Երգիչ ՄՀԵՐԻՆ չտեսանք եւ ոչ մի կուսակցության կազմակերպած համերգին, նա չկար նաեւ Ազգային երաժշտական մրցանակաբաշխությանը: Ո՞րն է պատճառը: Այս եւ մի քանի այլ հարցերի պատասխանները ստացանք անձամբ Մհերից:
-Նախ ասեմ, որ ես այդ նախընտրական համերգներին մասնակցելու հրավեր չեմ ստացել, բայց եթե հրավիրեին, կմասնակցեի, չէի հրաժարվի, որովհետեւ դա իմ աշխատանքն է:
-Մի քանի երգիչներ կտրականապես մերժել են նմանատիպ առաջարկները` պատճառաբանելով, որ չեն ուզում խառնվել քաղաքական հարցերին:
-Բայց դա քաղաքականության մեջ խառնվել չէ: Երգիչը երգում է ու գնում, հո կոչեր չի՞ անում, թե քվեարկե՛ք այս կուսակցության օգտին: Քաղաքականության մեջ մտնելը Շուշան Պետրոսյանի օրինակն է, երբ նա պաշտոնապես հայտարարեց, որ ուզում է լինել պատգամավոր: Քաղաքականություն մտնելը շատ դժվար ու ինձնից էլ հեռու պրոցես է: Բայց եթե հրավիրում են, ինչի՞ չերգեմ, ես դա կանեմ հանուն գործի: Եթե գումար վաստակելու այլ միջոցներ ունենայի, ընդհանրապես չէի երգի կամ կերգեի իմ հաճույքի համար:
-Ձեզ համար տարբերություն չկա՞, թե որտեղ կերգեք` բեմ, ռեստորան, քարոզարշավ:
-Իհարկե ո՛չ: Ես կարող եմ երգել ամեն առիթի ու վայրում, դա իմ աշխատանքն է: Ես հաճույքով եմ զբաղվում իմ գործով, ստիպված չեմ անում: Եւ հետո էլ երգում եմ, որ գումար վաստակեմ, տեսահոլովակ նկարեմ, երգեր ձայնագրեմ, առնեմ: Ի դեպ, այսօր էլ կկայանա իմ նոր` «Վերջին զանգ» տեսահոլովակի պրեմիերան:
-Իսկ Ազգային երաժշտական մրցանակաբաշխությանն ինչո՞ւ չկայիք, դա էլ հո Ձե՞ր ոլորտն է:
-Ինձ հրավիրել էին, բայց ես այնքան խառն էի նոր տեսահոլովակիս նկարահանումներով, որ ժամանակ չգտա, հետո էլ մոռացել էի, որ մրցանակաբաշխություն կա: Անցած տարի ես ու Սոնան գնացել էինք, քանի որ երգում էինք: Կազմակերպիչն էլ Հրաչ Քեշիշյանն էր, շատ սիրուն էր արել ամեն ինչ: Համեմատած այս տարվա հետ` սա կատաստրոֆա էր: Մի քանի հատված նայեցի հեռուստացույցով ու զարմացա: Ես սիրում եմ ճիշտն ասել, եթե դուրս չի եկել, այդպես էլ ասում եմ, չեմ վախենում, որ օդերս կփակեն: Ինչի՞ պետք է ինձ վատ զգամ, ճիշտն ասելո՞ւց: Ինձ նույնիսկ հարցրել են` չե՞ս նեղացել, որ քեզ մրցանակ չեն տվել: Ասել եմ՝ ես 30 տարեկան հասուն մարդ եմ, ի՞նչ կա նեղանալու, հո ես երեխա՞ չեմ, որ ինձ կոնֆետ չտան, նեղանամ:
-Ձեր գործընկերներից մի քանիսը վիրավորվել էին, որ իրենք ոչ մի անվանակարգում չկան, դրա համար էլ չէին եկել:
-Ինչքան գիտեմ, ինձ նույնիսկ նոմինացրել էին, բայց ինձ համար դա այնքան անհետաքրքիր միջոցառում է, որ ես չէի թողնի իմ տեսահոլովակի նկարահանումները ու գնայի: Ես ինձ համարում եմ մրցութային երգիչ, բայց այդ մրցանակաբաշխություններն ինձ հետ կապ չունեն:
-Ինչպե՞ս թե կապ չունեն, չէ՞ որ դա էլ գնահատական է, որ ստանում է արտիստը:
-Այսքան տարի աշխատում եմ, ու մրցանակաբաշխությունը չի գնահատում, ո՞նց եք կարծում, այս տարի պետք է գնահատեի՞ն:
-Հայաստանից ոչ մի մրցանակ չունե՞ք:
-Ոչ մի հատ, չեմ էլ ձգտել ստանալ ու չեմ էլ տխրում, որ չեմ ստացել: Այս մրցանակաբաշխությունն այն չէ, որ որոշի քո գործունեության հաջողությունն ու հանդիսատեսի սերը: Ինձ համար կարեւոր է, որ իմ ժողովուրդն իմ համերգին գա, ո՞ւմ է պետք էդ մրցանակը, որ ստանամ, բայց դահլիճ չկարողանամ լցնել, ա՛յ դա խայտառակություն կլինի: Ինձ համար ավելի կարեւոր է այն, որ Պուգաչովան ինձ ծափահարում, գնահատում է, քան 15-հոգանոց ժյուրիի որոշումը: Ես նույնիսկ չգիտեմ` էդ ժյուրին ով ա, ոնց են որոշում:
-Իմացա՞ք գոնե` ովքեր են տարվա երգիչն ու երգչուհին:
-Երկուսի համար էլ ուրախ եմ, հատկապես Սոնայի, ինքը շատ արժանի է: Էդ աղջկան դեռ անցած տարի պետք է գոնե հատուկ մրցանակ տային, որ հաղթեց «Նոր ալիք» մրցույթում: Անցավ 2 տարի, նոր տվեցին: Մեզ մոտ մրցանակներն ուշ միացում են, բոլորինն ուշացումով է: Երբ Սոֆի Մխեյանը նախանցած տարի լիքը աշխատանք էր արել, իրեն չտվեցին, տվեցին ուրիշ աղջկա: Սոնային անցած տարի պետք է տային, տվեցին էս տարի: Ի՞նչ ասեմ: Եթե միջոցառումն անլուրջ է լինում, ուշադրություն չեմ դարձնում: Հիշո՞ւմ եք որեւէ երգչի, որ էդ մրցանակն իրեն ինչ-որ բան է բերել:
-Իսկ ճի՞շտ է, որ հարսանիքներին երգելիս նույնիսկ զեղչեր եք անում:
-Էդ ի՞նչ լավ ինֆորմացիա ունեք:
-Այդ մասին ինձ ասել են մարդիկ, որոնք հրավիրել էին Ձեզ` իրենց հարսանիքին երգելու: Ասացին` լավ էլ տղա էր, ընդառաջեց, մի երգ էլ նվեր երգեց:
-Դա իրոք այդպես է, ես միշտ մտնում եմ պատվիրատուի դրության մեջ: Ա՛յ դա է կարեւոր, որ քո մասին ասեն` լավ մարդ է, լավ երգիչ է: Սա ավելի հաճելի է, քան ինձ մրցանակ կտան, թե չեն տա: Որ տանն այդ արձանիկը մնա, ու փոշի նստի, ո՞ւմ է պետք: Պետք է մնայուն արժեքներ անես, որ քեզ հիշեն:
ՄՈՌԱՑԵԼ ԷՐ, ՈՐ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ ԿԱ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ