ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Երեւանի Դավիթաշեն վարչական շրջանում

Երեկ «Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը բողոքի ակցիա է կազմակերպել, որի մասնակիցները դեմ են արտահայտվել Երեւանում «հայտնված» կարմիր գծանշումներին: Նրանք ասել են, որ հոկտեմբերի սկզբին Հայաստանի ԴԱՀԿ ծառայության շենքի դիմաց կրկին բողոքի ակցիա կանցկացնեն:

 

 

ՀԱՐՑ. Եղել եմ հիմնարկի աշխատակից: Աշխատանքից ազատվել եմ, սակայն աշխատավարձի վերջնահաշվարկ չի արվել: Ունեմ աշխատանքային 39 տարվա ստաժ, որից 4-ը՝ աշխատել եմ այդ հիմնարկությունում՝ 200.000 հազար դրամ աշխատավարձով: Կխնդրեի պատասխանել` ո՞վ է վերահսկում այդ գործընթացը, եւ ո՞ւմ կարող եմ դիմել վերջնահաշվարկս ստանալու համար:

Կառլեն Կուրզինյան (63 տարեկան, հաշվապահ)

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ աշխատաքնային օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատանքային պայմանագիրը լուծարելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ աշխատանքային պայմանագրի լուծարման օրը, եթե սույն օրենսգրքով, օրենքով կամ գործատուի եւ աշխատողի համաձայնությամբ վերջնահաշվարկի այլ կարգ նախատեսված չէ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործատուն վերջնահաշվարկի օրը պարտավոր է աշխատողին վճարել աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումներ, սահմանված կարգով լրացնել աշխատողի աշխատանքային գրքույկն ու հանձնել նրան: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 170-րդ հոդվածի համաձայն՝ եթե աշխատանքային պայմանագրի լուծարման հետեւանքով ամենամյա արձակուրդի իրավունք ձեռք բերած աշխատողին չի կարող տրամադրվել ամենամյա արձակուրդ, կամ աշխատողը չի ցանկանում դրա տրամադրումը, ապա նրան վճարվում է դրամական հատուցում: Ամենամյա արձակուրդը չօգտագործելու համար դրամական հատուցումը վճարվում է աշխատանքային պայմանագիրը լուծարելիս: Տեղեկացնում ենք նաեւ, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատանքային իրավունքների պաշտպանությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված գործերի ենթակայությանը համապատասխան, իրականացնում է դատարանը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի եւ զբաղվածության վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսպիսով՝ պատկան կառույցը մանրակրկիտ եւ հստակ պարզաբանմամբ ներկայացրել է խնդրի լուծման օրենքով սահմանված կարգը: Այսքանից հետո մեզ մնում է գործատուներին հորդորել՝ օրենքի տառը պահպանելով աշխատել, իսկ կամայականությունների զոհ դարձած քաղաքացիներին էլ առաջարկել՝ հետեւողական լինել իրենց իրավունքների պաշտպանության հարցում:

 

 

ՀԱՐՑ. Բնակվում եմ Արաբկիրի 25-րդ փողոցում: Հողազավթումը, ցավոք, հասավ նաեւ մեր փողոց, ինչից հետո մեր փողոցի լայնությունը նվազեց մինչեւ 5 մետր: Ուզում եմ իմանալ, Երեւան քաղաքում կա՞ որեւէ սահմանված նորմ, որտեղ նշված լինի, թե նվազագույնը որքան պետք է լինի փողոցի, մայթի լայնությունը:

Ալեքսանդր Փիրոսյան (57 տարեկան, տնտեսագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հարգելի Ալեքսանդր Փիրոսյան՝ ի պատասխան Երեւանի քաղաքապետարանին ուղղված Ձեր հարցման՝ աշխատակազմի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչությունից տեղեկացնում են, որ համաձայն ՀՀ գործող քաղաքաշինութան, քաղաքային եւ գյուղական բնակավայրերի հատակագծում ու կառուցապատման շինարարական 2.07.01.89 նորմի 6.18 կետով տրված աղյուսակի ներածություն կետ 7-ի նվազագույն մայթի չափը թույլատրվում է ընդունել 1 մետր:
Ինչ վերաբերում է փողոցների լայնությանը, ապա երթեւեկելի մասի մեկ գոտու լայնությունը պետք է լինի 3 մետր:

Երեւանի քաղաքապետարան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Քաղաքային իշխանությունները մշտապես ցույց են տալիս, թե խիստ շահագրգռված են բոլոր ոլորտներում կարգուկանոնի ու օրինականության հաստատմամբ, սակայն ճչացող ապօրինությունները, չգիտես ինչու, հաճախ վրիպում են նրանց աչքից:

 

 




Լրահոս