Իրանը Հայաստանին էժան գազ կմատակարարի՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին կայցելի Հայաստան: Այդ մասին հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեիսին, ով, սակայն, այցի կոնկրետ ժամանակը չի նշել: Դեսպանն ասել է, թե այցի համար հատուկ ծրագիր է պետք, ապա հավելել՝ այդպիսի այցերը սովորաբար երկկողմանի են լինում:

Մինչ այդ Հայաստանի անկախության տոնի առթիվ Սերժ Սարգսյանին հղած
շնորհավորանքի մեջ Ռոհանին կոչ է արել ընդլայնել երկու երկրների համագործակցության շրջանակը: Վերջինս դեռևս իր՝ նախագահ ընտրվելուց հետո Սերժ Սարգսյանի շնորհավորանքին հղած պատասխանում էր խոսել երկու երկրների միջև պայմանավորվածություններն առաջ տանելու անհրաժեշտության մասին:

Հետագայում Հայաստանում Իրանի դեսպանը մի քանի անգամ ուշագրավ ակնարկներ է արել Հայաստանին՝ խոսելով երկու երկրների միջև կապի խորացման, Հայաստանին էժան գազ վաճառելու պատրաստակամության, Հայաստան-Իրան երկաթուղու շինարարության և այլնի մասին:

Իրանագետ Գոհար Իսկանդարյանն Armlur.am-ի հետ զրույցում ասաց, որ Իրանի նմանատիպ ակնարկների ենթաշերտերը հետագայում կերևան:

«Իրանը մյուս հարևան երկրներին որևէ առաջարկ չի արել էժան գազ մատակակարելու վերաբերյալ: Հնարավոր է՝ Իրանի այս առաջարկը խորը ենթատեքստեր պարունակի: Անվճար պանիրը միայն թակարդում է լինում, և հենց այնպես նման առաջարկ չէր անի Իրանի նախագահը»,- նշեց իրանագետը:

Վերջինս հավելեց նաև, որ այս ամենն այս պահի դրությամբ միայն մեսիջների մակարդակում է. սրա մասին խոսելը, կոնկրետ դատաղություններ անելը ճիշտ կլինի  այն դեպքում, երբ խոսակցությունները տեղափոխվեն բանակցությունների մակարդակ:




Լրահոս