ՊԵՏԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱՇՏԱՐԱՐԻ ԴԵՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ եւ «Երեւանի ջրամատակարարման ուղեմաս» ԲԲԸ միջեւ առաջացել է համագործակցային անհամաձայնություն:  Ստեղծված իրավիճակի համար «Երեւանի ջրամատակարարման ուղեմաս» ԲԲԸ աշխատակազմը «մեղադրում» է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Հարությունյանին:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն «Երեւանի ջրամատակարարման ուղեմաս» ԲԲԸ-ի պատվիրատուն է, վերջինս պարտավոր է իրականացնել խմելու եւ տեխնիկական  ջրի փոխանցման եւ ջրահեռացման ծառայություններ:  «Հարավկովկասյան  երկաթուղի» ՓԲԸ-ն  էլ պարտավորվում է դրա դիմաց, նախքան աշխատանքների սկսելը, կատարել վճարում` նախահաշվային գումարի 50 տոկոսի, այնուհետեւ պայմանագրով նախատեսված ժամկետում ամբողջ գումարի չափով: 2011թ-ի այս նույն ժամանակահատվածում ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության միջնորդությամբ երկու  ընկերությունների միջեւ հաշտության  եւ  փոխգործակցության  պայմանագրեր են կնքվել: Դրանք  ուժի մեջ են մինչեւ սույն թվականի հունիս-հուլիս ամիսները: Սակայն ընկերությունների միջեւ այժմ կրկին  անհամաձայնություն է առաջացել:
«Ձեր տեղեկությունները հիմնավոր են: Սա առաջին բախումը չէ «Հարավկովկասյան  երկաթուղի» ՓԲԸ-ի հետ: Նախորդ տարի ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության միջնորդությամբ ենք նոր պայմանագրեր ձեռք բերել: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր ինժեներ Սերգեյ Հարությունյանը արհեստական խոչընդոտներ է ստեղծում:  Նա  կարծում է, որ  իրենց ընկերությունը մեր  ծառայությունների կարիքը չունի»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց «Երեւանի ջրամատակարարման ուղեմաս» ԲԲԸ-ի տնօրեն Տիգրան Գալլօղլյանը: Նրա ներկայացմամբ` «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ  գլխավոր ինժեները  տեղեկացրել է, որ ՀԿԵ-ն պատրաստվում է ներդրումներ կատարել  ու  նոր սեփական  ցանց ստեղծել. «Չնայած դրան` մեր ընկերության կողմից 2012թ. մարտ ամսվա ընթացքում մատուցվել են պայմանագրով սահմանված բոլոր ծառայությունները, ինչի համար  մինչ օրս սահմանված գումարները չենք ստացել:   Արդյունքում` մեր ընկերությունը չի կատարել սոցիալական եւ հարկային վճարումները, ի վիճակի չէ վճարել աշխատավարձերը, պարտք է ջրամատակարարման եւ էլեկտրամատակարարման ընկերություններին: Եւ չնայած այս ամենին` ընկերությունը չի դադարեցնում պայմանագրով նախատեսված ծառայությունները»:  
Նույն հիմնարկության աշխատակիցների հետ հանդիպումը շատ մանրամասներ բացահայտեց: Նրանց տեղեկացմամբ` «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ  գլխավոր ինժեներ Սերգեյ Հարությունյանն արդեն որերորդ անգամ անձնական նկատառումներով փորձում է խզել պայմանագրային համագործակցությունը, ինչի հետեւանքով սոցիալական այս դժվարին պայմաններում ընկերության շուրջ 47 աշխատողներ կհամալրեն գործազուրկների շարքերը:
«Գլխավոր ինժեները  պարտադրում է մեզ պարել իր դուդուկի տակ, քանի որ փող տվողն ինքն է: Մենք մեր հերթին հայտարարում ենք, որ մենք չենք պատրաստվում  պարել այդ պիոների շեփորի ճղճղան նվագի տակ,-մեզ հետ զրույցում իր վրդովմունքը հայտնեց «Երեւանի ջրամատակարարման ուղեմաս» ԲԲԸ-ի  փոխտնօրեն Վիկտոր  Շահինյանը, որն ընկերության երկարամյա աշխատակիցն է:-Այս տեսա՞կ էլ լիազորությունների չարաշահում կլինի»:
Արդյոք տեղեկացված է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ նորանշանակ ղեկավարն ընկերության գլխավոր ինժեների գործունեությունից, արդյոք նոր ջրահամակարգ կառուցելն ընդգրկված է ընկերության ռազմավարական ծրագրերում:  Այս հարցերի վերաբերյալ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից խոստացան  պարզաբանումներ տալ առաջիկայում: Ակնկալվող պատասխանը կհրապարակենք մեր առաջիկա համարներից մեկում:
Ըստ «Ժողովուրդ»-ի հավաստի տեղեկությունների` «Երեւանի ջրամատակարարման ուղեմաս» ԲԲԸ-ի տնօրինությունը գրավոր նամակով դիմել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը` ակնկալելով վերջինիս միջնորդությունն ընկերությունների միջեւ ծառացած անհամաձայնությունները հարթեցնելու նպատակով: Վարչության լրատվության բաժնի պետ Գայանե Սարգսյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ պատրաստվել է նամակ, որով  վարչությունը խնդրել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին խնդրին լուծում տալ: Թե որքանով կհարգվի ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության միջնորդությունը, ցույց կտա ժամանակը:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս