ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՈՃԱՅԻՆ ԶԱՆԱԶԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՉՔԱԾԱԿՈՒԹՅԱՆ ՆՇԱՆ Է»

Ժողովրդական երգարվեստը դարեր շարունակ սերունդներին է փոխանցել այն արժեքները, որոնք տվյալ ազգի դեմքն ու հոգին են խորհրդանշում: Ժողովրդական երգչուհի Գոհար Հովհաննիսյանը մերօրյա ժողովրդական, ազգագրական երգարվեստի ընդգծված կրողներից է: «Ժողովուրդ»-ը զրուցել է երգչուհու հետ ժողովրդական երգարվեստի այսօրվա բացերի մասին:

-Ո՞րն է այն սահմանը, որն անջատում է իրական ժողովրդական երգարվեստը անորակ երաժշտությունից: Շատ հաճախ, ոչ պրոֆեսիոնալ քննադատները 6/8 երաժշտական չափը նույնացնում են ժողովրդական երաժշտության հետ: Ինչի՞ց է դա գալիս:
-Այո, պատահում են նման համեմատություններ, բայց դա, ինչպես արդեն նշեցիք, ոչ պրոֆեսիոնալ լինելու արդյունք է: Ժողովրդական երաժշտությունն ունի հստակ տարբերակիչներ, դրանք նույնացնելն անորակ կամ էլ այնպիսի երաժշտության հետ, որը չի տեղավորվում բարձրորակության սահմաններում, անմտություն է: Ժողովրդական երգարվեստը պետք է հոգուդ արտացոլանքը լինի: Պետք է մարմնիդ յուրաքանչյուր մասնիկը զգա այդ երգի յուրաքանչյուր նոտան:
Նվագարաններն են նույնը, երբեմն դա է շփոթության մեջ գցում: Բայց, բնականաբար, պրոֆեսիոնալ կատարողները կարողանում են ունկնդրի ականջի համար հաճելի եւ, ամենակարեւորը, որակյալ երաժշտություն մատուցել:
-Շոու-բիզնեսում ժողովրդական երգարվեստը ուրույն տեղ ունի՞, թե՞ այն մի ուրիշ աշխարհ է եւ այդ երկու ոլորտներում ընդհանրություններ պետք չէ որոնել:
-Ցանկացած որակյալ կատարում իր ուրույն տեղն ունի ունկնդրի հոգում ու սրտում: Ինքս, լինելով ժողովրդական երգչուհի, մեծագույն սիրով ու հաճույքով կարող եմ լսել ոչ ժողովրդական կատարումներ: Լարա Ֆաբիանի երգերի լեզուն ես չեմ հասկանում, բայց լսում եմ հաճույքով: Դա գալիս է նրանից, որ այդ երգերը հոգուց են գալիս, որակյալ են, պրոֆեսիոնալիզմ են պարունակում: Ամեն ոճ իր տեղն ունի, ոճային զանազանությունը լավ բան է, բայց մեկ կատարողի համար անսահման համարձակություն է պարունակում:
-Ձեր կոլեգաներից շատերն իրենց կատարումներում չունեն հստակ ոճային սահմանազատում: Երգում են թե՛ ժողովրդական, թե՛ այլ ոճերում: Ինչպե՞ս եք դրան վերաբերվում:
-Վատ: Սխալ եմ համարում: Իրականում այդ ամենն աչքածակության նշան է: Մարդը որեւէ նախադասություն արտասանելիս նույն կերպ, նույն շեշտադրությամբ չի կարող արտասանել մեկ ուրիշի կողմից հնչեցրած այդ նույն նախադասությունը: Այսինքն՝ յուրաքանչյուր մարդ իր ձեռագիրը, շունչն ու հոգին ունի, ամեն ինչ իրար խառնել պետք չէ: Ես ժողովրդական երգեր եմ կատարում: Ինձ ավելի հոգեհարազատ են Շերամի երգերը: Նույնիսկ ես, որ կատարում եմ այդ ոճի երգեր, կամուկացի մեջ եմ ընկնում Սայաթ-Նովայի երգերը կատարելիս, բնականաբար այն պատճառով, որ մեծագույն պատասխանատվություն եմ զգում, հասկանում եմ, որ իմ ձայնային տվյալներին ավելի մոտ է Շերամ կատարելը, ես ավելի լավ եմ զգում հենց այդ աշուղի երգերը: Պետք է պատասխանատվություն ունենալ ամեն հարցում, պետք է սեփական հոգուն ու սրտին, էությանը համարժեք երգեր կատարել, որ իրական հասցեատերեր գտնվեն: Խոսքը միայն երգելու մասին չէ. արվեստ կրելու եւ այդ արվեստը փոխանցելու մասին պետք է մտածել, եւ ոչ հարուստ ու բազմազան երգարվեստ ունենալու մասին:
-Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում զանազան երգային միքսերին: Երբ, ասենք, ժողովրդական երգը ուղեկցվում է բոլորովին այլ գործիքավորմամբ կամ էլ մի քանի ոճի երաժշտություն է իրար խառնվում: Մեկը մյուսի հովի ներքո չի՞ խամրում:
-Հստակ կարծիք չունեմ այդ մասին, միանշանակ չեմ կարող ասել, քանի որ քիչ չեն նաեւ այն միքսերը, որոնք ականջին հաճելի են: Լավ է, երբ անաղարտ երգ ու երաժշտություն ենք տարածում ու լսում, բայց նորամուծություններին դեմ արտահայտվել էլ չի կարելի. ասածս չի վերաբերում անորակություններին: Պետք է այդ նորամուծություններն արդարացված լինեն ու ամենակարեւորը` որակյալ: Հստակ է միայն դա. այն, ինչ անում ենք, պետք է որակյալ լինի եւ ազգային նկարագիրը չխեղաթյուրող:

ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 
ԼՈՒՐԵՐ

ԵՐԳԵՐ Է ՁԱՅՆԱԳՐՈՒՄ
Շուտով հայկական հեռուստաեթերում կհայտնվի Միհրան Ծառուկյան-Մերի Մակարյան «հակամարտության» շնորհիվ արդեն իսկ խոսակցությունների կիզակետում գտնվող նոր սիթքոմ: Վերջին շրջանում երգչի ստեղծագործական կյանքը բուռն ընթացքի մեջ է: Միհրանը, «Ծնունդդ շնորհավոր» տեսահոլովակը ներկայացնելուց հետո, չի դադարեցրել ակտիվ գործունեությունը: Այս պահին ընթանում են երգչի ձայնասկավառակի ձայնագրման աշխատանքները, իսկ հոկտեմբերին էլ կկայանա Միհրանի նոր տեսահոլովակի պրեմիերան: Տեղեկացնենք նաեւ, որ առաջիկա ամիսներին Միհրանը պատրաստվում է համերգային շրջագայությամբ մեկնել Ռուսաստանի մի շարք քաղաքներ:

 

ՄԵԾԵՐԻՆ ՄԵԾԱՐԵԼՈՎ
«Մեծին լսողի ոտքը քարին չի դիպչի» իմաստուն խոսքը հանրությանը եւ հատկապես երիտասարդ սերնդին հիշեցնելու համար Նարեկ Բավեյանը վերջերս նոր տեսահոլովակ է ներկայացրել հանդիսատեսի դատին:
«Մեր մեծեր»-ը երգի երաժշտության եւ խոսքերի հեղինակը Նարեկ Բավեյանն է, իսկ տեսահոլովակի ռեժիսորը՝ Արամայիս Հայրապետյանը:
Տեսահոլովակը հիմնականում ուսուցողական բնույթ ունի, այն մեծարում է տարեց մարդկանց՝ ընդգծելով նրանց փորձի ու հմտությունների օգտակարությունը:

 

ՏՐԱՆՍՎԻՍՏԻՏ ԼԻՆԵԼԸ ԲԻԶՆԵ՞Ս Է
«Եվրատեսիլ-2014»-ի հաղթողը՝ Ավստրիայի ներկայացուցիչ, մորուքավոր տրանսվիստիտ Կոնչիտա Վյուրստը նկարահանվել է ներքնազգեստի նոր հավաքածուի գովազդում:
Նրա հետ նույն ֆոտոշարքում նկարահանվել է մոդել Էշլի Գուդը։ Վյուրստը հարցազրույց է տվել մի շարք առաջատար լրատվամիջոցների՝ ասելով, որ մորուքավոր կնոջ կերպարը ինքը հղացել է տարիներ շարունակ։ «Ես ծնվել եմ ավստրիական գյուղերից մեկում, որը շատ սահմանափակ էր։ Ես տարօրինակ տղա էի, ով հագնվում էր ինչպես աղջիկը։ Տրանսվիստիտ լինելը լուրջ բիզնես է, կարեւորը՝ այնտեղ քեզ չկորցնելն է»,-ասել է Վյուրստը:

 




Լրահոս