ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Բնակարանս երկար տարիներ գազաֆիկացված է: Ժամանակին կատարել եմ վճարումները եւ յուրաքանչյուր ամիս 500 դրամ վճարել եմ սպասարկման համար: Բայց հիմա ինձ մեղադրում են, որ իմ հաշվիչը չի աշխատում. մի քանի անգամ հաշվիչներ բերեցին, փոխեցին, հաշվիչները տարան-բերին… եւ ինձ տուգանեցին 12.000 դրամով: Ես ի՞նչ կապ ունեմ չաշխատող հաշվիչի հետ, երբ իրենք տեղադրել են, իրենք «պլոմբել», եւ իրենք էլ հանել են այդ «պլոմբը»: Ինձ մեղադրում են չաշխատող հաշվիչի համար` ասելով, որ եթե մի շաբաթում չվճարեմ, գործը կմտնի դատարան: Էլ ինչի՞ համար եմ վճարել սպասարկման վարձ, եթե սպասարկողը, ամեն անգամ գրելով հաշվիչի տվյալները, չի զեկուցել իր վերադասին կամ ինձ չի զգուշացրել չաշխատող հաշվիչի համար, այլ միանգամից վերցրել ու ինձ տուգանել են:

Սմբատ Գալստյան, 46 տարեկան, գործազուրկ


ՊԱՏԱՍԽԱՆ. Կոտայքի մարզի Գառնի գյուղի բնակիչ Սմբատ Գալստյանի առեւտրային հաշվարկի սարքը 2012թ.  փետրվար ամսին չաշխատելու պատճառով փոխարինվել է եւ ուղարկվել ստուգաչափման: Ըստ չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացության` Ս. Գալստյանին մատակարարված բնական գազի քանակի առեւտրային հաշվառումը կատարող հաշվարկի սարքի չափման սխալանքի թույլատրելի տիրույթը գերազանցել է` հասնելով -91%-ի: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 08.07.2005թ. համար 95-Ն որոշմամբ հաստատված «Բնական գազի մատակարարման եւ օգտագործման կանոններ» (ԳՄՕԿ) 4.12 կետի համաձայն` կատարվել է բնական գազի քանակի վերահաշվարկ` 12.012 ՀՀ դրամի չափով:
«Հայռուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության Աբովյանի ԳԳՄ-ի կողմից Ս. Գալստյանը պատշաճ տեղեկացվել է, եւ նրան ներկայացվել են բոլոր փաստաթղթերի պատճենները: Սակայն վերջինս մասնաճյուղին չի դիմել եւ վերահաշվարկին չի առարկել: Ս. Գալստյանը ժամկետ է խնդրել գումարը վճարելու համար, Աբովյանի ԳԳՄ-ն իր հերթին ընդառաջել է բաժանորդի խնդրանքին:

«Հայռուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այդպես էլ չի հասկացվում, թե Գառնի գյուղի բնակիչ Սմբատ Գալստյանի մեղքը «Հայռուսգազարդ»-ի հետ ծագած խնդրում որն է: Թեեւ, եթե քաղաքացին, ըստ «Հայռուսգազարդ»-ի հավաստիացման, պարտավորվել է վճարել նշված 12.000 դրամը, ուրեմն ընդունել է նաեւ, որ անսարք հաշվիչի հետ կապված` ինքն էլ մեղքի իր բաժինն ունի:




Լրահոս