Փարիզում աճուրդով վաճառվել է Նապոլեոնի և նրա կնոջ՝ Ժոզեֆինայի միջև 1796թ. կնքված ամուսնական պայմանագիրը: Պատմական փաստաթղթի սկզբնական գինը եղել է 100 հազար եվրո, սակայն այն, ի վերջո, գնել են 438 հազար եվրոյով. հայտնել է Le Parisien-ը:
Ամուսնական պայմանագրի սեփականատեր է դարձել Նամակների և մատենագրերի թանգարանը: Նրա ներկայացուցիչների կողմից գնված ամուսնական պայմանագրի օրինակը պատկանել է Ժոզեֆինային: Պայմանագրի գլխավոր կետերից մեկում նշվում էր, որ ամուսինները «երբեք չեն ունենալու համատեղ սեփականություն», և որ նրանք ոչ մի դեպքում չեն վճարելու միմյանց պարտքերը:
Նամակների և մատենագրերի թանգարանի արխիվում են գտնվում նաև դավաճանության մեղադրանքով Բոնապարտի ձերբակալման և 11 օր անց նրան ազատ արձակելու հետ կապված փաստաթղթերը: Առաջինը ստորագրվել է 1794-ի օգոստոսի 9-ին, իսկ երկրորդը՝ օգոստոսի 20-ին: Այդ փաստաթղթերի ընդհանուր արժեքը կազմում է 119 հազար եվրո:
Նապոլեոն Բոնապարտի և Ժոզեֆինայի պսակադրության արարողությունը տեղի է ունեցել 1796թ. մարտի 9-ին, իսկ ամուսնական պայմանագիրը ստորագրվել է մարտի 18-ին: