկ հաշվետու տարում էլ նա վաստակել է 22 մլն 460 հազար դրամ: Նշենք, որ 1998 թ.-ից մինչեւ 2001 թվականը Արտակ Զախարյանն աշխատել է ՀՀ Մաքսային պետական կոմիտեում՝ որպես արագ հակազդման բաժնի առաջատար մասնագետ, տեսուչ, այնուհետեւ ավագ տեսուչ։
2001թ. Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազությունում նշանակվել է որպես քննիչ, 2005-ին՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազությունում դատախազի օգնական, իսկ 2007 թվականին՝ դատախազ:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 
ՄԱՐԶԵՐ

ՖՈՒՏԲՈԼ ՉԴԻՏԵՑԻՆ
Իջեւան քաղաքի բազմաթիվ բնակիչներ դիմել են «Ժողովուրդ»-ի թղթակցին՝ բողոքելով «Արմենիա» հեռուստաընկերության հաղորդումների հեռարձակման դադարեցումից: Այդ պատճառով իջեւանցի մարզասերները սեպտեմբերի 16-ին չեն կարողացել դիտել Եվրոպայի չեմպիոնների լիգայի «Բորուսիա»-«Արսենալ» խաղը:
Բացի «Արմենիա»-ից, որի ծրագրերն արդեն 10 օր է, ինչ չեն հեռարձակվում, Նոյեմբերյանի տարածաշրջանում, շուրջ 20 օր է չեն սփռվում նաեւ «Կենտրոն» հեռուստաընկերության ծրագրերը: Երկու դեպքում էլ պատճառը նույնն է. այդ հեռուստաընկերությունների հաղորդակները փչացել են: Հայաստանի հեռուստատեսային ցանցերի Տավուշի մարզային բաժնի պետ Խոսրով Սմբատյանը հայտնեց, որ իրենց ընկերությունը մասնավոր հեռուստաընկերությունների հաղորդակները սպասարկելու պայմանագրեր ունի, որոնց շրջանակներում էլ այդ հաղորդակների՝ շարքից դուրս գալու դեպքում իրենք տեղյակ են պահում հեռուստաընկերությունների ներկայացուցիչներին:
Ըստ Ս. Խոսրովյանի՝ տվյալ հեռուստաընկերությունների աշխատողները գալիս են Տավուշի մարզ եւ հաղորդակները նորոգման տանում Երեւան: Խոսրովյանը հայտնեց, որ սեպտեմբերի 17-ին իրենք «Արմենիա»-ի փչացած հաղորդակը նորոգման նպատակով Երեւան են ուղարկել: Նա նաեւ տեղեկացրեց, որ մարզում թվային հեռարձակման անցնելու համար սարքավորումներ են ստացել: Դրանք կտեղադրվեն մարզում գործող հեռուստատեսային աշտարակներում, իսկ փոքր գյուղերում կտեղակայվեն ավտոմատ գործող փոքր կայաններ: Մեր զրուցակցի տեղեկացմամբ՝ հաջորդ տարեսկզբից Տավուշի մարզում կգործի թվային հեռարձակվող հեռուստաալիքների փաթեթ, որը կընդգրկի հանրապետական 8 հեռուստաալիքի եւ մարզային «Տավուշ» հեռուստաընկերության ծրագրերը:
Իսկ մինչ այդ նկատենք, որ Տավուշի սահմանամերձ գյուղերում շատ քիչ հեռուստաալիքներ են սփռվում: Օրինակ՝ սահմանամերձ Ոսկեպարում հեռարձակվում է ընդամենը 3 հեռուստաալիք՝ Հ1, «Ռոսիա» եւ «Կենտրոն»: Օգոստոսին սահմանամերձ Դովեղ գյուղ ժամանած ԱԺ փոխխոսնակ էդուարդ Շարմազանովին դովեղցի Կարեն Վարդանյանը խնդրել էր օգնել, որպեսզի Նոյեմբերյանի տարածաշրջանում վերստին հեռարձակվի ֆուտբոլի Անգլիայի առաջնության խաղերը հեռարձակող Հ2 հեռուստաընկերությունը: Շարմազանովը խոստացել էր աջակցել հարցի լուծմանը, սակայն Նոյեմբերյանի տարածաշրջանում Հ2-ի հեռարձակումը չի վերականգնվել:

 

ՀԱՇՎԱՌՈՒՄԸ՝ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ
ԽՍՀՄ Խնայբանկում սահմանամերձ գյուղերի բնակիչների ունեցած ավանդների փոխհատուցման նպատակով վերջին օրերին ՎՏԲ բանկի Նոյեմբերյանի մասնաճյուղում ավանդատուների գրքույկների հաշվառում էր կատարվում: Դա առաջացրել էր մեծ հերթեր, ինչը խանգարում էր մասնաճյուղի բնականոն աշխատանքին: Այդ պատճառով էլ մասնաճյուղի տնօրինությունն աշխատանքի է ընդունել նոր աշխատակցի, ով մեկնելու է սահմանամերձ գյուղեր՝ տեղում կատարելու ավանդատերերի գրքույկների հաշվառումը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 




Լրահոս