Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի պատվիրակությանը՝ Ֆիլիպ Կալտենբախի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին կառավարությունում՝ Հովիկ Աբրահամյանը կարևորել է հայ-ֆրանսիական հարաբերությունների հետագա զարգացումն ու խորացումը տարբեր բնագավառներում: «Մենք ողջունում ենք ձեր այցը Հայաստան, ինչը կնպաստի հայ-ֆրանսիական քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում բարձր մակարդակի փոխգործակցության ամրապնդմանն ու ընդլայնմանը: Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամական կապերն ունեն մեծ նշանակություն»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել Ֆիլիպ Կալտենբախին՝ հայանպաստ գործունեություն իրականացնելու, մասնավորապես տարբեր հարթակներում միջազգային հանրությանը Հայոց ցեղասպանության պատմությունը ներկայացնելու համար: Հովիկ Աբրահամյանն ընդգծել է Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտողականությունը քրեորեն պատժելու ուղղությամբ իրականացվող քայլերի կարևորությունը:
Կառավարության ղեկավարը շեշտել է նաև Ֆրանսիայի մեծ դերակատարությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ֆիլիպ Կալտենբախն շեշտել է երկու երկրների միջև ամուր կապերի առկայությունը և նշել, որ նման փոխայցելությունները նոր թափ են հաղորդում տնտեսական, մշակութային, հումանտիտար ոլորտներում հաստատված համագործակցությանը:
Ֆիլիպ Կալտենբախն անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին՝ ընդգծել է, որ նման ողբերգությունները միջազգայներոն չդատապարտելը հանգեցնում է դրանց կրկնության: Խոսելով ղարաբաղյան հակամարտության մասին՝ պարոն Կալտենբախը շեշտել է, որ Ֆրանսիան հետագայում ևս պատրաստ է ջանքեր գործադրել հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու համար:
Զրուցակիցները քննարկել են նաև հայ-ֆրանսիական տնտեսական, քաղաքական հարաբերություններին, տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներին վերաբերող հարցեր: Հովիկ Աբրահամյանը ֆրանսիացի խորհրդարանականներին է ներկայացրել նաև ՀՀ կառավարության ծրագրային առաջնահերթությունները՝ նշելով, որ Հայաստանում ներդրումների ներգրավման համար ստեղծված են բարենպաստ պայմաններ:
Հանդիպման ավարտին վարչապետ Աբրահամյանը Ֆրանսիայի Սենատի պատվիրակության անդամներին նվիրել է անվանական ժամացույցներ: