Սեպտեմբերի 15-ից 68-ամյա Սիլվա Գալստյանը որոնվում էր որպես անհետ կորած: Սեպտեմբերի 20-ին Գառնի-Բանավան տանող ավտոճանապարհի վրա գտնվող կամրջին հարակից տարածքում հայտնաբերվել է կնոջ այրված դի: Ավելի ուշ պարզվել է, որ սպանվածը հենց որոնվող Սիլվա Գալստյանն է, ով գործարար էր:
Ինչպես Armlur.am-ը տեղեկացավ ոստիկանությունից, Սիլվա Գալստյանի թոռը` 1991 թ. ծնված Ալբերտ Մոմջյանը Երևան քաղաքի Ե. Կողբացու իրենց բնակարանում ձեռքերով հարվածներ է հասցրել Ս. Գալստյանին և զրկել կյանքից: Ապա հափշտակել է վերջինիս պատկանող մոտ 8.000.000 դրամի ոսկյա և ադամանդյա զարդերը և հանցագործությունների հետքերը թաքցնելու նպատակով սեպտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը Ս. Գալստյանի դին վերջինիս պատկանող «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել Կոտայքի մարզի Գառնի գյուղից Արտաշատի տարածաշրջան տանող ավտոճանապարհի հարակից տարածք և այրել:
Սեպտեմբերի 20-ին Սիլվա Գալստյանի դին հայտնաբերվել է նշված վայրում` մասնատված, այրված և կենդանիների կողմից հոշոտված վիճակում: Նշանակվել են փորձաքննություններ: Ալբերտ Մոմջյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի և 175 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Ա. Մոմջյանը ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:
Արդեն տեղեկացրել էինք, որ Սիլվա Գալստյանը Երևանում հայտնի «Օժիտ» խանութների ցանցի, «Գուտապի» ավտոպահեստամասերի և ապակետարաների գործարանի և ևս մի քանի հանրաճանաչ առևտրային ընկերությունների տնօրենն էր:
Տարածված լուրերի համաձայն` սպանվածի և թոռան հարաբերությունները լավ են եղել. Ս. Գալստյանը մշտապես իր որդու տղային ապահովել է ամեն ինչով, կատարել է նրա բոլոր ցանկությունները: Սակայն երես տված երեխայի համար տատի արածը քիչ էր: Արդյունքում՝ դաժանաբար սպանվեց գործարար տատը, ում անհետացման մասին ոստիկանությունում հաղորդում էր տվել որդին, ով մեղադրյալ թոռան հայրն է:
Ինչպես Armlur.am-ին հայտնեցին սպանվածի հարևանները, սպանության վայր հանդիսացող բնակարան Ս. Գալստայնն ու նրա հարազատները հաճախ էին գնում, սակայն մշտական հաստատություն չէին հաստատել: Բնակիչները մեզ հայտնեցին, որ նա մշտապես օգնում էր իրենց, և ցանկացած խնդրանք, որով իրենք դիմել են, երբեք անպատասխան չի մնացել: Թոռը ևս այնտեղ լինում էր, և նրա վարքագծում որևէ տարօրինակ դրսևորումներ չէին նկատել:
Նշենք, որ Սիլվա Գալստյանի կողպած բնակարանի դուռը կապարակնքված էր, ինչը հարևանների մոտ զարմանք էր առաջացրել, և նրանք չէին կարողանում բացատրել պատճառը:
Թե ինչու պետք է սպանված կնոջ բնակարանը կալանքի տակ առնվեր կամ աճուրդի հանվեր, առայժմ պարզել չհաջողվեց, սակայն փաստն այն է, որ բնակարանի տերն այլևս չկա: