«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Ինչպեսեւ սպասվում էր, օգոստոսին տեղի ունեցած հերթական փլուզման հետեւանքով Վերին Լարսի փակումը բացասաբար է ազդել Հայաստանից բեռների տեղափոխման վրա: Արտահանումը նվազել է: Ընդ որում` ինչպես հուլիսի, այնպես էլ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ: Վիճակագրական ծառայության օպերատիվ տվյալների համաձայն, օգոստոսին գրեթե 19 տոկոսով ավելի քիչ ապրանք է արտահանվել Հայաստանից, քան հուլիսին: Նախորդ տարվա նույն ամսվա համեմատ արտահանումը պակասել է գրեթե 10 տոկոսով:
Սա հիմնականում պայմանավորված է Վերին Լարսի անցակետի գործունեության ժամանակավոր դադարեցմամբ: Ինչպես հայտնի է, փլուզման հետեւանքով օգոստոսի 20-ից անցակետի գործունեությունը կասեցվեց: Այդ վիճակը պահպանվեց մինչեւ ամսվա վերջ: Բայց, իհարկե, ենթակառուցվածքների առումով առաջացած բարդություններն արտահանման կրճատման միակ պատճառը չեն: Այն անմիջականորեն կապված է նաեւ տնտեսության ու աշխարհաքաղաքական գործընթացների հետ:
Տնտեսական ակտիվությունը Հայաստանում բարձր չէ: Տարեսկզբից չորս ամիս առաջ այն եղել է ընդամենը 4,1 տոկոս: Յոթ ամիսների համեմատ ակտիվության ցուցանիշը որեւէ փոփոխության չի ենթարկվել: Մի բան, ինչը նշանակում է, որ օգոստոսին տնտեսական գործընթացներն այնքան էլ բարվոք չեն եղել: Դա նկատելի է հատկապես արդյունաբերության ոլորտում, որտեղ օգոստոսին դարձյալ գրանցվել է անկում: Արտադրության ծավալները հուլիսի համեմատ կրճատվել են 8,8 տոկոսով: Արդյունաբերությունն աճ չի ունեցել նաեւ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Արձանագրվել է 2,8 տոկոսանոց անկում»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: