Նախկին դատապարտյալն ուզում է բանակ գնալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը Աբովյան քրեակատարողական հիմնարկից ազատված 20 ամյա Էլման Խալաֆյանի խնդրանքով ընդունել է նրան: Նա նախարարին պատմել է, որ փաստաթղթային որոշակի խնդիրներ ունի, որոնք խանգարում են աշխատանքի ընդունվել՝ խնդրելով այդ հարցում օգնել իրեն,: Նախարարը քայլեր է ձեռնարկել այդ ուղղությամբ: Դեռևս հունիսի մեկին ՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Հովհաննես Մանուկյանն Աբովյան ՔԿՀ-ում զրուցել էր դպրոցը նոր ավարտած դատապարտյալի հետ: Շրջանավարտը նախարարին պատմել էր, որ հիմնարկից դուրս գալուց հետո ցանկանում է ուսումը շարունակել որևէ բուհում: Նախարարն էլ հորդորել էր անպայման դիմել իրեն, եթե քրեակատարողական հիմնարկից դուրս գալուց հետո խնդիրներ ունենա:

Էլմանը բնակվում է Ստեփանակերտում ընտանիքի հետ: Ընտանիքի միակ կերակրողը հայրն է, տանը նաև անչափահաս երեխաներ կան: Էլմանը նախարարին ասել է, որ սպասում է օր առաջ անձնագիր ստանալուն, որպեսզի աշխատանքի ընդունվի: Նախարարը հետաքրքրվել է տղայի ընտանիքի սոցիալական վիճակով: Զրուցելով ապագայի պլաններից՝ Էլմանը նշել է, որ շուտով բանակ է գնալու: Նա նաև ասել է, որ վարորդական իրավունք է ուզում ստանալ և պետք է մասնակցի մեքենա վարելու դասընթացներին:

Ներկայացնելով քրեակատարողական հիմնարկում իր սովորած արհեստները՝ Էլմանը հպարտացել է, որ ձեռքից ամեն ինչ գալիս է և պատրաստ է մինչև զինվորագրվելը կատարել ցանկացած աշխատանք: Նա նաև հավաստիացրել է, որ, չնայած բաց է թողել բուհ ընդունվելու ժամկետները, բանակից հետո անպայման մտադիր է տնտեսագետ դառնալ: Նախարարը Էլմանին հորդորել է այլևս երբեք չշեղվել ճիշտ ճանապարհից: Նա տղային հանդիպման վերջում գրիչ է նվիրել՝ հույս հայտնելով, որ այսուհետ այն կլինի Էլմանի և՛ հզոր և՛ պիտանի զենքը:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասրակայնության հետ կապերի բաժին




Լրահոս